2 Տարեգրություն 3։1-17

3  Եւ Սողոմոնն սկսեց շինել Տիրոջ տունը Երուսաղէմում Մօրիա սարի վերայ, ուր որ երեւացաւ նորա հայր Դաւիթին այն տեղի վերայ որ Դաւիթը պատրաստել էր Յեբուսացի Ոռնայի կալումը։  Եւ նա սկսեց շինել իր թագաւորութեան չորրորդ տարուայ երկրորդ ամսի երկուսին։  Եւ այս է Սողոմոնի դրած հիմը Աստուծոյ տունը շինելու համար. երկայնությունը նախնի չափով վաթսուն կանգուն, եւ լայնութիւնը քսան կանգուն։  Եւ առաջի սրահի երկայնութիւնը տան լալնութեան համեմատ քսան կանգուն էր, եւ բարձրութիւնը հարիւրեւքսան. եւ նորան պատեց ներսիցը մաքուր ոսկիով։  Եւ մեծ տունը ծածկեց մայր փայտերով, եւ նորան պատեց լաւ ոսկիով, եւ նորա վերայ հանեց արմավենիներ եւ շղթաներ։  Եւ տունը պատեց պատուական ակունքներով շքեղութեան համար եւ ոսկին Փարուիմի ոսկի էր։  Եւ տան գերանները, սեմերը, նորա պատերը եւ նորա դռները ոսկով պատեց, եւ պատերի վերայ քերովբէներ քանդակեց։  Եւ սրբութեանց սրբութիւնի տունը շինեց. նորա երկայնութիւնը տան լայնութեան համեմատ՝ քսան կանգուն, եւ նորա լայնութիւնը՝ քսան կանգուն. եւ նորան պատեց վեց հարիւր տաղանդ մաքուր ոսկիով։  Եւ բեւեռների կշիռը մինչեւ յիսուն սիկղ ոսկի էր. եւ վերնատունները պատեց ոսկիով։ 10  Եւ սրբութեան սրբութիւնում երկու քանդակագործ քերովբէներ շինեց, եւ նորանց պատեց ոսկիով։ 11  Եւ քերովբէների թեւերի երկայնութիւնը քսան կանգուն էր. մէկ թեւը հինգ կանգուն էր որ դպչում էր տան պատին. եւ միւս թեւը՝ հինգ կանգուն էր որ դպչում էր միւս քերովբէի թեւին։ 12  Եւ միւս քերովբէի մէկ թեւը հինգ կանգուն էր, որ դպչում էր տան պատին, եւ միւս թեւը՝ հինգ կանգուն որ կցուած էր միւս քերովբէի թեւին։ 13  Այս քերովբէների տարածուած թեւերը քսան կանգուն էին, որ կանգնած էին իրանց ոտքերի վերայ, եւ նորանց երեսը դեպի տունն էր։ 14  Եւ վարագոյրը շինեց կապուտակից, ծիրենեգոյնից, կարմիրից եւ բեհեզից, նորա վերայ քերովբէներ գործեց։ 15  Եւ տան առաջին երկու սիւն շինեց՝ երեսունեւհինգ կանգուն երկայնութեամբ, եւ ամեն մէկի գլխի խոյակը հինգ կանգուն։ 16  Եւ դաբիրի միջի պէս շղթաներ շինեց եւ դրաւ սիւների գլխներին, եւ հարիւր նուռ շինեց եւ անցրեց շղթաներին. 17  Եւ սիւները կանգնեցրեց տաճարի առաջը՝ մէկը աջ կողմին միւսը ձախ կողմին, եւ աջի անունը դրաւ Յաքին եւ ձախի անունը Բոոզ։

Ծանոթագրություններ