2 Տարեգրություն 21։1-20

21  Եւ Յովսափատը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայրերի հետ Դաւիթի քաղաքումը. եւ նորա որդի Յովրամը թագաւոր եղաւ նորա տեղ։  Եւ նորա եղբայրները՝ Յովսափատի որդիքը՝ Ազարիա, Յեքիէլ, Զաքարիա, Ազարիու, Միքայէլ եւ Սափատիա էին. սորանք ամենքը Իսրայէլի թագաւոր Յովսափատի որդիքն էին։  Եւ նորանց հայրը տուաւ նորանց շատ պարգեւներ՝ ոսկի եւ արծաթ եւ պատուական բաներ Յուդայի միջի պարսպաւոր քաղաքներով մէկտեղ. բայց թագաւորութիւնը տուաւ Յովրամին, որովհետեւ նա էր անդրանիկը։  Եւ երբոր Յովրամը մտաւ իր հօր թագաւորութիւնը եւ հաստատուեցաւ, այն ժամանակ սրով սպանեց իր բոլոր եղբայրներին, նաեւ Իսրայէլի իշխաններից ոմանց։  Յովրամը երեսուներկու տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ ութ տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմում։  Եւ գնաց Իսրայէլի թագաւորների ճանապարհովը, ինչպէս որ Աքաաբի տունն էր անում. որովհետեւ Աքաաբի աղջիկը նորա կինն էր, եւ չարութիւն արաւ Տիրոջ առաջին։  Բայց Տէրը չ’ուզեց Դաւիթի տունը կորցնել այն ուխտի համար, որ արել էր Դաւիթի հետ, եւ ինչպէս որ նորան խոստացել էր նորան եւ նորա որդկանցը մէկ ճրագ տալ ամեն ժամանակ։  Նորա օրերին ապստամբուեց Եդովմը Յուդայի ձեռքի տակից, եւ իրանց վերայ մէկ թագաւոր դրին։  Եւ Յովրամը գնաց իր իշխաններովը եւ բոլոր կառքերովը, եւ գիշերը վեր կացաւ զարկեց Եդովմացիներին, որ իրան շրջապատում էին, եւ կառքերի իշխաններին։ 10  Եւ Եդովմացիներն ապստամբուեցին Յուդայի ձեռքի տակից մինչեւ այս օրը. այն ժամանակ Լեբնան էլ ապստամբուեց նորա ձեռքի տակից, որովհետեւ թողեց իրան հայրերի Տէր Աստուծուն։ 11  Նա բարձրաւանդակներ էլ շինեց Յուդայի սարերի վերայ, եւ Երուսաղէմի բնակիչներին պոռկութիւն անել տուաւ եւ մոլորեցրեց Յուդային։ 12  Եւ նորան թուղթ եկաւ Եղիա մարգարէիցն ասելով. Այսպէս է ասում քո հայր Դաւիթի Տէր Աստուածը. Որովհետեւ չ’գնացիր քո հայր Յովսափատի ճանապարհովը եւ Յուդայի Ասա թագաւորի ճանապարհներովը, 13  Այլ գնացիր Իսրայէլի թագաւորների ճանապարհովը եւ պոռնկութիւն անել տուիր Յուդային եւ Երուսաղէմի բնակիչներին Աքաաբի տան պոռնկութիւնների պէս, նաեւ քո հօր տան եղբայրներիդ՝ որ քեզանից լաւ էին, սպանեցիր, 14  Ահա Տէրը մեծ հարուածով պիտի հարուածէ քո ժողովրդին, քո որդիներին, քո կնիկներին եւ քո բոլոր ստացուածքին. 15  Եւ քեզ՝ մեծ հիւանդութիւներով՝ փորի հիւանդութիւնով, մինչեւ որ քո փորոտիքը դուրս թափուի հիւանդութիւնիցն օրից օր։ 16  Եւ Տէրը գրգռեց Յովրամի դէմ Փղշտացիների եւ Արաբացիների ոգին, որ բնակվում էին Եթովպացիների կողմերին. 17  Եւ նորանք գնացին Յուդայի վերայ եւ ճեղքեցին նորան եւ գերի արին թագաւորի տանը գտնուած բոլոր ստացուածքը. նաեւ նորա որդիներին եւ նորա կիներին. եւ նորա համար մի որդի չ’մնաց միայն թէ նորա որդիներից ամենափոքրը՝ Յովաքազը*։ 18  Եւ այս ամենից յետոյ Տէրը զարկեց նորան փորոտիքի հիւանդութիւնով որ անբուժելի էր։ 19  Եւ մի քանի ժամանակներից յետոյ, երբոր երկու տարուայ չափ ժամանակ էր անցել վերջացել, նորա փորոտիքը թափուեցան իր հիւանդութիւնիցը, եւ նա մեռաւ չարաչար հիւանդութիւնով։ Եւ նորա ժողովուրդը նորա համար խունկեր չ’ծխեցին ինչպէս որ նորա հայրերի վերայ ծխել էին։ 20  Նա երեսունեւերկու տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ ութը տարի թագաւորեց Երուսաղէմում, եւ գնաց առանց փափաքուած լինելու, եւ նորան թաղեցին Դաւիթի քաղաքումը, բայց ոչ թէ թագաւորների գերեզմաններումը։

Ծանոթագրություններ

21։17 Գլ. 22:1՝ «Ոքոզիա» և 22:6՝ «Ազարիա» է կոչուած։