2 Տարեգրություն 26։1-23

26  Եւ Յուդայի բոլոր ժողովուրդը առաւ Ոզիային որ այն ժամանակ տասնեւվեց տարեկան էր, եւ թագաւոր արին նորան իր հայր Ամասիայի տեղ։  Սա շինեց Ելաթը, եւ նորան ետ դարձրեց Յուդային երբոր թագաւորը իր հայրերի հետ ննջել էր արդեն։  Ոզիան տասնվեց տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ յիսուներկու տարի թագաւորեց Երուսաղէմումը. եւ նորա մօր անունն էր Յեքելիա՝ Երուսաղէմից։  Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, բոլորովին ինչպէս իր հայր Ամասիան արել էր։  Եւ խնդրում էր Աստուծուն Զաքարիայի օրերումը, որ Աստուծոյ տեսիլքներին հմուտ էր. եւ քանի ժամանակ որ նա խնդրում էր Տիրոջը, Աստուած նորան յաջողութիւն էր տալիս։  Եւ նա դուրս եկաւ Փղշտացիների հետ պատերազմ արաւ եւ քանդեց Գէթի պարիսպը, Յաբնէի պարիսպը. եւ Ազովտոսի ու Փղշտացիների երկրումը քաղաքներ շինեց։  Եւ Աստուած նորան օգնեց Փղշտացիների դէմ, Գուր–բահաղում բնակող Արաբացիների դէմ։  Եւ Ամմոնացիք ընծաներ էին տալիս Ոզիային, եւ նորա անունը տարածուեցաւ մինչեւ Եգիպտոսի մուտքը, որովհետեւ նա շատ ուժովացաւ։  Եւ Ոզիան աշտարակներ շինեց Երուսաղէմումն Անկեան դռան վերայ, եւ Ձորի դռան վերայ եւ անկիւնումը, եւ նորանց ամրացրեց։ 10  Եւ աշտարակներ շինեց անապատումը, եւ շատ ջրհորներ փորեց, որովհետեւ շատ անասուններ ունէր հովիտումը եւ դաշտումը. երկրագործներ եւ այգեգործներ՝ սարերումը եւ Կարմեղոսումը, որովհետեւ երկրագործութիւն սիրող էր։ 11  Եւ Ոզիան գունդերով պատերազմի դուրս եկող պատերազմ անող զօրքեր ունէր՝ Յէիէլ դպրապետի եւ Մաասիա ոստիկանի ձեռքով շինած համարանքի թիւին համեմատ՝ թագաւորի իշխաններից Անանիայի ձեռքին տակ։ 12  Բոլոր քաջազուն տոհմապետների թիւը երկու հազար վեց հարիւր էր։ 13  Եւ նորանց ձեռքի տակ երեք հարիւր եօթը հազար հինգ հարիւր զինուոր կար՝ զինուորի զօրութեամբ պատերազմողներ, որ թագաւորին օգնում էին թշնամիի դէմ։ 14  Եւ Ոզիան այն ամեն զօրքի համար վահաններ, նիզակներ, սաղավարտներ, զրահներ, աղեղներ եւ քարերի պարսեր պատրաստեց։ 15  Եւ Երուսաղէմումն արուեստաւոր ճարտարութեամբ շինուած մեքենաներ շինեց, որ աշտարակների եւ անկիւնների վերայ կենան՝ նետեր եւ մեծ մեծ քարեր գցելու համար. եւ նորա համբաւը մինչեւ հեռու տեղերը գնաց, որովհետեւ զարմանալի օգնութիւն գտաւ մինչեւ որ ուժովացաւ։ 16  Բայց երբոր զօրացաւ, այն ժամանակ սիրտը հպարտացաւ մինչեւ չարութիւն գործելու, եւ յանցանք գործեց իր Տէր Աստուծոյ դէմ, եւ մտաւ Տիրոջ տաճարը որ խունկի սեղանի վերայ խունկ ծխէ։ 17  Եւ նորա ետեւից Ազարիա քահանան մտաւ, եւ նորա հետ Տիրոջ ութսուն քահանաները որ զօրաւոր մարդիկ էին։ 18  Եւ նորանք Ոզիա թագաւորին դէմ կանգնեցին եւ ասեցին նորան. Քո գործը չէ, ով Ոզիա, որ Տիրոջը խունկ ծխես, այլ Ահարօնի որդիք քահանաներին՝ որոնք սրբուած են խունկ ծխելու. դուրս եկ սրբարանիցը, որովհետեւ յանցանք գործեցիր եւ սա քեզ համար պատիւ չէ Տէր Աստուածանից։ 19  Եւ Ոզիան բարկացաւ, եւ ձեռքին էր բուրվառը որ խունկ ծխէ. եւ նա քահանաների վերայ բարկանալիս՝ բորոտութիւնը երեւեցաւ նորա ճակատին քահանաների առաջին Տիրոջ տանը խունկ ծխելու սեղանի մօտ։ 20  Եւ ետ դառան դէպի նորան Ազարիա քահանայապետը եւ բոլոր քահանաները, եւ ահա նա բորոտուած էր իր ճակատումը, եւ նորան շուտով այնտեղից դուրս հանեցին. եւ հենց ինքն էլ շտապում էր դուրս գալու, որովհետեւ Տէրը նորան զարկել էր։ 21  Եւ Ոզիա թագաւորը բորոտ էր մինչեւ իր մահուան օրը, եւ մի առանձին տան էր բնակվում բորոտուած. որովհետեւ արգիլված էր Տիրոջ տանիցը. իսկ նորա որդին՝ Յովաթամը որ թագաւորի տան վերայ էր, դատում էր երկրի ժողովրդին։ 22  Եւ Ոզիայի մնացորդ պատմութիւնը՝ առաջինը եւ վերջինը՝ գրեց Ամովսի որդի Եսայիա մարգարէն։ 23  Եւ Ոզիան ննջեց իր հայրերի հետ թագաւորների գերեզմանների դաշտումը. որովհետեւ ասեցին, թէ նա բորոտ է։ Եւ նորա որդի Յովաթամը թագաւորեց նորա տեղ։

Ծանոթագրություններ