2 Տարեգրություն 9։1-31

9  Եւ Սաբայի թագուհին Սողոմոնի համբաւը լսելով՝ նորան խրթին հարցմունքներով փորձելու համար Երուսաղեմ եկաւ խիստ մեծ հանդեսով՝ խունկեր եւ շատ ոսկի եւ պատուական քարեր բեռնած ուղտերով, եւ գնաց Սողոմոնի մօտ, եւ նորա հետ խօսեց իր սրտումը եղած բոլոր բաները։  Եւ Սողոմոնը մեկնեց նորա համար նորա ամեն խօսքերը. եւ Սողոմոնի համար մէկ գաղտնի բան չկար, որ նա չ’մեկներ նորա համար։  Եւ Սաբայի թագուհին տեսաւ Սողոմոնի իմաստութիւնը եւ նորա շինած տունը.  Եւ նորա սեղանի կերակուրը, նորա ծառաների նստելը եւ նորա սպասաւորների վեր կենալը, եւ նորանց հագուստները եւ նորա մատռուակները, եւ նորանց հագուստները, եւ նորա այն սանդուխքը, որով վեր էր գնում Տիրոջ տունը, եւ ուշը գլխիցը գնաց։  Եւ ասեց թագաւորին. Ճշմարիտ է այն խօսքը որ լսել եմ իմ երկրումը քո խօսքերի եւ քո իմաստութեան համար։  Եւ չէի հաւատում նորանց խօսքերին, մինչեւ որ եկայ եւ իմ աչքերը տեսան. եւ ահա ինձ չէ պատմուել քո շատ իմաստութեան կէսը. դու գերազանց ես այն համբաւիցը, որ ես լսել եմ։  Երանի քո այս մարդկանցը եւ երանի քո այս ծառաներին, որ միշտ քո առաջին կանգնած են եւ լսում են քո իմաստութիւնը։  Քո Եհովայ Աստուածը օրհնեալ լինի, որ քեզ հաւանեց, որ քեզ թագաւոր դնէ իր աթոռի վերայ քո Եհովայ Աստուծոյ համար. քո Աստուածը Իսրայէլին սիրեց որ նորան յաւիտեան հաստատէ, եւ քեզ նորանց վերայ թագաւոր դրաւ իրաւունք եւ արդարութիւն անելու։  Եւ նա թագաւորին հարիւր քսան տաղանդ ոսկի եւ խիստ շատ խունկ եւ պատուական քարեր տուաւ. եւ այնպիսի խունկ՝ որ Սաբայի թագուհին տուաւ Սողոմոն թագաւորին, չէ եղած։ 10  Եւ Քիրամի ծառաները եւ Սողոմոնի ծառաներն էլ, որ Ոփիրից ոսկի էին բերում, ալմուգ փայտեր եւ պատուական քարեր էլ բերին։ 11  Եւ թագաւորն այն ալմուգ փայտերից Տիրոջ տան համար եւ թագաւորի տան համար աստիճաններ շինեց, եւ երգիչների համար քնարներ եւ տաւիղներ, եւ նորանց պէս նորանից առաջ չէր տեսնուած Յուդայի երկրումը։ 12  Եւ Սողոմոն թագաւորը տուաւ Սաբայի թագուհիին բոլոր նորա փափագածը, որ ուզեց բացի այն որ ինքը բերել էր թագաւորի համար. եւ նա ետ դառաւ գնաց իր երկիրը ինքը եւ իր ծառաները։ 13  Եւ մէկ տարուայ միջոցին Սողոմոնի համար եկած ոսկիի կշիռն էր վեց հարիւր վաթսունվեց տաղանդ ոսկի։ 14  Բացի այն որ առեւտուր անողները եւ վաճառականները բերում էին, եւ բացի այն ոսկիից եւ արծաթից որ Արաբացիների թագաւորները եւ երկրի նախարարները բերում էին Սողոմոնի համար։ 15  Եւ Սողոմոն թագաւորը երկու հարիւր վահան շինեց կռածոյ ոսկիից. վեց հարիւր սիկղ կռածոյ ոսկի գնաց իւրաքանչիւր վահանի համար։ 16  Եւ երեք հարիւր ասպար կռածոյ ոսկիից. երեք հարիւր սիկղ ոսկի գնաց իւրաքանչիւր ասպարի համար. եւ թագաւորը դրաւ դորանց Լիբանանի անտառի տանը։ 17  Եւ թագաւորը մի փղոսկրյա մեծ աթոռ շինեց եւ նորան մաքուր ոսկիով պատեց։ 18  Եւ այն աթոռը վեց աստիճան եւ մէկ ոսկի պատուանդան ունէր աթոռին կցուած. եւ նստելու տեղը այս եւ այն կողմից յենարաններ ունէր. եւ երկու առիւծներ կային այդ յենարանների մօտ։ 19  Եւ տասներկու առիւծներ էին կանգնած այնտեղ վեց աստճանների վերայ այս եւ այն կողմից. այսպիսի բան չէր շինուած ոչ մի թագաւորութիւնում։ 20  Եւ Սողոմոն թագաւորի բոլոր խմելիքի անօթները եւ Լիբանանի անտառի տան անօթները մաքուր ոսկիից էին, արծաթից չէին, Սողոմոնի օրերին նա մի բան չէր համարվում։ 21  Որովհետեւ թագաւորը նաւեր ունէր, որ Քիրամի ծառաների հետ գնում էին Թարսիս. երեք տարին մէկ անգամ գալիս էին Թարսիսի նաւերը՝ բեռնուած ոսկիով եւ արծաթով, փղոսկրով, կապիկներով եւ սիրամարգերով։ 22  Եւ մեծացաւ Սողոմոն թագաւորը երկրի բոլոր թագաւորներից հարստութիւնով եւ իմաստութիւնով։ 23  Եւ երկրի բոլոր թագաւորները փափագում էին Սողոմոնի երեսին, որ լսեն նորա այն իմաստութիւնը որ տուել էր նորա սրտին։ 24  Եւ նորանց ամեն մէկը բերում էր իր ընծան արծաթի անօթներ եւ ոսկի անօթներ, հանդերձներ, զէնք եւ խնկեղեններ, ձիեր եւ ջորիներ տարուց տարի։ 25  Եւ Սողոմոնը ձիերի եւ կառքերի համար չորս հազար ախոռ ունէր, եւ տասներկու հազար ձիաւոր. եւ նա նորանց դրաւ կառքերի քաղաքներում եւ թագաւորի մօտ Երուսաղէմում։ 26  Եւ նա թագաւորում էր բոլոր թագաւորների վերայ Եփրատ գետից մինչեւ Փղշտացիների երկիրը, եւ մինչեւ Եգիպտոսի սահմանը։ 27  Եւ թագաւորը արծաթը Երուսաղէմում քարի նման հասարակ բան շինեց, եւ եղեւնափայտը դաշտի մոլաթզենիի պէս շատ արաւ։ 28  Եւ Սողոմոնի համար ձիեր էին բերում Եգիպտոսից եւ ամեն երկիրներից։ 29  Եւ Սողոմոնի առաջին ու վերջին գործերի մնացորդը, ահա նորանք գրուած են Նաթան մարգարէի պատմութիւնումը, եւ Սիլօնացի Աքիայի մարգարէութիւնումը, եւ Ադդով տեսանողի Նաբատեան Յերոբովամի վերայ գրած տեսիլքներումը։ 30  Եւ Սողոմոնը թագաւորութիւն արաւ Երուսաղէմում բոլոր Իսրայէլի վերայ քառասուն տարի։ 31  Եւ Սողոմոնը ննջեց իր հայրերի հետ, եւ նորան թաղեցին իր հայր Դաւիթի քաղաքումը. եւ նորա որդի Ռոբովամը թագաւոր եղաւ նորա տեղ։

Ծանոթագրություններ