2 Սամուել 6։1-23

6  Եւ Դաւիթը դարձեալ ժողովեց Իսրայէլի բոլոր ընտիրները՝ երեսուն հազար հոգի։  Եւ վեր կացաւ գնաց Դաւիթը եւ իր հետ եղող բոլոր ժողովուրդը Յուդայի Բաաղիցը, որ այնտեղից Աստուծոյ տապանակը վեր բերէ, որի վրայ կոչուած է քերովբէից վերայ նստող Զօրաց Տիրոջ անունը։  Եւ դրին Աստուծոյ տապանակը մէկ նոր սայլի վերայ, եւ նորան վեր առան Աբինադաբի տանիցը, որ այն բլրի վերայ էր. եւ Աբինադաբի որդիքը՝ Ոզան ու Աքիովը քշում էին այն նոր սայլը։  Եւ վեր առան նորան Աստուծոյ տապանակի հետ Աբինադաբի տանիցը, որ բլրի վերայ էր. եւ Աքիովը գնում էր տապանակի առաջից։  Եւ Դաւիթը եւ Իսրայէլի բոլոր տունը խաղում էին Տիրոջ առաջին ամեն տեսակ մայր փայտերով, քնարներով, տաւիղներով, թմբուկներով, դափերով եւ ծնծղաներով։  Եւ երբոր եկան Նաքոնի կալը, Ոզան ձեռքը մեկնեց Աստուծոյ տապանակին եւ բռնեց նորան. որովհետեւ եզները ծռել էին նորան։  Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Ոզայի դէմ, եւ Աստուած զարկեց նորան այնտեղ այս յանցանքի համար. եւ նա մեռաւ նոյն տեղը Աստուծոյ տապանակի մօտ։  Եւ Դաւիթը տրտմեց, որ Տէրը հարուածով հարուածեց Ոզային, եւ այնտեղի անունը մինչեւ այս օրը Փարէզ–ոզա* է ասվում։  Եւ Դաւիթը վախեցավ այն օրը Տէրիցը, եւ ասեց. Տիրոջ տապանակը ի՞նչպէս մտնէ ինձ մօտ։ 10  Եւ Դաւիթը չ’ուզեց Տիրոջ տապանակը տանել իր մօտ Դաւիթ քաղաքը. եւ Դաւիթը չ’ուզեց Տիրոջ տապանակը տանել իր մօտ Դաւիթի քաղաքը. եւ Դաւիթը ծռեց նորան տարաւ Գէթացի Աբդեդօմի տունը։ 11  Եւ Տիրոջ տապանակը մնաց երեք ամիս Գէթացի Աբդեդօմի տանը, եւ Տէրը օրհնեց Աբդեդօմին եւ նրա բոլոր տունը։ 12  Եւ Դաւիթը թագաւորին պատմեցին ասելով՝ Տէրը օրհնեց Աբդեդօմի տունը եւ նորա ամեն ունեցածը Աստուծոյ տապանակի համար։ Եւ Դաւիթը գնաց եւ վեր առաւ Աստուծոյ տապանակը Աբեդօմի տանիցն ուրախութեամբ Դաւիթի քաղաքը։ 13  Եւ երբոր Տիրոջ տապանակը վեր առնողները վեց քայլ առաջ գնացին, նա արջառ ու պարարտ զուարակ զոհեց։ 14  Եւ Դաւիթը Տիրոջ առաջին եւ Իսրայէլի առաջին պարում էր բոլոր ուժովը. եւ Դաւիթը քթանի եփուտ էր հագել։ 15  Եւ Դաւիթը եւ Իսրայէլի բոլոր տունը տանում էին Տիրոջ տապանակը ուրախութեամբ եւ փողերի ձայներով։ 16  Եւ երբոր Տիրոջ տապանակը եկաւ Դաւիթի քաղաքը, Սաւուղի աղջիկը՝ Մեղքողը պատուհանիցը նայելով՝ տեսաւ որ Դաւիթ թագաւորը Տիրոջ առաջին կաքաւում եւ պարում էր, եւ նորան անարգեց իր սրտումն։ 17  Եւ Տիրոջ տապանակը բերին, եւ նրան իր տեղը դրին այն վրանի մէջ՝ որ Դաւիթը նորա համար կանգնեցրել էր. եւ Դաւիթը Տիրոջ առաջին ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր մատուցրեց։ 18  Եւ Դաւիթը երբոր ողջակէզներն եւ խաղաղութեան զոհերը մատուցանելը վերջացրեց, օրհնեց ժողովրդին զօրաց Տիրոջ անունովը։ 19  Եւ Իսրայէլի բոլոր բազմութիւնը՝ մարդից մինչեւ կինը, բոլոր ժողովրդին ամէն մէկին՝ մէկ նկանակ, մի կտոր միս եւ մի կարկանդակ բաշխեց. եւ բոլոր ժողովուրդն ամեն մէկն իր տունը գնաց։ 20  Եւ Դաւիթը* ետ դառաւ իր տունը օրհնելու համար. Եւ Սաւուղի աղջիկը՝ Մեղքողը դուրս եկաւ Դաւիթին դիմաւորելու, եւ ասեց. Իսրայէլի թագաւորը ի՜նչ փառաւոր էր, որ այսօր իր ծառաների աղախինների առաջին ինքզինքը մերկացրեց, ինչպէս որ դարտակ մարդկանցից մէկն իրան մերկացնում է։ 21  Եւ Դաւիթը Մեղքողին ասեց. Այն Տիրոջ առաջին, որ ինձ քո հօրից եւ նորա բոլոր տանիցն աւելի ընտրեց, եւ ինձ Տիրոջ ժողովրդի Իսրայէլի վերայ իշխան դրաւ, այո, ես այն Տիրոջ առաջին խաղացի։ 22  Եւ դեռ սորանից աւելի ինձ անարգ երեւեցնելով՝ իմ աչքերի առաջին նուաստ պիտի լինեմ. իսկ այն քո ասուած աղախինների առաջին պիտի փառաւորուեմ։ 23  Եւ Սաւուղի աղջիկ Մեղքողը մինչեւ իր մահուան օրը զաւակ չ’ծնեց։

Ծանոթագրություններ

6։8 Այսինքն՝ Ոզայի պատառուածք։
6։20 Սաղ. 30. վերնագիրը։