2 Օրենք 16։1-22

16  Աբիբ ամիսն զգուշութեամբ պահես, եւ Զատիկն անես քո Եհովայ Աստուծոյ համար. որովհետեւ քո Եհովայ Աստուածը Աբիբ ամսումը գիշերով հանեց քեզ Եգիպտոսիցը։  Զատկի համար քո Եհովայ Աստուծուն ոչխարներ ու արջառներ մորթես այն տեղումը՝ որ Եհովան կ’ընտրէ իր անունի բնակութեան համար.  Նորա հետ խմորուած հաց չ’ուտես. եօթն օր նեղութեան անխմոր հաց ուտես նորա հետ. որովհետեւ Եգիպտոսի երկրից տագնապով դուրս եկար. որպէս զի քո կեանքի բոլոր օրերումը Եգիպտոսի երկրից դուրս եկած օրդ յիշես։  Եւ քո բոլոր սահմաններումը եօթն օր բնաւ խմոր չ’երեւայ քեզ մօտ. եւ առաջի օրուայ իրիկունը մորթած մսիցդ մինչեւ առաւօտը չ’մնայ։  Դու չես կարող քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած դռներիդ մէկումը զատիկը մորթել.  Այլ միայն այն տեղումը որ քո Եհովայ Աստուածը կ’ընտրէ իր անունի բնակութեան համար, այնտեղ մորթես զատիկը իրիկնադէմին՝ արեգակը մտնելիս, Եգիպտոսից դուրս եկած ժամանակդ։  Եւ քո Եհովայ Աստուծոյ ընտրած տեղը եփես եւ ուտես. եւ առաւօտեան ետ դառնաս՝ վրանդ գնաս։  Վեց օր բաղարջ ուտես. եւ եօթներորդ օրը քո Եհովայ Աստուծոյ համար տօնախմբութեան օր լինի. գործ չ’անես։  Դու քեզ համար եօթը շաբաթ համարես, հունձքի մէջ մանգաղը սկսելիս սկսիր համարել եօթը շաբաթ։ 10  Եւ քո Եհովայ Աստուծոյ համար շաբաթների տօն անես, քո Եհովայ Աստուծուն քեզ տուած օրհնութեան համեմատ՝ ձեռքիցդ եկած կամաւոր նուէրը տաս. 11  Եւ ուրախութիւն անես քո Եհովայ Աստուծոյ առաջին դու եւ քո տղան եւ աղջիկը, քո ծառան եւ աղախինը, եւ քո դռներումն եղող Ղեւտացին, եւ ձեր միջումը գտնուած օտարականը, որբը եւ որբեւայրին այն տեղը՝ որ քո Եհովայ Աստուածը կ’ընտրէ իր անունի բնակութեան համար։ 12  Եւ յիշիր որ դու ծառայ էիր Եգիպտոսումը, եւ այս կանոնները զգուշութեամբ կատարիր։ 13  Եօթն օր տաղաւարահարաց տօնը պահես քո կալը եւ հնձանը ժողովելուց յետոյ։ 14  Եւ տօնիդ մէջ ուրախութիւն անես՝ դու եւ քո տղան եւ աղջիկը, քո ծառան եւ աղախինը եւ դռներումդ եղող Ղեւտացին, օտարականը, որբը եւ որբեւայրին։ 15  Քո Եհովայ Աստուծոյ համար եօթն օր տօն պահելով ուրախութիւն անես այն տեղումը, որ Եհովան կ’ընտրէ, որովհետեւ քո Եհովայ Աստուածը կ’օրհնէ քեզ քո բոլոր բերքերովը եւ ձեռքիդ բոլոր գործքերովը։ 16  Տարին երեք անգամ՝ այսինքն բաղարջակերաց տօնին, շաբաթների տօնին եւ տաղաւարահարաց տօնին՝ քո ամեն արուները քո Եհովայ Աստուծոյ առաջին երեւան այն տեղումը որ ինքը կ’ընտրէ. եւ մէկը դարտակ չ’երեւայ. 17  Ամեն մարդ ձեռքիցը եկածի չափ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած օրհնութեան համեմատ տայ։ 18  Քեզ համար դատաւորներ եւ ոստիկաններ կարգես քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած ամեն քաղաքներումը քո ցեղերի համեմատ, եւ նորանք արդար դատաստանով ժողովրդին դատեն։ 19  Իրաւունքը չ’ծռես, աչառութիւն չ’անես, եւ կաշառք չ’առնես. որովհետեւ կաշառքը կուրացնում է իմաստունների աչքերը եւ արդարների բանը դարձնում է։ 20  Արդարութեան՝ արդարութեան հետեւես, որ ողջ մնաս եւ ժառանգես այն երկիրը, որ քո Եհովայ Աստուածը տալու է քեզ։ 21  Ոչ մի ծառից աստարօթ չ’տնկես քո Եհովայ Աստուծոյ սեղանի մօտ, որ պիտի շինես քեզ համար. 22  Արձան էլ չ’կանգնեցնես քեզ համար, որից քո Եհովայ Աստուածը զզվում է։

Ծանոթագրություններ