2 Տարեգրություն 20։1-37

20  Եւ եղաւ սորանից յետոյ, որ Մովաբի որդիքը եւ Ամմոնի որդիքը եւ նորանց հետ Մաոնացիներից էլ եկան Յովսափատի վերայ պատերազմելու։  Եւ ոմանք եկան ու Յովսափատին պատմեցին եւ ասեցին. Քեզ վերայ մեծ բազմութիւն է գալիս ծովի այն կողմից Ասորիների միջից. եւ ահա նորանք Ասասանթամարումն են, որ է Ենգադդի։  Եւ Յովսափատը վախեցաւ եւ երեսն ուղղեց Տիրոջը խնդրելու, եւ ծոմապահութիւն քարոզեց բոլոր Յուդայի մէջ։  Եւ Յուդայեանք ժողովուեցան Տէրիցն օգնութիւն խնդրելու։  Եւ Յովսափատը կանգնեց Յուդայի եւ Երուսաղեմի ժողովքի մէջ Տիրոջ տանը նոր սրահի առաջին.  Եւ ասեց. Ով մեր հայրերի Տէր Աստուածը, դու չե՞ս այն երկնքում բնակող Աստուածը եւ ազգերի բոլոր թագաւորութիւնների վերայ տիրողը, եւ քո ձեռին է զօրութիւնը եւ ոյժը եւ մէկը չէ կարող քեզ դէմ կենալ։  Չէ՞ որ դու, ով մեր Աստուած, քշեցիր այս երկրի բնակիչներին քո Իսրայէլ ժողովրդի առաջից եւ տուիր այն յաւիտեան քո սիրելի Աբրահամի սերունդին։  Եւ նորանք բնակուեցին այնտեղ եւ նորանում քո անուան համար սրբարան շինեցին եւ ասեցին.  Եթէ մեզ վերայ չարիք, սուր պատուհաս, եւ ժանտախտ կամ սով գայ, մենք կանգնենք այս տան առաջը քո դիմացը, որովհետեւ քո անունը այյս տան վերայ է, եւ դէպի քեզ աղաղակենք մեր նեղութեան միջից, այն ժամանակ լսել եւ ազատես. 10  Եւ հիմա՝ ահա Ամմոնի եւ Մովաբի որդիքը եւ Սէիր սարի բնակիչները որոնց մէջը մտնելու հրաման չ’տուիր Իսրայէլացիներին երբոր նորանք դուրս էին եկել Եգիպտոսից. այլ նորանցից քաշուեցան, եւ նորանց չ’փչացրին. 11  Բայց ահա նորանք հատուցանում են մեզ՝ մեր վերայ գալով, որ մեզ դուրս անեն քո ժառանգութիւնիցը, որ մեզ ժառանգութիւն տուիր։ 12  Ով մեր Աստուած, մի՞թէ նորանց չես դատիլ. որովհետեւ մենք զօրութիւ չ’ունինք այս մեծ բազմութեան դէմ, որ եկել է մեզ վերայ, եւ մենք չ’գիտենք թէ ինչ անենք. որովհետեւ մեր աչքերը քեզ վերայ է։ 13  Եւ բոլոր Յուդան կանգնած էր Տիրոջ առաջը, նաեւ նորանց կանայքը եւ որդիքը։ 14  Եւ Ասափի որդիներից Ղեւտացի Մաթանիայի որդիի Յէիէլի որդիի Բանիայի որդիի Զաքարիայի որդիի Յազիէլի վերայ եկաւ Տիրոջ հոգին ժողովքի միջումը։ 15  Եւ նա ասեց. Ականջ դրէք, ով բոլոր Յուդա եւ Երուսաղէմի բնակիչներ եւ ով Յովսափատ թագաւոր, Տէրը ձեզ այսպէս է ասում. Դուք մի վախենաք եւ մի զարհուրիք այս մեծ բազմութեան երեսից. որովհետեւ պատերազմը ձերը չէ այլ Աստուծուն է։ 16  Էգուց իջէք նորանց վերայ. ահա նորանք վեր են գնում Ասիսի զառիվերովը, եւ դուք նորանց կ’գտնեք հեղեղատի ծայրումը Յերուէլի անպատի առաջին։ 17  Դուք չէք պատերազմելու այս անգամ. դուք կացեք, կանգնեցէք եւ կ’տեսնեք Տիրոջ փրկութիւնը ձեզ հետ, ով Յուդա եւ Երուսաղէմ. մի վախենաք եւ մի զարհուրիք. էգուց նորանց դիմացը դուրս եկէք, եւ Տէրը ձեզ հետ է լինելու։ 18  Եւ Յովսափատը խոնարհուեցաւ երեսովը մինչեւ գետինը, եւ բոլոր Յուդան եւ Երուսաղէմի բնակիչները ընկան Տիրոջ առաջը, որ Տիրոջը երկրպագութիւն անեն։ 19  Եւ Կահաթեանց որդիներից եւ Կորխեանց որդիներից եղող Ղեւտացիները վեր կացան Իսրայէլի Տէր Աստուծուն շատ բարձր ձայնով օրհնելու։ 20  Եւ առաւօտը կանուխ վեր կացան եւ գնացին Թեկուէի անապատը. եւ նորանց գնալու ժամանակին Յովսափատը կանգնեց եւ ասեց. Ինձ լսեցէք, ով Յուդա եւ Երուսաղէմի բնակիչներ. հաւատացէք ձեր Տէր Աստուծուն եւ հաստատ կ’մնաք. հաւատացէք նորա մարգարէներին, եւ յաջողութիւն կ’ունենաք։ 21  Եւ խորհուրդ արաւ ժողովրդի հետ, եւ դրաւ Տիրոջ համար երգիչներ եւ սուրբ փառքը օրհնաբանողներ սպառազինեալների առաջից դուրս գալով եւ ասելով. Գոհացէք Եհովայից, որովհետեւ նորա ողորմութիւնը յաւիտեան է։ 22  Եւ երբոր նորանք ցնծութեան երգն ու օրհնութիւնն սկսեցին, Տէրը դարանակալներ հանեց Ամմոնի եւ Մովաբի որդկանց եւ Սէիր սարի բնակիչների դէմ, որ եկել էին Յուդայի վերայ, եւ նորանք կոտորուեցան։ 23  Որովհետեւ Ամմոնի եւ Մովաբի որդիքը վեր կացան Սէիր սարի բնակիչների վերայ ջարդելու եւ բնաջինջ անելու. եւ երբոր վերջացրին Սէիրի բնակիչներին, իրար օգնեցին միմեանց ջարդելու։ 24  Եւ Յուդայեանք եկան անապատի միջի դիտանոցը եւ նայեցին այն բազմութեան վերայ, եւ ահա նորանց դիերը փռուած էին երկրի վերայ, եւ մէկ ազատուած չ’կար։ 25  Այն ժամանակ Յովսափատը եւ նորա ժողովուրդն եկան նորանց մէջ գտան շատ ապրանք էլ, մարմիններ էլ, պատուական անօթներ էլ, եւ իրանց համար կողոպտեցին, որովհետեւ շատ էր։ 26  Եւ չորրորդ օրը ժողովուեցան Օրհնութեան հովիտումը. որովհետեւ այնտեղ օրհնեցին Տիրոջը, նորա համար այնտեղի անունը կոչեցին Օրհնութեան հովիտ մինչեւ այսօր։ 27  Եւ ետ դառան բոլոր Յուդայի եւ Երուսաղէմի մարդիկը եւ Յովսափատն իբրեւ նորանց պարագլուխ, որ յետ դառնան Երուսաղէմ ուրախութեամբ, որովհետեւ Տէրը նորանց ուրախացրել էր իրանց թշնամիներիցն ազատելով։ 28  Եւ նորանք մտան Երուսաղէմ տաւիղներով, քնարներով եւ փողերով Տիրոջ տունը։ 29  Եւ Աստուծոյ երկիւղն եղաւ երկրի թագաւորութիւների վերայ լսելով թէ Տէրը պատերազմեց Իսրայէլի թշնամիների հետ։ 30  Եւ Յովսափատի թագաւորութիւնը հանգստացաւ, եւ Աստուած նորան հանդարտութիւն տուաւ շուրջանակի։ 31  Եւ Յովսափատը թագաւորեց Յուդայի վերայ. երեսունեւհինգ տարեկան էր թագաւոր դառնալիս եւ քսանեւհինգ տարի թագաւորեց Երուսաղէմում եւ նորա մօր անունն էր Ազուբա՝ դուստր Սաղիի։ 32  Եւ գնաց իր հայր Ասայի ճանապարհումը, եւ նորանից չ’խոտորուեց, որ ուղղութիւն էր անում Տիրոջ աչքի առաջին։ 33  Միայն թէ բարձրաւանդակները վեր չ’առնուեցան, եւ ժողովուրդն էլ տակաւին չէր պատրաստել իր սիրտը դէպի իրանց հայրերի Աստուածը։ 34  Եւ Յովսափատւ գործերի մնացորդը առաջինները եւ վերջինները, ահա նորանք գրուած են Անանիի որդի Յէուի պատմութիւնների մէջ, որոնք անցել են Իսրայէլի թագաւորների գրքի մէջ։ 35  Եւ սորանից յետոյ ընկերացաւ Յուդայի Յովսափատ թագաւորը Իսրայէլի Ոքոզիա թագաւորի հետ, որ չարութիւն էր գործում. 36  Եւ նորա հետ ընկերացաւ, որ նաւեր շինեն Թարսիս գնալու համար. եւ նաւեր շինեցին Գասիոնգաբերում։ 37  Եւ Մարեսացի Դօդիայի որդի Եղիազարը մարգարէացաւ Յովսափատի մասին ասելով. Որովհետեւ դու Ոքոզիայի հետ ընկերացար, Տէրը քանդել է քո գործքը։ Եւ նաւերը կոտրատուեցան եւ չ’կարողացան Թարսիս գնալ։

Ծանոթագրություններ