2 Տարեգրություն 13։1-22

13  Յերոբովամ թագաւորի տասնեւութերորդ տարին թագաւոր եղաւ Աբիան Յուդայի վերայ։  Երեք տարի թագաւորեց Երուսաղէմում, եւ նորա մօր անունն էր Միքայիա՝ Գաբաացի Ուրիէլի դուստր։ Եւ պատերազմ կար Աբիայի եւ Յերոբովամի մէջ։  Եւ Աբիան պատերազմ կազմեց զօրաւոր եւ պատերազմող մարդիկներով՝ չորս հարիւր հազար ընտիր մարդով. եւ Յերոբովամը պատերազմ սարքեց նորա հետ ութը հարիւր հազար ընտիր քաջազուն մարդիկներով։  Եւ Աբիան կանգնեց Սեմարիմ սարի վերայ, որ Եփրեմի լեռնակողմին էր, եւ ասեց. Ինձ լսեցեք, ով Յերոբովամ եւ բոլոր Իսրայէլ։  Մի՞թե ձեզ յայտնի չէ որ Իսրայէլի վերայ թագաւորելը տուել է Դաւիթին յաւիտեան՝ նորան եւ նորա որդկանցը աղի ուխտով։  Եւ Դաւիթի որդի Սողոմոնի ծառան Նաբատեան Յերոբովամը կանգնեց եւ ապստամբուեց իր տիրոջ դէմ։  Եւ նորա մօտ ժողովուեցան դատարկ եւ անօրեն մարդիկ եւ ընդդիմացան Սողոմոնեան Ռոբովամի դէմ, բայց Ռոբովամը երեխայ եւ փափկասիրտ էր, եւ նորանց դէմ չ’կանգնեց։  Եւ հիմա դուք կարծու՞մ էք թէ դէմ կ’կենաք Տիրոջ թագաւորութեան առաջին, որ Դաւիթի ձեռին էր. որովհետեւ դուք մեծ բազմութիւն էք եւ ձեզ հետ են ոսկի որթերը, որ Յերոբովամը ձեզ համար աստուածներ է շինել։  Մի՞թե դուք դուրս չ’արիք Տիրոջ քահանաներին՝ Ահարօնի որդկանցը եւ Ղեւտացիներին եւ ձեզ համար քահանաներ շինեցիք ուրիշ երկիրների ժողովուրդների պէս։ Ձեռքը լցուելու համար ամեն մէկը որ գալիս էր մէկ զուարակով եւ եօթը խոյերով՝ քահանայ էր լինում չաստուածների համար։ 10  Բայց մեր Աստուածը Եհովան է, եւ մենք նորան չ’թողեցինք. եւ Տիրոջը ծառայող քահանաներն Ահարօնի որդիքն են, եւ Ղեւտացիները՝ իրանց գործումը։ 11  Եւ Տիրոջ ողջեկէզներ են զոհում ամեն առաւօտ եւ ամեն իրիկուն, եւ անուշահոտ խունկ են ծխում, եւ մաքուր սեղանի վերայ շարում առաջաւորութեան հացը, եւ պատրաստում ոսկի աշտանակը եւ նորա ճրագները ամեն իրիկուն վառելու համար. որովհետեւ մենք պահում մեր Տէր Աստուծոյ պահպանութիւնը, իսկ դուք նորան թողել էք։ 12  Եւ ահա Աստուած մեզ հետ է իբրեւ գլխաւոր. եւ նորա քահանաները եւ ազդարարութեան փողերը, որ ազդարարեն ձեզ դէմ. Իսրայէլի որդիք, մի պատերազմիք ձեր հայրերի Տէր Աստուծոյ հետ. որովհետեւ յաջողութիւն չէք գտնիլ։ 13  Բայց Յերոբովամը դարձրեց դարանակալներին, որ գան նորանց ետեւից. եւ իրանք լինին Յուդայականների առաջից, իսկ դարանակալները նորանց ետեւից։ 14  Եւ Յուդայեանք մտիկ տուին, եւ ահա պատերազմը առջեւից եւ ետեւից էր, եւ աղաղակեցին Տիրոջը, եւ քահանաները հնչեցրին փողերը։ 15  Եւ Յուդայի մարդիկը աղաղակեցին. եւ եղաւ որ Յուդայեանք աղաղակելիս, Աստուած հարուած տուաւ Յերոբովամին եւ բոլոր Իսրայէլին Աբիայի եւ Յուդայի առաջին։ 16  Եւ Իսրայէլի որդիքը փախան Յուդայի առաջից, եւ Աստուած նորանց մատնեց նորանց ձեռքը։ 17  Եւ Աբիան ու նորա ժողովուրդը մեծ կոտորած արին նորանց մէջ. եւ Իսրայէլից հինգ հարիւր հազար ընտիր մարդիկ ընկան կոտորուած։ 18  Այն ժամանակ նուաճուեցան Իսրայէլի որդիքը, եւ Յուդայի որդիքը զօրացան, որովհետեւ ապավինեցին իրանց հայրերի Տէր Աստուծոյ վերայ։ 19  Եւ Աբիան հալածեց Յերոբովամին եւ նորանց քաղաքները առաւ՝ Բեթէլը եւ նորա գիւղերը, Յեսանան եւ նորա գիւղերը, եւ Եփրոնն ու նորա գիւղերը։ 20  Եւ Յերոբովամն այլ եւս ոյժ չ’գտաւ Աբիայի օրերումը. եւ Տէրը նորան զարկեց, եւ նա մեռաւ։ 21  Եւ Աբիան ուժովացաւ, եւ իրան համար տասնեւչորս կին առաւ, եւ ծնեց քսանեւերկու տղա եւ տասնեւվեց աղջիկ։ 22  Եւ Աբիայի մնացորդ պատմութիւնը, եւ նորա ընթացքն ու խօսքերը գրուած են Ադդով մարգարէի յիշատակարանի մէջ։

Ծանոթագրություններ