2 Տարեգրություն 24։1-27

24  Յովասը եօթը տարեկան էր երբոր թագաւոր եղաւ. եւ քառասուն տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմում. եւ նորա մօր անունն էր Սաբիա՝ Բերսաբէէցի։  Եւ Յովասն ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին Յովիադա քահանայի բոլոր օրերին։  Եւ Յովիադան նորա համար երկու կին առաւ, եւ նա որդիներ եւ աղջիկներ ծնեց։  Եւ սորանից յետոյ Յովասի սիրտն ուզեց, որ Տիրոջ տունը նորոգէ։  Եւ ժողովեց քահանաներին եւ Ղեւտացիներին եւ ասեց նորանց. Դուրս եկէք գնացէք Յուդայի քաղաքները եւ բոլոր Իսրայէլից տարուց տարի փող հաւաքեցէք ձեր Աստուծոյ տունը նորոգելու, եւ դուք շուտով արէք այս գործը. սակայն Ղեւտացիները շուտով չ’արին ։  Եւ թագաւորը կանչեց Յովիադա իշխանին եւ ասեց նորան. Ի՞նչու համար չես պահանջում Ղեւտացիներից, որ բերեն Յուդայից եւ Երուսաղէմից Տիրոջ ծառայ Մովսէսի եւ Իսրայէլի ժողովքի դրած տուրքը վկայութեան խորանի համար։  Որովհետեւ անօրէն Գոթողիան եւ նորա որդիքը քանդել են Աստուծոյ տունը եւ Տիրոջ տան բոլոր նուէրները գործ են ածել Բահաղիմի համար։  Եւ թագաւորը հրամայեց եւ մէկ արկղ շինեցին եւ դրին նորան Տիրոջ տան դռանը դուրսում։  Եւ մունետիկ կանչել տուին Յուդայում եւ Երուսաղէմում, որ բերեն Տիրոջ համար Աստուծոյ ծառայ Մովսէսի Իսրայէլի վերայ անապատումը դրած տուրքը։ 10  Եւ բոլոր իշխանները եւ բոլոր ժողովուրդը ուրախացան, եւ բերում ու գցում էին արկղի մէջ մինչեւ որ լցուեցաւ։ 11  Եւ այն ժամանակ երբոր բերում էին արկղը Ղեւտացիների ձեռովը թագաւորի վերակացուի մօտ, եւ երբոր տեսնում էին, որ փողը շատացել է, այն ժամանակ գալիս էր թագաւորի գրագիրը եւ քահանայապետի վերակացուն, եւ դարտակում էին արկղը, յետոյ տանում ետ էին դարձնում իր տեղը. այսպէս էին անում օր ըստ օրէ. եւ շատ փող հաւաքեցին։ 12  Եւ թագաւորն ու Յովիդան տալիս էին այն փողը Տիրոջ տան ծառայութեան գործն անողներին. եւ նորանք քարհատներ եւ հիւսներ էին վարձում Տիրոջ տունը նորոգելու համար, նաեւ տալիս էին երկաթագործներին եւ պղնձագործներին Տիրոջ տունը ամրացնելու համար։ 13  Եւ գործաւորները գործում էին, եւ նորոգութեան գործը կատարուեցաւ նորանց ձեռովը. եւ Աստուծոյ տունը վերականգնեցին իր չափովը եւ նորան պնդացրին։ 14  Եւ գործը վերջանալուց յետոյ փողի մնացածը բերում էին թագաւորի եւ Յովիադայի առաջին. եւ նորանք Տիրոջ տան համար անօթներ էին շինում, պաշտաման եւ ողջակէզների համար անօթներ եւ խնկատուփեր եւ ոսկի ու արծաթի ամաններ. եւ ողջակէզներ էին մատուցանում միշտ Տիրոջ տանը Յովիադայի բոլոր օրերումը։ 15  Եւ Յովիադան ծերացաւ եւ օրերով կշտացաւ, եւ մեռաւ, եւ մեռնելիս հարիւր երեսուն տարեկան էր։ 16  Եւ նորան թաղեցին Դաւիթի քաղաքումը թագաւորների հետ. որովհետեւ նա Իսրայէլումը բարութիւն արաւ Աստուծոյ եւ նորա տան համար։ 17  Եւ Յովիադայի մեռնելուց յետոյ եկան Յուդայի իշխանները եւ խոնարհութիւն արին թագաւորին. այն ժամանակը թագաւորը նորանց լսում էր։ 18  Եւ թողեցին իրանց հայրերի Տէր Աստուծոյ տունը, եւ ծառայեցին Աստարովթների եւ կուռքերի. եւ Յուդայի ու Երուսաղէմի վերայ բարկութիւն եկաւ նորանց այս յանցանքի համար։ 19  Եւ նա նորանց մօտ մարգարէներ էր ուղարկում, որ նորանց դարձնեն դէպի Տէրը. եւ նորանք վկայութիւն արին նորանց դէմ. բայց նորանք ականջ չ’դրին։ 20  Եւ Աստուծոյ հոգին եկաւ Յովիադա քահանայի որդի Զաքարիայի վերայ, եւ նա կանգնեց ժողովրդի առաջին մի բարձր տեղ եւ նորանց ասեց.Այսպէս է ասում Աստուած. Ի՞նչու համար էք դուք անցնում Տիրոջ պատուիրանքովը. ուրեմն յաջողութիւն չէք ունենալ, որովհետեւ դուք թողել էք Տիրոջը, նա էլ կ’թողնէ ձեզ։ 21  Եւ նորանք յարձակուեցան նորա վերայ եւ նորան քարկոծ արին թագաւորի հրամանովը Տիրոջ տան սրահումը։ 22  Եւ Յովաս թագաւորը չ’յիշեց այն ողորմութիւնը, որ նորա հայրը Յովիադան արել էր նորան, եւ սպանեց նորա որդիին. եւ նա մեռնելիս ասեց. Տէրը տեսնէ եւ պահանջէ։ 23  Եւ հետեւեալ տարին եկաւ նորա վերայ Ասորիների զօրքը, եւ եկան Յուդայի եւ Երուսաղէմի վերայ եւ փչացրին ժողովրդիցը ժողովրդի բոլոր իշխաններին եւ նորանց բոլոր աւարը ուղարկեցին Դամասկոս՝ թագաւորին։ 24  Թէեւ քիչ մարդկանցով եկան Ասորիների զորքերը, բայց Տէրը մի շատ մեծ զօրք նորանց ձեռքը մատնեց, որովհետեւ թողել էին իրանց հայրերի Տէր Աստուծուն։ Եւ այսպէս Յովասի դատաստանն արին։ 25  Եւ երբոր նորանք գնացին այնտեղից, նորան մեծ հիւանդութիւնների մէջ թողելով, նորա դէմ դաւաճանութիւն արին նորա ծառաները Յովիադա քահանայի որդկանց արեան համար, եւ նորան սպանեցին իր անկողնի վերայ. եւ նա մեռաւ. եւ նորան թաղեցին Դաւիթի քաղաքումը, բայց չ’թաղեցին թագաւորների գերեզմանատանը։ 26  Եւ սորանք են նորա դէմ դաւաճանութիւն անողները՝ Ամմոնացի կնկայ Սամեթի որդի Զաբադը*, եւ Մովաբացի կնկայ Սամարիթի որդի Յովզաբադը։ 27  Եւ նորա որդկանց համար, եւ նորա դէմ եղած շատ պատգամների մասին, եւ Աստուծոյ տան շինութեան մասին, ահա դորանք գրուած են թագաւորաց գրքի յիշատակարանումը։ Եւ նորա որդի Ամասիան թագաւոր եղաւ նորա տեղ։

Ծանոթագրություններ

24։26 դ Թագ. 12։21՝ կոչուած է «Յովզաքար։»