2 Տարեգրություն 23։1-21

23  Եւ եօթներորդ տարին զօրացաւ Յովիադան եւ իրան հետ դաշինքի մէջ առաւ հարիւրապետ Յերոամի որդի Ազարիային, Յօհանանի որդի Իսմայէլին, Ովբեդի որդի Ազարիային, Ադայիայի որդի Մաասիային եւ Զեքարիի որդի Եղիսափատին։  Եւ նորանք շրջեցին Յուդայի մէջ եւ ժողովեցին Ղեւտացիներին Յուդայի մէջ ամեն քաղաքներիցը եւ Իսրայէլի տոհմապետներին, եւ եկան Երուսաղէմ։  Եւ բոլոր ժողովքը դաշինք արաւ թագաւորի հետ Աստուծոյ տանը. եւ Յովիադան ասեց նորանց. Ահա թագաւորի որդին պիտի թագաւորէ, ինչպէս որ Տէրն ասել է Դաւիթի որդիների մասին։  Սա է ձեր անելու բանը, ձեր երրորդ մասը որ գալիս են շաբաթ օրը՝ քահանաներից եւ Ղեւտացիներից դռների դռնապաններ լինին.  Եւ մէկ երրորդ լինի թագաւորի տանը, եւ երրորդ մասը Եսոդի դռանը լինի. իսկ բոլոր ժողովուրդը Տիրոջ տան գաւիթում։  Եւ ոչ ով չ’մտնէ Տիրոջ տունը բացի քահանաներից եւ Ղեւտացի ծառայողներից, նորանք մտնեն, որովհետեւ նորանք սուրբ են. եւ բոլոր ժողովուրդը պահէ Տիրոջ պահապանութիւնը։  Եւ Ղեւտացիները շուրջանակի շրջապատեն թագաւորին ամեն մարդ իր զենքերը ձեռքին. եւ տունը մտնողը մեռցնուի. եւ թագաւորի հետ լինիք նորա մտած եւ դուրս եկած ժամանակը։  Եւ Ղեւտացիները եւ բոլոր Յուդան բոլորովին Յովիադա քահանայի պատուիրածին պէս արին. եւ ամեն մարդ առաւ իր մարդկանցը որ գալիս էին շաբաթ օրը. որովհետեւ Յովիադա քահանան չ’արձակեց դասակարգութիւնները։  Եւ Յովիադա քահանան տուաւ հարիւրապետներին Դաւիթ թագաւորի նիզակները, ասպարները եւ վահանները, որ Աստուծոյ տանն էին։ 10  Եւ կանգնեցրեց բոլոր ժողովրդին՝ ամեն մէկին իր զէնքը ձեռքին տան աջ կողմից մինչեւ տան ձախ կողմը սեղանի եւ տան մօտ թագաւորի շուրջը. 11  Եւ դուրս հանեցին թագաւորի որդիին, եւ նորա վերայ դրին թագը եւ վկայութիւնը, եւ նորան թագաւոր շինեցին. եւ Յովիադան եւ նորա որդիքը նորան օծեցին. եւ ասեցին. Կեցցէ՜ արքայ։ 12  Եւ Գոթողիան լսեց վազող եւ թագաւորին շնորհավորող ժողովրդի ձայնը եւ գնաց ժողովրդի մօտ Տիրոջ տունը. 13  Եւ մտիկ տուաւ, եւ ահա թագաւորը կանգնած էր իր սիւնի մօտ մուտքի կշտին, եւ զօրապետներն ու փողերը՝ թագաւորի մօտ. եւ երկրի բոլոր ժողովուրդն ուրախանում եւ փողերը հնչեցնում էին, եւ երգիչները եւ երաժիշտները նուագարաններով օրհներգում, այն ժամանակ Գոթողիան պատառեց իր հանդերձները եւ ասեց. Դաւաճանութի՜ւն, դաւաճանութի՜ւն։ 14  Եւ Յովիադա քահանան հրամայեց հարիւրապետներին, որ նշանակուած էին զօրքի վերայ եւ ասեց նորանց. Դուրս հանէք դորան կարգերի միջից, եւ նորա ետեւից գնացողը սրով սպանուի, որովհետեւ քահանան ասել էր թէ Նորան չ’սպանէք Տիրոջ տանը։ 15  Եւ նորանք իրանց ձեռքերը ձգեցին նորա վերայ. եւ երբոր նա թագաւորի պալատը մտնող ձիերի դռան մուտքն էր մտել, այնտեղ նորան սպանեցին։ 16  Եւ Յովիադան ուխտ դրաւ իր մէջ եւ բոլոր ժողովրդի մէջ եւ թագաւորի մէջ, որ Տիրոջ ժողովուրդը լինին։ 17  Եւ բոլոր ժողովուրդը գնաց Բահաղի տունը եւ քանդեցին նորան, նորա սեղանները եւ պատկերները փչացրին, եւ Բահաղի քուրմ Մատթանին սպանեցին սեղանների առաջին։ 18  Եւ Յովիադան ոստիկաններ դրաւ Տիրոջ տան վերայ այն Ղեւտացի քահանաների ձեռովը, որոնց որոշել էր Դաւիթը Տիրոջ տան համար որ Տիրոջը ողջակէզնէր մատուցանեն, ինչպէս գրուած է Մովսէսի օրենքումը՝ ուրախութիւնով եւ երգով Դաւիթի սահմանածին համեմատ։ 19  Եւ դռնապաններին դրաւ Տիրոջ տան դռների վերայ, որ ոչ մի բանում անմաքուր եղողը չ’մտնէ։ 20  Եւ վեր առաւ հարիւրապետներին եւ ազնուականներին եւ ժողովրդի իշխաններին եւ երկրի բոլոր ժողովրդին, եւ թագաւորին Տիրոջ տանիցը իջեցրեց, եւ վերի դռան մէջովը մտան թագաւորի տունը, եւ թագաւորին նստացրին թագաւորութեան աթոռի վերայ։ 21  Եւ երկրի ամեն ժողովուրդն ուրախացաւ, եւ քաղաքը խաղաղեցաւ։ Իսկ Գոթողիային սրով սպանեցին։

Ծանոթագրություններ