2 Տարեգրություն 36։1-23

36  Եւ երկրի ժողովուրդն առան Յովսիայի որդի Յովաքազին եւ նորան թագաւոր արին իր հօր տեղ Երուսաղէմումը։  Քսանեւերեք տարեկան էր Յովաքազը՝ երբոր թագաւոր եղաւ, եւ երեք ամիս թագաւորեց Երուսաղէմումը։  Եւ նորան հեռացրեց աթոռից Եգիպտոսի թագաւորը Երուսաղէմումը, եւ երկրի վերայ հարիւր տաղանդ արծաթ եւ մէկ տաղանդ ոսկի հարկ դրաւ։  Եւ Եգիպտոսի թագաւորը նորա եղբայր Եղիակիմին թագաւոր դրաւ Յուդայի եւ Երուսաղէմի վերայ, եւ նորա անունը փոխեց Յովակիմ. իսկ նորա եղբայր Յովաքազին առաւ Նեքաւովը եւ տարաւ Եգիպտոս։  Յովակիմը քսանեւհինգ տարեկան էր՝ երբոր թագաւոր եղաւ եւ տասնեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը. եւ չարութիւն արաւ իր Տէր Աստուծոյ աչքի առաջին։  Նորա վերայ եկաւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եւ նորան կապեց կրկնակի ոտնակապերով, որ նորան տանէ Բաբիլոն։  Եւ Նաբուգոդոնոսորը Տիրոջ տան անօթներիցը տարաւ Բաբիլոն եւ դրաւ նորանց Բաբիլոնում իր տաճարի մէջ։  Եւ Յովակիմի մնացորդ պատմութիւնը եւ նորա արած գարշութիւները եւ նորա վերայ գտնուածը, ահա նորանք գրուած են Իսրայէլի եւ Յուդայի թագաւորների գրքումը. եւ նորա որդի Յովաքինը* թագաւոր եղաւ նորա տեղ։  Տասնեւութ տարեկան էր Յովաքինը՝ երբոր թագաւոր եղաւ, եւ երեք ամիս ու տասն օր թագաւորեց Երուսաղէմումը, եւ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին։ 10  Եւ հետեւեալ տարին Նաբուգոդոնոսոր թագաւորը զօրք ուղարկեց, եւ նորան տանել տուաւ Տիրոջ տան պատուական անօթներովը մէկտեղ Բաբիլոն. եւ նորա հօր եղբայր Սեդեկիային թագաւոր դրաւ Յուդայի եւ Երուսաղէմի վերայ։ 11  Քսանեւմէկ տարեկան էր Սեդեկիան՝ երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը։ 12  Եւ չարութիւն արաւ իր Տէր Աստուծոյ աչքի առաջին՝ Տիրոջ բերանից խօսող Երեմիայի առաջին չ’խոնարհուեցաւ։ 13  Եւ Նաբուգոդոնոսոր թագաւորի դէմ ապստամբուեց որ իրան երդում էր տուել Աստուծով, եւ իր պարանոցը խստացրեց, եւ իր սիրտը պնդացրեց, որ Իսրայէլի Տէր Աստուծուն չ’դառնայ։ 14  Քահանաների բոլոր իշխաններն ու ժողովուրդն էլ խիստ շատ անօրէնութիւններ արին ուրիշ ազգերի բոլոր գարշութիւնների պէս, եւ պղծեցին Տիրոջ տունը, որ նա սրբել էր Երուսաղէմումը։ 15  Եւ նորանց հայրերի Տէր Աստուածն ուղարկում էր նորանց իր պատգամաւորների ձեռքով առաւօտանց կանուխ իր պատգամները. որովհետեւ խնայում էր իր ժողովրդին ու իր բնակարանին. 16  Բայց նորանք անարգում էին Աստուծոյ պատգամաւորներին, եւ արհամարհում էին նորա խօսքերը եւ ծաղրում էին նորա մարգարէներին, մինչեւ որ բարձրացաւ Տիրոջ բարկութիւնն իր ժողովրդի վերայ այնպէս որ բժշկութիւն չ’մնաց։ 17  Եւ նորանց վերայ բերաւ Քաղդէացիների թագաւորին, որ նա էլ սրով սպանեց նորանց երիտասարդներին իրանց սրբարանի տանը, եւ չ’խնայեց երիտասարդին, կոյսին, ծերին եւ ալեւորին. բոլորը նորա ձեռքը մատնեց։ 18  Եւ Աստուծոյ տան բոլոր անօթները՝ մեծերը եւ փոքրերը եւ Տիրոջ տան գանձերը եւ թագաւորի եւ նորա իշխանների գանձերը՝ բոլորը տարաւ Բաբիլոն. 19  Եւ այրեցին Աստուծոյ տունը, եւ քանդեցին Երուսաղէմի պարիսպը, եւ նորա ամեն պալատները կրակով այրեցին, եւ նորա բոլոր ազնիւ բաները փչացրին։ 20  Իսկ սուրից մնացածներին գերի տարաւ Բաբիլոն, եւ նորանք նորա ու նորա որդկանցը ծառաներ եղան մինչեւ Պարսից թագաւորութեան թագաւորելը, 21  Որպէս զի Երեմիայի բերանով ասուած Տիրոջ խօսքը կատարուի, մինչեւ որ երկիրը վայելէ իր շաբաթները. աւերման բոլոր օրերը նա շաբաթ պահեց, մինչեւ եօթանասուն տարին լրանալը։ 22  Եւ Պարսից Կիւրոս թագաւորի առաջին տարին, Երեմիայի բերանով ասուած Տիրոջ խօսքը կատարուելով, Տէրը զարթնեցրեց Պարսից Կիւրոս թագաւորի հոգին, եւ նա իր բոլոր թագաւորութեան մէջ մունետիկ կանչել տուաւ, նաեւ գրուածով հրատարակեց ասելով. 23  Այսպէս է ասում Պարսից Կիւրոս թագաւորը. Երկնքի Եհովայ Աստուածը տուել է ինձ երկրի բոլոր թագաւորութիւնները, եւ նա ինձ պատուիրել է նորա համար մի տուն շինել Երուսաղէմումը որ Յուդայումն է։ Ձեզանից ամեն ով որ նորա ժողովրդիցն է, նորա Եհովայ Աստուածն իր հետ լինի, եւ թող գնայ։

Ծանոթագրություններ

36։8 ա Մն. 3:16՝ «Յեքոնիա։»