2 Տարեգրություն 1։1-17

1  Եւ Դաւիթի որդի Սողոմոնը զօրացաւ իր թագաւորութիւնումը. եւ իր Տէր Աստուածը իր հետն էր, եւ նորան մեծացրեց բարձրացնելով։  Եւ Սողոմոնը խօսեց բոլոր Իսրայէլի հետ՝ հազարապետների, հարիւրապետների, դատաւորների եւ բոլոր Իսրայէլի ամեն տոհմապետների հետ.  Եւ Սողոմոնը եւ բոլոր ժողովքը նորա հետ գնացին Գաբաւոնի բարձրաւանդակը. որովհետեւ Աստուծոյ ժողովքի խորանը, որ Տիրոջ ծառան Մովսեսը էր շինել անապատումը, այնտեղ էր։  Միայն թէ Դաւիթը վեր էր տարել Աստուծոյ տապանակը Կարիաթարիմից նորա համար պատրաստած տեղը. որովհետեւ նորա համար Երուսաղեմումը մի վրան էր կանգնեցրել։  Եւ այն պղնձի սեղանը, որ շինել էր Ովրեան Ուրիի որդի Բեսելիէլը, այնտեղ էր Տիրոջ խորանի առաջը. եւ նորան այցելեցին Սողոմոնը եւ ժողովքը։  Եւ Սողոմոնը վեր ելաւ այնտեղ պղնձի սեղանի վերայ Տիրոջ առաջը, որ ժողովքի խորանումն էր, եւ նորա վերայ հազար ողջակեզ մատուցրեց։  Այն գիշերը Աստուած երեւեցաւ Սողոմոնին եւ նորան ասեց. Խնդրիր թէ քեզ ինչ տամ։  Եւ Սողոմոնն ասեց Աստուծուն. Դու մեծ ողորմութիւն արիր իմ հայր Դաւիթին, եւ ինձ թագաւոր արիր նորա տեղը։  Արդ, ով Տէր Աստուած, թող հաստատ մնայ իմ հօր տուած խօսքդ, որովհետեւ դու ինձ թագաւոր արիր երկրիս հողին չափ մի ժողովրդի վերայ։ 10  Ուրեմն ինձ իմաստութիւն եւ գիտութիւն տուր, որ այս ժողովրդի առաջը դուրս գամ եւ մտնեմ. որովհետեւ ո՞վ պիտի դատէ քո այս մեծ ժողովուրդը, 11  Եւ Աստուած ասեց Սողոմոնին. Որովհետեւ սա եղաւ քո սրտումը, եւ չխնդրեցիր հարստութիւն, ստացվացք եւ փառք, եւ քո թշնամիների կեանքը, նաև երկար օրեր չ’խնդրեցիր, այլ քեզ համար խնդրեցիր իմաստութիւն եւ գիտութիւն, որ դատես իմ ժողովուրդը, որի վերայ ես քեզ թագաւոր արի, 12  Քեզ իմաստութիւն եւ գիտութիւն է տրվում, բայց հարստութիւն եւ ստացուածք եւ փառք էլ պիտի տամ քեզ, այնպէս որ քեզանից յետոյ էլ նմանը չի լինի։ 13  Եւ Սողոմոնը գնաց Գաբաւոնի բարձրաւանդակիցը՝ ժողովքի խորանի առաջից Երուսաղեմ, եւ թագաւորեց Իսրայէլի վերայ։ 14  Եւ Սողոմոնը կառքեր եւ ձիաւորներ ժողովեց. եւ նա հազար չորս հարիւր կառք եւ տասնեւերկու հազար ձիաւորներ ունէր, եւ նորանց դրաւ կառքի քաղաքներումը եւ թագաւորի մօտ Երուսաղէմումը։ 15  Եւ թագաւորը արծաթն ու ոսկին Երուսաղէմումը քարերի պէս արաւ, եւ եղեւնափայտերը դաշտի միջի մոլաթզենիների չափ արաւ շատութեամբ։ 16  Եւ Սողոմոնի ձիերը բերում էին Եգիպտոսից. եւ թագաւորի վաճառականների կարաւանը երամակով բերում էին ծախու առած։ 17  Եւ Եգիպտոսից վեր էին բերում եւ դուրս հանում մէկ կառքը վեց հարիւր արծաթով, իսկ ձին՝ հարիւր եւ յիսուն արծաթով. եւ Քետացիների բոլոր թագաւորների համար, եւ Ասորիների բոլոր թագաւորների համար. այսպէս նորանց ձեռովն էին դուրս բերում։

Ծանոթագրություններ