2 Տարեգրություն 16։1-14

16  Ասայի թագաւորութեան երեսունեւվեցերորդ տարին Իսրայէլի Բաասա թագաւորն եկաւ Յուդայի վերայ եւ շինեց Ռաման որ դուրս եկող ու մտնող չ’թողէ Յուդայի Ասա թագաւորի համար։  Եւ Ասան արծաթ եւ ոսկի հանեց Տիրոջ տան եւ թագաւորի տան գանձերից եւ ուղարկեց Ասորիների Բենադադ թագաւորին, որ բնակում էր Դամասկոսում, ասելով.  Դաշինք կայ իմ ու քո մէջ, եւ իմ հօր ու քո հօր մէջ, ահա քեզ համար արծաթ եւ ոսկի եմ ուղարկում. եկ քանդիր Իսրայէլի թագաւոր Բաասայի հետ քո դաշինքը, որ իմ վերայից ետ քաշուի։  Եւ Բենադադը լսեց Ասա թագաւորին, եւ ուղարկեց իր զօրքերի իշխաններին Իսրայէլի քաղաքները, եւ նորանք զարկեցին Իյօնը, Դանը, Աբէլմայիմը եւ Նեփթաղիմի բոլոր շտեմարանի քաղաքները։  Եւ եղաւ երբոր Բաասան լսեց, դադարեց Ռաման շինելուց, եւ իր գործը ձգեց։  Եւ Ասա թագաւորն առաւ իր բոլոր Յուդան, եւ վեր առան Բաասայի շինած Ռամայի քարերը եւ նորա փայտերը, եւ նորանցով շինեց Գաբաան եւ Մասփան։  Եւ այն ժամանակ եկաւ Անանի տեսանողը Յուդայի թագաւոր Ասայի մօտ եւ ասեց նորան. Որովհետեւ դու ապաւինեցիր Ասորիների թագաւորին, եւ չ’ապավինեցիր քո Տէր Աստուծուն, նորա համար Ասորիների թագաւորի զօրքը ազատուեցաւ քո ձեռիցը։  Մի՞թե Եթովպացիք եւ Լիբէացիք խիստ շատ կառքերով եւ ձիաւորներով բազմաթիւ զօրք չէին. բայց որովհետեւ դու Տիրոջն ապաւինեցիր, նորանց քո ձեռքը մատնեց։  Որովհետեւ Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զօրացնէ նորանց, որոնց սիրտը ուղիղ է նորա հետ. դու անմտութիւն արիր սորանում. որովհետեւ սորանից յետոյ պատերազմներ ես ունենալու։ 10  Եւ Ասան բարկացաւ այս տեսանողի վերայ, եւ նորան բանտը դրաւ. որովհետեւ այս բանի համար նորա վերայ զայրացաւ. եւ այն ժամանակ Ասան ժողովրդից մի քանիսին հարստահարեց։ 11  Եւ Ասայի առաջին ու վերջին պատմութիւնը, ահա նորանք գրուած են Յուդայի եւ Իսրայէլի թագաւորների գրքումը։ 12  Եւ Ասան հիւանդացաւ իր թագաւորութեան երեսունեւիններորդ տարին իր ոտքերովը. մինչեւ բարձրը հասաւ նորա հիւանդութիւնը. բայց իր հիւանդութիւնումն էլ չ’խնդրեց Տիրոջը, այլ բժիշկներ ուզեց։ 13  Եւ Ասան ննջեց իր հայրերի հետ եւ մեռաւ իր թագաւորութեան քառասունմէկերորդ տարին։ 14  Եւ նորան թաղեցին Դաւիթի քաղաքումն այն գերեզմանի մէջ, որ ինքը փորել էր. եւ նորան պառկեցրին մի անկողնի վերայ որ լցրել էին խունկերով եւ զանազան արուեստագործ բաղադրութիւններով, եւ նորա համար մի շատ մեծ այրելի (խունկ) այրեցին։

Ծանոթագրություններ