2 Տարեգրություն 6։1-42

6  Այն ժամանակ Սողոմոնն ասեց. Տէրն ասեց թէ մառախուղում է բնակվում.  Եւ ես քեզ համար բնակուելու տուն շինեցի, այսինքն մի տեղ որ դու յաւիտեան բնակուես։  Եւ թագաւորն իր երեսն դարձրեց եւ օրհնեց Իսրայէլի բոլոր ժողովքը. եւ Իսրայէլի բոլոր ժողովքը կանգնել էր։  Եւ նա ասեց. Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածը, որ իր բերանովը խօսեց իմ հայր Դաւիթի հետ, եւ իր ձեռքովը կատարեց, ասելով.  Այն օրիցն ի վեր որ իմ ժողովուրդն Եգիպտոսից հանեցի, Իսրայէլի բոլոր ցեղերից մի քաղաք չ’ըտրեցի տուն շինելու համար որ իմ անունն այնտեղ լինի, եւ մի մարդի չ’հաւանեցի, որ իմ Իսրայէլ ժողովրդի վերայ առաջնորդ լինի։  Այլ Երուսաղէմն ընտրեցի, որ իմ անունն այնտեղ լինի, եւ Դաւիթին հաւանեցի, որ իմ Իսրայէլ ժողովրդի վերայ լինի։  Եւ իմ հայր Դաւիթը սրտումը դրել էր որ Իսրայէլի Տէր Աստուծոյ անուան համար տուն շինէ։  Եւ Տէրն ասեց իմ հայր Դաւիթին. Որովհետեւ դու քո սրտումը դրել էիր, որ իմ անուան համար մի տուն շինես. լաւ ես արել որ այս բանը դրել ես սրտումդ.  Միայն թէ դու պիտի չ’շինես տունը, այլ քո երանքից դուրս եկող որդիդ՝ նա պիտի տուն շինէ իմ անուան համար։ 10  Եւ Տէրը հաստատեց իր ասած խօսքը, եւ ես կանգնեցի իմ հայր Դաւիթի տեղ եւ նստեցի Իսրայէլի աթոռի վերայ ինչպէս որ Տէրն ասեց, եւ ես շինեցի տունը Իսրայէլի Տէր Աստուծոյ անուան համար։ 11  Եւ այնտեղ դրի տապանակը, ուր որ է Տիրոջ ուխտը, որ նա ուխտեց Իսրայէլի որդկանց հետ։ 12  Եւ նա կանգնեց Տիրոջ սեղանի առաջը բոլոր Իսրայէլի ժողովքի դիմացը. եւ իր ձեռքերը տարածեց. 13  (Որովհետեւ Սողոմոնը մի պղնձի ամբիոն էր շինել եւ նորան դրել գաւիթի մէջտեղը. նորա երկայնութիւնը հինգ կանգուն, եւ հինգ կանգուն նորա լայնութիւնը եւ երեք կանգուն նորա բարձրութիւնը. եւ ինքը կանգնեց նորա վերայ, եւ իր ծունկերը կրկնեց Իսրայէլի բոլոր ժողովքի առաջը, եւ իր ձեռքերը տարածեց դէպի երկինք.) 14  Եւ ասեց. Ով Տէր Աստուած Իսրայէլի, քեզ պէս Աստուած չ’կայ երկնքումը եւ երկրումս, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քո առաջին բոլոր սրտանց գնացող ծառաներիդ համար. 15  Որ պահեցիր ծառայիդ՝ իմ հայր Դաւիթի համար այն որ նորան ասեցիր. որ ասել էիր քո բերանովը՝ եւ քո ձեռքովը կատարեցիր, ինչպես այսօր։ 16  Եւ հիմա, ով Իսրայէլի Տէր Աստուած պահիր ծառադ իմ հայր Դաւիթի համար այն, ինչ որ նորա հետ խօսեցիր ասելով. Քեզանից մարդ չի պակասիլ իմ առաջին Իսրայէլի աթոռի վերայ նստող, միայն եթէ քո որդիքը պահեն իրանց ճանապարհը, որ իմ օրէնքովը գնան, ինչպէս որ դու գնացիր իմ առաջին։ 17  Եւ արդ, ով Իսրայէլի Տէր Աստուած, թող հաստատուի քո խօսքը, որ քո ծառայ իմ հայր Դաւիթի հետ խօսեցիր։ 18  Բայց իրա՞ւ Աստուած կ’բնակուէ մարդկանց հետ երկրիս վերայ. ահա երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, ո՞ւր մնաց իմ այս շինած տունը։ 19  Սակայն նայիր քո ծառայի աղոթքին եւ նորա աղերսանքին, ով իմ Տէր Աստուած, որ լսես այս պաղատանքը եւ այս աղօթքը, որ ծառադ աղօթում է քո առաջին. 20  Որ քո աչքերը բաց լինին այն տան վերայ՝ գիշեր եւ ցերեկ այս տան վերայ, որի համար ասեցիր թէ քո անունը այնտեղ պիտի լինի. որ լսես այն աղօթքը որ ծառադ աղօթում է այս տեղը. 21  Որ լսես ծառայիդ. եւ քո Իսրայէլ ժողովրդի աղերսանքը, որ մատուցանում են այս տեղը. եւ արդ լսիր դու քո բնակուելու տեղից՝ երկնքիցը, եւ լսելով ներիր։ 22  Եթէ մէկը իր ընկերի դէմ մեղանչէ, եւ նա նորան երդում առաջարկէ նորան երդմնեցնելու համար, եւ երդումը գայ քո սեղանի առաջին այս տունը, 23  Այն ժամանակ դու լսիր երկնքիցը եւ կատարիր, եւ դատիր քո ծառաներին, որ չարին հատուցումը տաս եւ նորա ճանապարհը նորա գլուխը բերես, եւ արդարին արդարացնես, որ նորան հատուցանես իր արդարութեան համեմատ։ 24  Եւ եթէ քո ժողովուրդն Իսրայէլը քեզ դէմ մեղանչելուն համար իր թշնամիի առաջին յաղթուի, եւ դէպի քեզ դառնան եւ քո անուանը փառք տան եւ աղօթեն ու աղերսեն քո առաջին այս տանը, 25  Այն ժամանակ դու լսիր երկնքիցը եւ ներիր քո Իսրայէլ ժողովրդի մեղքը, եւ նորանց ետ դարձրու այն երկիրը, որ տուել ես նորանց՝ եւ նորանց հայրերին։ 26  Եւ երբոր երկինքը գոցուի եւ անձրեւ չ’լինի նորանց քեզ դէմ մեղանչելուն համար, եւ նորանք աղօթք անեն այստեղ եւ փառք տան քո անուանը, եւ ետ դառնան իրանց մեղքերիցը քո նորանց նեղելու պատճառով, 27  Այն ժամանակ դու լսիր երկնքումը եւ ներիր քո ծառաների եւ քո ժողովուրդ Իսրայէլի մեղքը, որ նորանց ուսուցանես իրանց գնալու բարի ճանապարհը, եւ անձրեւ տաս քո երկրի վերայ, որ տուել ես քո ժողովրդին իբրեւ ժառանգութիւն։ 28  Երբոր երկրի վերայ սով լինի, ժանտախտ լինի, կամ խորշակահարութիւն, կամ դալուկ, մարախ կամ թրթուր, կամ երբոր նորանց թշնամիները նորանց նեղեն իրանց դռների երկրումը, կամ որ եւ է հարուած կամ հիւանդութիւն լինի, 29  Քո բոլոր Իսրայէլի ժողովրդից մի որ եւ է մարդ ինչ եւ է աղօթք եւ աղերսանք մատուցելու լինի, եւ ամեն մարդ որ իր ցաւը եւ ախտը գիտէ եւ իր ձեռքերը տարածէ դեպի այս տունը, 30  Այն ժամանակ դու լսիր երկնքիցը՝ քո բնակուելու տեղիցը եւ ներիր. եւ տուր այն մարդին իր բոլոր ճանապարհների համեմատ, որ գիտացել ես նորա սիրտը, որովհետեւ դու միայն գիտես մարդկանց որդիների սիրտը։ 31  Որպէս զի քեզանից վախենան որ գնան քո ճանապարհներումը բոլոր այն օրերը, որ նորանք կ’ապրեն այս երկրի երեսին, որ դու տուիր մեր հայրերին։ 32  Եւ օտարականն էլ, որ քո Իսրայէլ ժողովրդիցը չէ, որ հեռու երկրից գայ քո մեծ անուան եւ քո զօրաւոր ձեռքի եւ քո մեկնած բազուկի համար, եւ գայ եւ աղօթք անէ այս տանը. 33  Այն ժամանակ դու լսիր երկնքիցը՝ քո բնակուելու տեղիցը, եւ արա այն օտարականի դէպի քեզ կանչածի բոլորին համեմատ, որպէս զի իմանան երկրի բոլոր ազգերը քո անունը եւ քեզանից վախենան քո Իսրայէլ ժողովրդի պէս, որ իմանան թէ քո անունը կանչուել է այս տան վերայ, որ ես շինեցի։ 34  Երբոր քո ժողովուրդը պատերազմի գնայ իր թշնամիների դէմ այն ճանապարհով որով դու նորանց կ’ուղարկես, եւ նորանք աղօթք անեն դէպի քեզ այս քո ընտրած քաղաքի եւ իմ քո անուան համար շինած տան ճանապարհովը, 35  Այն ժամանակ լսիր երկնքիցը նորանց աղերսանքը եւ նորանց իրաւունք արա։ 36  Երբոր քեզ դէմ մեղանչեն, (որովհետեւ չ’կայ մարդ որ չ’մեղանչէ.) եւ դու նորանց վերայ բարկանաս եւ նորանց մատնես թշնամիի ձեռքը, եւ նորանց գերեվարները նորանց հեռու կամ մօտ երկիր գերի տանեն, 37  Եւ զղջան իրանց սրտովը այն երկրումը, ուր որ գերի են տարուել, եւ դարձի գան եւ դէպի քեզ աղերսեն իրանց գերութեան երկրումն ասելով՝ Մեղք գործեցինք, անօրէնութիւն եւ անիրաւութիւն արինք, 38  Եւ դեպի քեզ դառնան իրանց բոլոր հոգովը իրանց գերութեան երկրումը, ուր որ նորանց գերի են տարել, եւ նորանք աղօթք անեն այն երկրի ճանապարհովը որ դու տուել ես նորանց հայրերին, եւ դէպի այն քաղաքը, որին դու հաւանեցիր, եւ դէպի այս տունը որ ես շինեցի քո անուան համար, 39  Այն ժամանակ լսիր երկնքիցը՝ քո բնակուելու տեղիցը նորանց աղօթքը եւ նորանց աղերսանքը եւ նորանց իրաւունք արա, եւ ներիր քո ժողովրդին որ քեզ դէմ մեղանչել է։ 40  Հիմա, ով իմ Աստուած, թող քո աչքերը բաց լինին եւ քո ականջները մտիկ անեն այս տեղի աղօթքին։ 41  Եւ արդ, ով Տէր Աստուած, վեր գնա քո հանգստեան տեղը, դու եւ քո զօրութեան տապանակը. քո քահանաները, ով Տէր Աստուած, փրկութիւն հագնեն, եւ քո սուրբերն ուրախանան բարութիւնով։ 42  Ով Տէր Աստուած, քո օծեալի երեսը մի մերժիր. յիշիր քո ծառայ Դաւիթին խոստացած ողորմութիւններդ։

Ծանոթագրություններ