2 Տարեգրություն 18։1-34

18  Եւ Յովսափատը խիստ շատ փառք եւ հարստութիւն ունէր. եւ խնամութիւն արաւ Աքաաբի հետ։  Եւ մի քանի տարուց յետոյ իջաւ Սամարիա Աքաաբի մօտ. եւ Աքաաբը նորա համար եւ նորա հետ եղող ժողովրդի համար շատ ոչխարներ եւ արջառներ մորթեց, եւ նորան համոզեց որ վեր գնայ Ռամովթ – գաղաադ։  Եւ Իսրայէլի Աքաաբ թագաւորն ասեց Յուդայի թագաւոր Յովսափատին. Ինձ հետ կգնա՞ս Ռամովթ – գաղաադ. եւ նա նորան ասեց. Ինչպէս դու՝ այնպէս էլ ես, եւ ինչպէս քո ժողովուրդը՝ այնպէս էլ իմ ժողովուրդը. եւ քեզ հետ կ’գնամ պատերազմի։  Եւ Յովսափատն ասեց Իսրայէլի թագաւորին. Բայց հիմա եկ Տիրոջ խօսքը խնդրիր։  Եւ Իսրայէլի թագաւորը ժողովեց մարգարէներին՝ չորս հարիւր հոգի. եւ նորանց ասեց. Ռամովթ – գաղաադի վերայ պատերազմի գնա՞նք թե ետ կենամ. եւ նորանք ասեցին. Գնա վերան. եւ Տէրը թագաւորի ձեռքն է տալու։  Եւ Յովսափատն ասեց. Այստեղ էլ ուրիշ մարգարէ չ’կա՞յ Տիրոջը, նորանից հարցնէիք։  Եւ Իսրայէլի թագաւորն ասեց Յովսափատին. Դեռ մէկ ուրիշ մարդ էլ կայ, նորա միջոցովը Տիրոջը հարցնելու. բայց ես նորան ատում եմ, որովհետեւ ինձ համար մարգարէութիւն չէ անում դէպի բարին, այլ ամեն ժամանակ դէպի չարը դա Յեմլայի որդի Միքիան է։ Եւ Յովսափատն ասեց. Թող թագաւորն այդպէս չ’խօսէ։  Եւ Իսրայէլի թագաւորը մի ներքինի կանչեց եւ ասեց. Շուտով բեր Յեմլայի որդի Միքիային։  Եւ Իսրայէլի թագաւորը եւ Յուդայի Յովսափատ թագաւորը նստել էին, իւրաքանչիւրն իր աթոռի վերայ, զգեստներ հագած նստած՝ կալումը, Սամարիայի դռան առաջին. եւ բոլոր մարգարէները մարգարէանում էին նորանց առաջին։ 10  Եւ Քանանայի որդի Սեդեկիան իրան համար երկաթի եղջիւրներ շինեց եւ ասեց. Այսպէս է ասում Տէրը. Սորանցով կ’հրես Ասորիներին մինչեւ որ նորանց բնաջինջ անես։ 11  Եւ բոլոր մարգարէները այնպէս էին մարգարէանում ասելով. Գնա Ռամովթ –գաղաադ եւ կ’յաջողուես. եւ Տէրը կ’տայ թագաւորի ձեռքը։ 12  Եւ այն պատգամաւորը, որը գնացել էր Միքիային կանչելու, նորան ասեց. Ահա մարգարէները միաբերան բարի են խօսում թագաւորի համար, ուրեմն թող քո խօսքն էլ նորանցից մէկի պէս լինի, եւ բարի խօսիր։ 13  Բայց Միքիան ասեց. Կենդանի է Տէրը, որ իմ Աստուածն ինչ որ ինձ ասէ, այն եմ խօսելու։ 14  Եւ եկաւ թագաւորի մօտ, եւ թագաւորն ասեց նորան. Միքիա, Ռամովթ – գաղաադ գնա՞նք պատերազմի, թէ ետ կենամ. եւ նա ասեց. Գնացէք եւ կ’յաջողուէք, եւ նորանք ձեր ձեռքը կ’տրուին։ 15  Եւ թագաւորը նորան ասեց. Քանի՞ անգամ ես քեզ երդում տամ որ Տիրոջ անունով ինձ բացի ճշմարտութիւնից ոչինչ չ’ասես։ 16  Այն ժամանակ նա ասեց. Ես տեսայ բոլոր Իսրայէլը ցրուած սարերի վերայ իբրեւ ոչխարներ որ հովիւ չ’ունին, եւ Տէրն ասեց. Սորանք տէր չ’ունին. ամեն մարդ իր տունը դառնայ խաղաղութեամբ։ 17  Եւ Իսրայէլի թագաւորն ասեց Յովսափատին. Քեզ չ’ասեցի՞,որ ինձ համար բարի բան չի մարգարէանալ, այլ չար։ 18  Եւ նա ասեց. Ուրեմն լսեցէք Տիրոջ խօսքը, ես տեսայ Տիրոջը՝ նստած իր աթոռի վերայ եւ երկնքի բոլոր զօրքերը կանգնած նորա աջ եւ նորա ձախ կողմին։ 19  Եւ Տէրն ասեց. Ով կ’խաբէ Իսրայէլի Աքաաբ թագաւորին, որ վեր գնայ Ռամովթ – գաղաադի վերայ եւ կորչի. եւ մէկն այսպէս ասում, եւ միւսն այնպէս էր ասում։ 20  Եւ մի ոգի դուրս եկաւ եւ կանգնեց Տիրոջ առաջին եւ ասեց. Ես նորան կ’խաբեմ. եւ Տէրը նորան ասեց. Ի՞նչով։ 21  Նա էլ ասեց. Ես դուրս կ’գնամ եւ նորա բոլոր մարգարէների բերանումը սուտ ոգի կ’լինիմ. եւ Տէրն ասեց. Դու կ’խաբես, եւ կարող էլ ես. գնա եւ այդպէս արա։ 22  Եւ արդ՝ Տէրը սուտ ոգի է դրել քո այդ մարգարէների բերանումը. բայց Տէրը քեզ համար չարիք է խօսել։ 23  Այն ժամանակ Քանանայի որդի Սեդեկիան մօտեցաւ եւ զարկեց Միքիայի ծնօտին եւ ասեց. Ո՞ր ճանապարհով է անցկացել Տիրոջ հոգին ինձանից, որ քեզ հետ խօսէ։ 24  Միքիան էլ ասեց. Ահա կ’տեսնես այն օրը որ սենեակից սենեակ կ’մտնես թաքնուելու համար։ 25  Եւ Իսրայէլի թագաւորն ասեց. Առէք Միքիային եւ տարէք քաղաքագլուխ Ամօնի եւ թագաւորի որդի Յովասի մօտ. 26  Եւ ասեցէք. Այսպէս է ասում թագաւորը. Սորան բանտը դրէք, եւ նորան կերակրեցէք նեղութեան հացով եւ նեղութեան ջրով մինչեւ իմ խաղաղութեամբ գալը։ 27  Եւ Միքիան ասեց. Եթե դու խաղաղութեամբ ետ դարձար եկար, Տէրն ինձանով չի խօսել, նաեւ ասեց. լսեցէք, ով ամեն ժողովուրդներ։ 28  Եւ Իսրայէլի թագաւորն ու Յուդայի Յովսափատ թագաւորը գնացին Ռամովթ – գաղաադի վերայ։ 29  Եւ Իսրայէլի թագաւորն ասեց Յովսափատին. Պետք է կերպարանափոխուիլ եւ յետոյ պատերազմի գնալ. բայց դու հագիր քո հանդերձները. եւ Իսրայէլի թագաւորը կերպարանափոխուեցաւ եւ գնաց պատերազմը։ 30  Եւ Ասորիների թագաւորն իր հետ եղող կառապետներին ասեց. Չ’պատերազմէք ոչ փոքրի եւ ոչ մեծի հետ, այլ միայն Իսրայէլի թագաւորի հետ։ 31  Եւ եղաւ երբոր կառապետները տեսան Յովսափատին, նորանք ասեցին. Իսրայէլի թագաւորը նա է, եւ դարձան դէպի նորան որ նորա հետ պատերազմեն. եւ Յովսափատն աղաղակեց, եւ Տէրը նորան օգնութիւն արաւ. եւ Աստուած նորանց ետ քաշեց նորանից։ 32  Եւ երբոր կառապետները տեսան, որ նա Իսրայէլի թագաւորը չէ, այն ժամանակ ետ դառան նորանից։ 33  Եւ մի մարդ իր անմեղութեամբը* քաշեց աղեղը եւ զարկեց Իսրայէլի թագաւորին յօդուածների եւ զրահի միջովը. եւ նա ասեց կառավարին. Ձեռքդ դարձրու եւ ինձ դուրս տար բանակիցը. որովհետեւ վիրաւորուեցայ։ 34  Եւ պատերազմը բարձրացաւ այն օրը. եւ Իսրայէլի թագաւորը կանգնած էր կառքումը Ասորիների դէմ, եւ մեռաւ արեգակը մար մտնելու ժամանակին։

Ծանոթագրություններ

18։33 Կամ՝ իր ուժովը։