2 Օրենք 26։1-19

26  Երբոր մտնես այն երկիրը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կ’տայ իբրեւ ժառանգութիւն, եւ նորան ժառանգես եւ այնտեղ բնակուես,  Այն ժամանակ երկրի ամեն պտուղների երախայրիներիցն առնես, որոնք կ’ժողովես քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկրիցը եւ դնես մէկ կողովի մէջ եւ գնաս այն տեղը, որ քո Եհովայ Աստուածը կ’ընտրէ իր անունը այնտեղ դնելու համար.  Եւ գնաս այն օրերը եղող քահանայի մօտ եւ ասես. Ես այսօր քո Եհովայ Աստուծուն յայտնում եմ, որ ես մտայ այն երկիրը, որի համար Եհովան մեր հայրերին երդում էր արել որ մեզ տայ։  Եւ քահանան կողովը քո ձեռքիցն առնէ եւ նորան քո Եհովայ Աստուծոյ սեղանի առաջը դնէ.  Եւ դու պատասխան տաս եւ ասես քո Եհովայ Աստուծոյ առաջին. Իմ հայրս մի թափառող Ասորի էր, եւ իջաւ Եգիպտոս, եւ այնտեղ քիչ հոգիներով պանդխտութիւն արաւ եւ մէկ մեծ, զօրաւոր եւ բազմաթիւ ազգ դառաւ.  Եւ Եգիպտացիները մեզ չարչարեցին, մեզ նեղեցին եւ մեզ վերայ ծանր ծառայութիւններ դրին.  Եւ մենք դէպի մեր հայրերի Եհովայ Աստուածն աղաղակեցինք. եւ Եհովան լսեց մեր ձայնին եւ տեսաւ մեր նեղութիւնը, աշխատութիւնը եւ մեր զրկանքը.  Եւ Եհովան մեզ հանեց Եգիպտոսից զօրաւոր ձեռքով եւ բարձր բազուկով, մեծ ահարկութիւններով, նշաններով եւ հրաշքներով.  Եւ մեզ այս տեղը բերաւ, եւ մեզ տուաւ այս երկիրը՝ կաթ ու մեղր բղխող երկիրը։ 10  Եւ արդ ինձ տուած երկրիդ պտուղների երախայրիները բերում եմ, ով Եհովայ։ Եւ նորանց քո Եհովայ Աստուծոյ առաջը դնելով՝ Եհովայ Աստուծուդ առաջին երկրպագութիւն անես. 11  Եւ քո Եհովայ Աստուծոյ քեզ եւ քո տանը տուած բոլոր բարիքներովը ուրախութիւն անես, դու եւ Ղեւտացին եւ ձեր մէջ եղող օտարականը։ 12  Երբոր տասանորդի տարին՝ երրորդ տարին՝ քո արդիւնքների բոլոր տասանորդները տաս վերջացնես, եւ նորանց Ղեւտացիին, օտարականին, որբին եւ որբեւայրիին տաս, եւ նորանք քո դռներումը ուտեն եւ կշտանան, 13  Այն ժամանակ քո Եհովայ Աստուծոյ առաջին ասես. Սուրբ եղած բանը բոլորովին տանիցս հանեցի, եւ քո բոլոր ինձ հրամայած պատուիրանքների համեմատ՝ Ղեւտացիին, օտարականին, որբին եւ որբեւայրիին տուի, քո պատուիրանքները զանց չ’արի եւ չ’մոռացայ. 14  Սուգիս օրերումը նորանից չ’կերայ, եւ անմաքուր բանի չ’գործածեցի , եւ նորանից մեռելի համար չ’տուի. իմ Եհովայ Աստուծոյ խօսքին լսեցի. բոլոր ինձ պատուիրածիդ համեմատ արի։ 15  Նայիր երկնքից՝ քո սուրբ բնակարանիցը, եւ օրհնիր քո Իսրայէլ ժողովրդին, եւ այն երկիրը որ տուիր մեզ, ինչպէս որ մեր հայրերին երդում էիր արել, մի երկիր որ կաթ ու մեղր է բղխում։ 16  Այսօր քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրում է, որ այս կանոնները եւ դատաստանները կատարես. եւ նորանց պահես եւ կատարես բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ։ 17  Դու այսօր Եհովային խօսք ես տալիս, որ նա քեզ համար Աստուած լինի, եւ դու նորա ճանապարհներումը գնաս, եւ նորա կանոնները, պատուիրանքները եւ դատաստանները պահես, եւ նորա ձայնին լսես. 18  Եհովան էլ այսօր քեզ խօսք է տալիս, որ դու իր համար սեպհական ժողովուրդ լինես, ինչպէս որ քեզ ասել է, որ նորա բոլոր պատուիրանքները պահես. 19  Եւ նա քեզ բոլոր իր ստեղծած ազգերիցը գերազանց անէ գովութիւնով, համբաւով եւ փառքով, որ սուրբ ժողովուրդ լինես քո Եհովայ Աստուծոյ համար, ինչպէս որ ասել է։

Ծանոթագրություններ