2 Օրենք 27։1-26

27  Եւ Մովսէսն Իսրայէլի ծերերի հետ պատուիրեց ժողովրդին ասելով. Պահեցէք այն բոլոր պատուիրանքները, որոնք ես այսօր պատուիրում եմ ձեզ։  Եւ այն օրը երբոր Յորդանանից անց կենաս քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկիրը, քեզ համար մեծ քարեր կանգնեցնես եւ նորանց կիրով ծեփես.  Եւ այս օրէնքի բոլոր խօսքերը գրես նորանց վերայ, երբոր անց կենաս որ մտնես այն երկիրը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կ’տայ՝ մի երկիր որ կաթ ու մեղր է բղխում, ինչպէս որ քո հայրերի Եհովայ Աստուածը քեզ ասել է։  Ուրեմն երբոր Յորդանանիցն անց կենաս, այսօրուայ քեզ պատուիրածիս պէս՝ այս քարերը Գեբաղ սարի վերայ կանգնեցնես եւ նորանց կիրով ծեփես։  Եւ այնտեղ քո Եհովայ Աստուծոյ համար մէկ սեղան շինես՝ քարի սեղան նորանց վերայ երկաթ չ’բարձրացնես.  Ամբողջ քարերիցը շինես քո Եհովայ Աստուծոյ սեղանը, եւ նորա վերայ ողջակէզներ մատուցանես քո Եհովայ Աստուծուն.  Եւ խաղաղութեան զոհեր մատուցանես՝ եւ այնտեղ ուտես, եւ քո Եհովայ Աստուծոյ առաջին ուրախանաս.  Եւ այս օրէնքի բոլոր խօսքերը գրես այն քարերի վերայ լաւ փորագրուած։  Եւ Մովսէսը եւ Ղեւտացի քահանաները խօսեցին բոլոր Իսրայէլի հետ ասելով. Լուռ կաց եւ լսիր, ով Իսրայէլ. Դու այսօր քո Եհովայ Աստուծոյ համար ժողովուրդ եղար. 10  Ուրեմն լսիր քո Եհովայ Աստուծոյ ձայնին եւ կատարիր նորա պատուիրանքները եւ կանոնները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ։ 11  Եւ նոյն օրը Մովսէսը ժողովրդին պատուիրեց ասելով. 12  Երբոր Յորդանանիցն անց կենաք, սորանք կանգնեն Գարիզին սարի վերայ ժողովուրդն օրհնելու՝ Շմաւոն, Ղեւի, Յուդա, Իսաքար, Յովսէփ ու Բենիամին. 13  Եւ սորանք կանգնեն անէծքի համար Գեբաղ սարի վերայ՝ Ռուբէն, Գադ, Ասեր, Զաբուղոն, Դան եւ Նեփթաղիմ։ 14  Եւ Ղեւտացիները պատասխանեն եւ ասեն Իսրայէլի բոլոր մարդկանցը հետ բարձր ձայնով. 15  Անիծեալ է այն մարդը, որ փորուած կամ ձուլածոյ կուռք շինէ Եհովայի առաջին պիղծ արուեստաւորի ձեռագործ, եւ մի ծածուկ տեղ դնէ. եւ բոլոր ժողովուրդը պատասխանեն եւ ասես. Ամէն։ 16  Անիծեալ է իր հօրը կամ մօրը անարգողը. եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։ 17  Անիծեալ է իր դրացիի սահմանը փոխողը. եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։ 18  Անիծեալ է կոյրին ճանապարհից մոլորեցնողը. եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։ 19  Անիծեալ է պանդուխտի, որբի եւ որբեւայրիի իրաւունքը ծռողը, եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։ 20  Անիծեալ է իր հօր կնկայ հետ պառկողը. որովհետեւ իր հօր քղանցքը բաց է անում, եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։ 21  Անիծեալ է որ եւ իցէ անասունի հետ պառկողը. եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։ 22  Անիծեալ է իր հօր աղջիկը կամ իր մօր աղջիկն եղող իր քրոջ հետ պառկողը. եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։ 23  Անիծեալ է իր զոքանչի հետ պառկողը. եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։ 24  Անիծեալ է իր դրացիին ծածուկ մեռցնողը. եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։ 25  Անիծեալ է անմեղ մարդ մեռցնելու համար կաշառք առնողը. եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։ 26  Անիծեալ է նա որ չ’կենայ այս օրէնքի ամեն խօսքերի մէջ որ նորանց կատարէ. եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։

Ծանոթագրություններ