2 Օրենք 12։1-32

12  Սորանք են այն կանոնները եւ դատաստանները, որոնք դուք պիտի պահէք եւ անէք այն երկրի վերայ, որ ձեր հայրերի Եհովայ Աստուածը ձեզ կ’տայ ժառանգելու համար՝ բոլոր ժամանակը որչափ որ երկրի վերայ ապրէք։  Բոլորովին կործանեցէք այն բոլոր տեղերը, ուր որ այն ազգերը՝ որոնց կ’նուաճէք՝ իրանց աստուածներին պաշտել են բարձր սարերի վերայ, բլուրների վերայ եւ ամեն տերեւալից ծառերի տակ.  Նաեւ քանդեցէք նորանց սեղանները, եւ կոտրատեցէք նորանց արձանները, եւ նորանց Աստարովթները կրակով այրեցէք, եւ նորանց աստուածների կուռքերը փշրեցէք, եւ այն տեղից ոչնչացրէք նորանց անունները։  Իսկ ձեր Եհովայ Աստուծուն այսպէս չ’անէք.  Այլ դուք որոնեցէք այն տեղը, որ ձեր Եհովայ Աստուածը ձեր ամեն ցեղերի միջից կ’ընտրէ իր անունի բնակութեան համար, եւ այնտեղ գնաս։  Եւ այնտեղ տանէք ձեր ողջակէզները, ձեր զոհերը, ձեր տասանորդները, եւ ձեր ձեռքի բարձրացնելու պատարագները, ձեր ուխտերը, ձեր կամաւոր ընծաները եւ ձեր արջառների ու ոչխարների առաջինեկները։  Եւ այնտեղ ուտէք ձեր Եհովայ Աստուծոյ առաջին, եւ ձեր ամեն ձեռնարկած բաների մէջ ուրախանաք դուք եւ ձեր ընտանիքը, որ քո Եհովայ Աստուածը քեզ օրհնել է։  Մի անէք այն ամենի համեմատ, որ մենք այսօր անում ենք այստեղ, այսինքն՝ ամեն ինչ որ մարդի աչքերին հաճոյ է.  Որովհետեւ մինչեւ հիմա չ’հասաք այն հանգստութեանը եւ ժառանգութեանը, որ ձեր Եհովայ Աստուածը տալիս է ձեզ։ 10  Բայց դուք Յորդանանը կ’անցնէք եւ կ’բնակուէք այն երկրումը, որ ձեր Եհովայ Աստուածը ձեզ ժառանգել կ’տայ. եւ ձեր բոլոր շրջակայ թշնամիներից ձեզ կ’հանգստացնէ, եւ ապահովութեամբ կ’բնակուէք։ 11  Եւ կ’լինի այն տեղը, որ ձեր Եհովայ Աստուածը կ’ընտրէ որ իր անունը բնակուէ այնտեղ, այնտեղ տանէք բոլորը ինչ որ ձեզ պատուիրում եմ՝ ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդները, ձեր ձեռքի բարձրացնելու պատարագները եւ ձեր բոլոր ուխտերի ընտիրը, որ կ’ուխտէք Եհովային։ 12  Եւ ձեր Եհովայ Աստուծոյ առաջին ուրախութիւն անէք, դուք՝ եւ ձեր տղերքն ու աղջկերքը, ձեր ծառաները եւ աղախինները. եւ ձեր դռներումը եղող Ղեւտացին, որովհետեւ նա ձեզ հետ բաժին եւ ժառանգութիւն չ’ունի։ 13  Զգուշացիր, մի գուցէ ողջակէզներդ մատուցանես ամեն տեղ որ տեսնես. 14  Այլ այնտեղ մատուցանես քո ողջակեզները, որ Եհովան քո ցեղերի մէկումը կ’ընտրէ, եւ այնտեղ կատարես ամեն ինչ որ ես պատուիրում եմ քեզ։ 15  Սակայն սրտիդ բոլոր ուզածին պէս անասուններ մորթիր, եւ միս կեր, քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած օրհնութեան համեմատ քո ամեն դռներումը. անմաքուրը եւ մաքուրը ուտեն նորան այծեամի եւ եղջերուի պէս։ 16  Բայց արիւնը չ’ուտէք. ջրի պէս գետինը թափէք նորան։ 17  Բնաւ չ’ուտես քո դռներումը ցորենիդ, գինիիդ եւ իւղիդ տասանորդները, արջառներիդ եւ հօտերիդ առաջինեկները, բոլոր ուխտ արած ուխտերդ, եւ կամաւոր ու բարձրացնելու պատարագներդ. 18  Այլ քո Եհովայ Աստուծոյ առաջին ուտես այն տեղումը, որ քո Եհովայ Աստուածը կ’ընտրէ, դու եւ քո տղան եւ քո աղջիկը, քո ծառան եւ քո աղախինը, եւ քո դռներումը եղող Ղեւտացին. եւ ուրախանաս քո Եհովայ Աստուծոյ առաջին քո բոլոր ձեռնարկած բաների վերայ։ 19  Զգուշացիր, մի գուցէ Ղեւտացիին անտես անես, քո կեանքի բոլոր օրերումը երկրի վերայ։ 20  Երբոր քո Եհովայ Աստուածը քո սահմանը լայնացնէ ինչպէս որ քեզ ասել է, եւ ասես՝ Միս ուտեմ, որովհետեւ սիրտդ ուզում էր միս ուտել, սրտիդ բոլոր ուզածի պէս միս կեր։ 21  Եթէ քեզանից հեռու լինի այն տեղը, որ քո Եհովայ Աստուածը կ’ընտրէ իր անունը այնտեղ դնելու համար, այն ժամանակ քեզ պատուիրածիս պէս քո արջառներից եւ ոչխարներից մորթես, որոնք Եհովան քեզ կ’տայ, եւ սրտիդ բոլոր ուզածին պէս քո դռներումն ուտես։ 22  Եւ ինչպէս որ այծեամն ու եղջերուն է ուտվում, նորանց էլ այնպէս ուտես. անմաքուրն ու մաքուրը միակերպ ուտեն։ 23  Բայց զգուշացիր, որ արիւնը չ’ուտես. որովհետեւ արիւնը ոգին է, եւ ոգին մսի հետ չ’ուտես. 24  Նորան չ’ուտես. այլ ջրի պէս գետինը թափես։ 25  Նորան մի ուտիր, որ քեզ համար եւ քեզանից յետոյ քո որդկանց համար բարի լինի՝ Եհովայի առաջին ուղիղը անելովդ։ 26  Բայց քո նուիրելու բաները եւ ուխտերը վեր առնես եւ գնաս այն տեղը, որ Եհովան կ’ընտրէ։ 27  Եւ կատարես քո ողջակէզները՝ միսը եւ արիւնը քո Եհովայ Աստուծոյ սեղանի վերայ. բայց քո զոհերի արիւնը քո Եհովայ Աստուծոյ սեղանի վերայ թափուի, եւ միսը ուտես։ 28  Զգոյշ եղիր եւ լսիր այս բոլոր խօսքերին, որոնք ես քեզ պատուիրում եմ, որպէս զի բարի լինի քեզ համար եւ քեզանից յետոյ քո որդկանց համար մինչեւ յաւիտեան՝ քո Եհովայ Աստուծոյ առաջին բարի եւ հաճոյ եղածը անելովդ։ 29  Երբոր քո Եհովայ Աստուածը քո առաջիցը ջարդէ այն ազգերին, որոնց մօտ դու գնում ես նորանց ժառանգելու, եւ երբոր նորանց ժառանգես եւ նորանց երկրումը բնակուես, 30  Զգուշացիր, մի գուցէ նորանց ետեւիցը որոգայթի մէջ ընկնես նորանք քո առաջից բնաջինջ լինելուց յետոյ, եւ մի գուցէ նորանց աստուածների վերայով հարցուփորձ անես, ասելով. Այս ազգերը ի՞նչպէս էին իրենց աստուածներին պաշտում. որ ես էլ այնպէս անեմ։ 31  Դու քո Եհովայ Աստուծուն այնպէս չ’անես, որովհետեւ նորանք Եհովայի համար ատելի եղած բոլոր գարշելի բաներն իրանց աստուածներին անում էին. որովհետեւ նորանք իրանց աստուածների համար մինչեւ անգամ իրանց տղայոց ու աղջկերանցը կրակով այրում էին։ 32  Ամեն ինչ որ ես ձեզ պատուիրում եմ, զգուշացիր այն անելու. նորա վերայ մի բան չ’աւելացնես, եւ նորանից մի բան չ’պակասեցնես։

Ծանոթագրություններ