2 Օրենք 28։1-68

28  Եւ եթէ քո Եհովայ Աստուծոյ ձայնին ուշադրութեամբ լսես որ զգուշութեամբ կատարես նորա բոլոր պատուիրանքները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, քո Եհովայ Աստուածն էլ քեզ երկրիս բոլոր ազգերիցը գերազանց կ’անէ։  Եւ այս բոլոր օրհնութիւնները քեզ վերայ կ’գան քեզ կ’հասնեն, եթէ քո Եհովայ Աստուծոյ ձայնին լսես։  Դու քաղաքի մէջ օրհնեալ, եւ դաշտի մէջ օրհնեալ կ’լինես.  Օրհնեալ կ’լինի քո որովայնի պտուղը, եւ քո երկրի պտուղը, եւ քո անասունների պտուղը, կովերիդ ծնունդը եւ ոչխարներիդ հօտերը.  Օրհնեալ կ’լինի քո կողովը եւ քո տաշտը.  Դու օրհնեալ կ’լինես մտնելիս եւ օրհնեալ կ’լինես դուրս գալիս։  Եհովան քո առաջին ջարդել կ’տայ քեզ վերայ վեր կենող թշնամիներիդ. նորանք քեզ դէմ մէկ ճանապարհով դուրս կ’գան, բայց քո առաջիցը եօթը ճանապարհով կ’փախչեն։  Եհովան օրհնութիւնը կ’ուղարկէ քեզ քո շտեմարաններումը եւ քո ամեն ձեռնարկելու բաներումը. եւ քեզ կ’օրհնէ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկրումը։  Ինչպէս որ քեզ երդում է արել, եթէ քո Եհովայ Աստուծոյ հրամանները պահես եւ նորա ճանապարհներումը գնաս, Եհովան քեզ իր համար սուրբ ժողովուրդ կ’հաստատէ. 10  Եւ երկրիս ամեն ժողովուրդները կ’տեսնեն, որ Եհովայի անունը կոչուած է քեզ վերայ, եւ քեզանից կ’վախենան։ 11  Եւ Եհովան քեզ առատութիւն կ’տայ քո բարութեան համար, քո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը եւ քո երկրի պտուղը շատացնելով այն երկրի վերայ, որ Եհովան քո հայրերին երդում արաւ քեզ տալու համար։ 12  Եհովան իր բարութեան գանձը՝ այսինքն երկինքը քեզ համար կ’բանայ, որ քո երկրի անձրեւը տայ իր ժամանակին, եւ քո ձեռքի ամեն գործը օրհնէ. եւ դու շատ ազգերի փոխ կ’տաս, բայց դու փոխ չես առնիլ։ 13  Եւ Եհովան գլուխ կ’անէ քեզ, եւ ոչ թե ագի. դու միշտ բարձրումը կ’լինես, եւ ցածումը չես լինիլ, եթէ քո Եհովայ Աստուծոյ պատուիրանքներին լսես, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ որ պահես եւ կատարես, 14  Եւ չ’խոտորուես այն բոլոր խօսքերիցը, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, աջ կամ ձախ, օտար աստուածների ետեւից գնալու համար, որ նորանց ծառայութիւն անես։ 15  Բայց եթէ քո Եհովայ Աստուծոյ խօսքին չ’լսես, եւ չ’պահես եւ չ’անես նորա բոլոր պատուիրանքները եւ կանոնները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, այն ժամանակ այս ամեն անէծքները քեզ վերայ կ’գան եւ քեզ կ’հասնեն։ 16  Անիծեալ կ’լինես դու քաղաքի մէջ, եւ անիծեալ դաշտի մէջ. 17  Անիծեալ կ’լինի քո կողովը եւ քո տաշտը. 18  Անիծեալ՝ քո որովայնի պտուղը, եւ քո երկրի պտուղը, կովերիդ ծնունդը եւ ոչխարներիդ հոտերը. 19  Անիծեալ կ’լինես մտած ժամանակդ եւ դուրս եկած ժամանակդ։ 20  Եհովան անէծք, տառապանք եւ յանդիմանութիւն կ’ուղարկէ քեզ համար քո ամեն ձեռնարկած գործքումը որ անում ես, մինչեւ որ բնաջինջ լինես, շուտով կորչես քո չար գործքերի համար, որ ինձ ձգեցիր։ 21  Եհովան քեզ կ’կպցնէ ժանտախտը, մինչեւ որ քեզ վերջացնէ այն երկրի երեսից, ուր որ դու կ’մտնես նորան ժառանգելու։ 22  Եհովան քեզ կ’զարկէ ծիւրական ախտով, հրատագնապ տենդով, ջերմով եւ այրող տաքութիւնով, երաշտութիւնով, եւ խորշակահարութիւնով եւ բոյսերի դալուկով. եւ քեզ կ’հալածեն մինչեւ որ կորչես։ 23  Գլխիդ վերայի երկինքը պղնձի, եւ տակիդ երկիրը երկաթի կ’դառնայ։ 24  Եհովան քո երկրի անձրեւի տեղ հող ու փոշի կ’տայ. նորանք երկնքիցը քեզ վերայ կ’իջնեն մինչեւ որ բնաջինջ լինես։ 25  Եհովան քո թշնամիների առաջին քեզ ջարդել կ’տայ. մէկ ճանապարհով դուրս կ’գաս նորանց դէմ, եւ եօթը ճանապարհով կ’փախչես նորանց առաջից. եւ երկրիս բոլոր թագաւորութիւնների մէջ թափառական կ’լինես. 26  Եւ քո մարմինը երկնքի բոլոր թռչուններին եւ երկրի բոլոր գազաններին կերակուր կ’լինի. եւ քշող չի լինիլ։ 27  Եհովան Եգիպտոսի պալարներով, թանչով, քոսոտութիւնով եւ եռքով կ’զարկէ քեզ, որ նորանցից չ’կարողանաս բժշկուիլ։ 28  Եհովան ապուշութիւնով եւ կուրութիւնով եւ սրտադողով կ’զարկէ քեզ. 29  Եւ դու կես օրուայ ժամանակին կը խարխափես ինչպէս որ կոյրն է խաւարի մէջ խարխափում, եւ չես յաջողիլ քո ճանապարհներումը. եւ միշտ զրկուած եւ յափշտակուած կ’լինես, եւ ազատող չի լինիլ։ 30  Դու կնկան կը նշանուես, եւ ուրիշը կ’պառկէ նորա հետ. տուն կ’շինես, եւ նորա մէջ չես բնակուիլ. այգի կ’տնկես, նորա խաղողը չես ժողովիլ. 31  Եզդ աչքիդ առաջին կ’մորթուի, բայց դու նորանից չես ուտիլ. էշդ քո առաջիցը կ’յափշտակուի, եւ քեզ ետ չի տրուիլ. հօտերդ քո թշնամիներին կ’մատնուին, եւ քեզ համար ազատող չի լինիլ։ 32  Քո տղերքն ու աղջկերքը մի ուրիշ ժողովրդի կ’տրուին, եւ աչքերդ կ’տեսնեն, եւ բոլոր օրը նորանց համար կ’նուաղեն. եւ քո ձեռքումդ ոյժ չի լինիլ։ 33  Քո երկրի արդիւնքը եւ քո բոլոր աշխատութիւնը մի ժողովուրդ կ’ուտէ, որին դու չես ճանաչում. եւ ամեն օր միայն զրկուած եւ ճնշուած կ’լինես. 34  Եւ կ’խելագարուես աչքերիդ տեսածիցը, որ պիտի տեսնես։ 35  Եհովան կ’զարկէ քո ծունկերին եւ սրունքներին չար պալարներով, որ չ’կարողանաս բժշկութիւն գտնել, ոտքիդ թաթիցը մինչեւ գլխիդ գագաթը։ 36  Եհովան կ’տանէ քեզ եւ քո վերայ դրած թագաւորիդ այն ազգին, որին ոչ դու էիր ճանաչում, ոչ քո հայրերը. եւ այնտեղ կ’ծառայես օտար աստուածների՝ փայտի եւ քարի։ 37  Եւ դու զարմանքի եւ առակի եւ կատակի ենթակայ կ’լինես այն բոլոր ժողովուրդների մէջ, ուր որ Եհովան քեզ կ’տանէ։ 38  Արտիդ մէջ շատ սերմ կ’հանես, եւ քիչ կ’ժողովես. որովհետեւ մարախները պիտի ուտեն նորան։ 39  Այգիներ կ’տնկես եւ կ’դարմանես, բայց գինի չես խմիլ, եւ խաղողը չես ժողովիլ. որովհետեւ որդերը պիտի ուտեն նորան։ 40  Քո ամեն սահմաններումը ձիթենիներ կ’ունենաս, բայց իւղով չես օծուիլ. որովհետեւ ձիթապտուղներդ պիտի թափուին։ 41  Տղերք եւ աղջկերք կ’ծնես, բայց քոնը չեն լինիլ. այլ գերութեան կ’գնան։ 42  Բոլոր ծառերդ եւ երկրիդ պտուղները խառնիճը կ’գրաւէ։ 43  Քո միջի օտարականը քեզանից գերազանց կ’լինի, եւ քեզանից շատ կ’բարձրանայ, բայց դու ցած եւ ցած կ’իջնես. 44  Նա քեզ փոխ կ’տայ, բայց դու նորան փոխ չես տալ. նա գլուխ կ’լինի եւ դու կ’լինես ագի։ 45  Եւ այս բոլոր անէծքները քեզ վերայ կ’գան, քեզ կ’հալածեն, եւ քեզ կ’հասնեն, մինչեւ որ բնաջինջ լինես. որովհետեւ քո Եհովայ Աստուծոյ խօսքին չ’լսեցիր, որ քեզ հրամայած պատուիրանքներն ու կանոնները պահես։ 46  Եւ նորանք քեզ վերայ նշան եւ հրաշք կ’լինեն եւ քո սերունդի վերայ՝ յաւիտեան։ 47  Որովհետեւ քո Եհովա Աստուծուն ծառայութիւն չարիր ուրախութեամբ եւ յօժար սրտով ամեն բանի առատութեան համար, 48  Նորա համար դու կ’ծառայես քո թշնամիներին, որոնց Եհովան քեզ վերայ կ’ուղարկէ՝ սովով, ծարաւով, մերկութիւնով եւ ամեն կարօտութիւնով. եւ նա քո պարանոցի վերայ երկաթէ լուծ կ’դնէ, մինչեւ որ բնաջինջ անէ քեզ։ 49  Եհովան քեզ վերայ հեռուից՝ երկրի ծայրերիցը արծուի թռչելու պէս մի ազգ կ’բերէ, մի ազգ որի լեզուն դու չես հասկանալ, 50  Մի պինտերես ազգ, որ ծերերին պատիւ չի անիլ, եւ տղայի վերայ գութ չի ունենալ. 51  Եւ նա քո անասունների պտուղը եւ երկրիդ պտուղը կ’ուտէ, մինչեւ որ դու բնաջինջ լինես. որովհետեւ քեզ համար չի թողիլ ցորեն, գինի, իւղ, կովերիդ ծնունդները եւ ոչխարներիդ հօտերը, մինչեւ որ քեզ բնաջինջ անէ. 52  Եւ քեզ կ’պաշարէ քո բոլոր դռներումը, մինչեւ որ կործանուին քո բարձր եւ ամուր պարիսպները, որոնց վերայ դու ապաւինում ես, քո բոլոր երկրումը. եւ քեզ կ’պաշարէ քո ամեն դռներումը քո բոլոր երկրի մէջ, որ քո Եհովայ Աստուածը քեզ կ’տայ. 53  Եւ պաշարման ժամանակին եւ քո թշնամին քեզ նեղը գցած ժամանակին քո որովայնի պտուղը՝ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած քո տղայոց եւ աղջկերանց միսը կ’ուտես։ 54  Քո միջի քնքուշ եւ շատ փափուկ մարդը իր եղբօրը եւ իր ծոցի կնկայ եւ իր ողջ թողած որդկանցը ծուռ աչքով պիտի նայէ, 55  Որպէս զի նորանցից մէկին չ’տայ իր որդկանց մսիցը, որ ուտում է. ըստ որում պաշարման ժամանակին եւ քո թշնամին ամեն դռներումդ քեզ նեղը գցած ժամանակին մի բան չի մնալ նորան։ 56  Քո միջի քնքուշ եւ փափուկ կինը, որ իր փափկութիւնիցը եւ քնքշութիւնիցը ոտքը գետնի վերայ կոխելու սովորած չէր, ծուռ աչքով պիտի նայէ իր ծոցի մարդին, իր տղային, իր աղջկանը, 57  Եւ իր ոտքերի մէջտեղից դուրս եկած տղայի ընկերին, եւ իր ծնած զաւակներին. որովհետեւ պաշարման ժամանակին՝ եւ քո թշնամիներին քո դռներումը քեզ նեղը գցած ժամանակին ամեն բանի պակասելու համար ծածկաբար պիտի ուտէ նորանց։ 58  Եթէ այս գրքի մէջ գրուած այս օրէնքի ամեն խօսքերը զգուշութեամբ չ’կատարես, որ վախենաս այն պատուական եւ ահաւոր անունիցը՝ ՔՈ ԵՀՈՎԱՅ ԱՍՏՈՒԱԾԱՆԻՑԸ, 59  Եհովան էլ կ’զարկէ քեզ եւ քո սերունդին անսովոր հարուածներով, մեծ եւ երկարատեւ հարուածներով, չար եւ երկայն հիւանդութիւններով. 60  Եւ քեզ վերայ կ’դարձնէ Եգիպտոսի բոլոր հիւանդութիւնները, որոնցից դու վախենում ես, եւ նորանք քեզ կ’փակչեն։ 61  Նաեւ ամեն հիւանդութիւն եւ ամեն հարուած, որ այս օրէնքների գրքումը գրուած չէ, Եհովան քեզ վերայ կ’բերէ, մինչեւ որ դու բնաջինջ լինես. 62  Եւ սակաւաթիւ մնաք դուք, որ շատութեամբ երկնքի աստղերի պէս էիք, քո Եհովայ Աստուծոյ խօսքին չ’լսելուդ համար։ 63  Եւ ինչպէս որ Եհովան ուրախացաւ ձեզ վերայ ձեզ բարութիւն անելով եւ ձեզ շատացնելով, այնպէս էլ կ’ուրախանայ Եհովան ձեզ վերայ ձեզ կորցնելով եւ բնաջինջ անելով, եւ կ’ջնջուէք այն երկրի վերայից, ուր որ հիմա գնում ես նորան ժառանգելու։ 64  Եւ Եհովան քեզ պիտի ցրուէ բոլոր ազգերի մէջ երկրիս մէկ ծայրիցը մինչեւ միւս ծայրը, եւ այնտեղ ծառայութիւն կ’անես օտար աստուածների՝ փայտի եւ քարի, որոնք չէիր ճանաչել՝ ոչ դու, ոչ քո հայրերը. 65  Եւ այն ազգերի մէջ հանգստութիւն չես գտնիլ, եւ ոտքիդ թաթին հանգչելու տեղ չի լինիլ. եւ Եհովան քեզ այնտեղ դողացող սիրտ կ’տայ, աչքի նուաղում ու հոգիի տրտմութիւն. 66  Եւ կեանքդ առաջումդ կախման մէջ կ’լինի, եւ գիշեր ցերեկ կ’վախենաս, եւ կեանքումդ ապահով չես լինիլ. 67  Առաւօտը կ’ասես. Երանի թէ իրիկուն լիներ, եւ իրիկունը կ’ասես. Երանի թէ առաւօտ լինէր, սրտիդ ահուդողիցը եւ աչքերիդ տեսած բաներիցը։ 68  Եւ Եհովան քեզ ետ կ’դարձնէ նաւերով Եգիպտոս այն ճանապարհովը, որի համար քեզ ասեցի թէ այլ եւս նորան չ’տեսնես. եւ կ’ծախուիք այնտեղ ծառաներ եւ աղախիններ լինելու ձեր թշնամիներին, եւ ծախու առնող չի լինիլ։

Ծանոթագրություններ