2 Տարեգրություն 15։1-19

15  Եւ Աստուծոյ հոգին եկաւ Ովդեդի որդի Ազարիայի վերայ.  Եւ նա դուրս գնաց Ասայի առաջը եւ նորան ասեց. Լսեցէք ինձ, ով Ասա եւ բոլոր Յուդա եւ Բենիամին. Տէրը ձեզ հետ կ’լինի, քանի որ դուք նորա հետ էք. եւ եթէ դուք նորան որոնէք, կգտնեք նորան, իսկ եթէ նորան ձգէք, նա էլ ձեզ կ’ձգէ։  Եւ շատ օրեր Իսրայէլը առանց ճշմարիտ Աստուծոյ, առանց ուսուցանող քահանայի, եւ առանց օրենքի էր մնացել։  Բայց երբոր նա իր նեղութեան մէջ դարձաւ դէպի Տէր Աստուծուն եւ նորան որոնեց, այն ժամանակ գտաւ նորան։  Եւ այն ժամանակները դուրս եկողի ու մտնողի համար ապահովութիւն չ’կար. որովհետեւ երկրի բոլոր բնակիչների մէջ շատ խռովութիւններ կային։  Եւ զարկվում էին ազգ ազգի հետ եւ քաղաք քաղաքի հետ. որովհետեւ Աստուած ամեն նեղութիւնով զարհուրեցրեց նորանց։  Բայց դուք զօրացէք, եւ ձեր ձեռքերը չ’թուլանան. որովհետեւ վարձք կայ ձեր գործին։  Եւ Ասա Ովդեդի որդի Ազարիայի այս խօսքերը եւ մարգարէութիւնը լսելով, զօրացաւ եւ դէն ածեց պղծութիւները Յուդայի եւ Բենիամինի բոլոր երկրիցը եւ Եփրեմի սարիցն՝ իր առած քաղաքներից, եւ Տիրոջ սեղանը, որ Տիրոջ սրահի առաջ էր, նորոգեց։  Եւ նա ժողովեց բոլոր Յուդան եւ Բենիամինը եւ նորանց հետ եղող պանդուխտներին Եփրեմից, Մանասէից եւ Շմաւոնից. որովհետեւ Իսրայէլից շատ մարդիկ անցան նորա կողմը, տեսնելով որ նորա Տէր Աստուածը նորա հետ էր։ 10  Եւ նորանք Երուսաղէմ ժողովուեցան Ասայի թագաւորութեան տասնեւհինգերորդ տարուայ երրորդ ամսումը, 11  Եւ այն օրը զոհ արին Տիրոջ համար իրանց բերած աւարիցը եօթը հարիւր արջառ եւ եօթը հազար ոչխար։ 12  Եւ ուխտ արին որ իրանց հայրերի Տէր Աստուծուն բոլոր սրտով եւ բոլոր հոգով խնդրեն։ 13  Եւ ամեն ով որ չ’խնդրէ Իսրայէլի Տէր Աստուծուն՝ մեռցնուի՝ փոքրիցը մինչեւ մեծը, թէ այր թէ կին։ 14  Եւ երդում արին Տիրոջը բարձր ձայնով եւ աղաղակելով, փողերով եւ շեփորներով։ 15  Եւ բոլոր Յուդան ուրախացաւ այն երդումի վերայ, որովհետեւ իրանց բոլոր սրտովը երդում արին, եւ իրանց բոլոր յօժարութեամբը խնդրեցին նորան, եւ գտան նորան. եւ Տէրը հանգստութիւն տուաւ նորանց ամեն կողմանէ։ 16  Եւ Ասան թագաւորի մայր Մաաքային էլ հեռացրեց տիկնութիւնից, որովհետեւ՝ անտառի կուռք էր շինել նա. եւ Ասան կոտրատեց նորա կուռքը եւ փչացրեց եւ այրեց Կեդրոն հեղեղատումը։ 17  Սակայն բարձրաւանդակները չ’հեռացան Իսրայէլից, միայն թէ Ասայի սիրտն ուղիղ էր իր բոլոր օրերումը։ 18  Եւ իր հօր նուէրները եւ իր նուէրները՝ եւ արծաթը, ոսկին եւ անօթները տարաւ Աստուծոյ տունը։ 19  Եւ պատերազմ չ’եղաւ մինչեւ Ասայի թագաւորութեան երեսունեւհինգերորդ տարին։

Ծանոթագրություններ