2 Օրենք 30։1-20

30  Եւ երբոր քեզ վրայ գան այս բոլոր բաները՝ թէ անէծքը եւ թէ օրհնութիւնը, որ քո առաջին դրի, եւ դու քո սրտի մէջ դառնաս այն բոլոր ազգերի մէջ, ուր որ քո Եհովայ Աստուածը քեզ կ’քշէ,  Եւ քո Եհովայ Աստուծուն դառնաս, եւ նորա խօսքը լսես, բոլորովին ինչպէս որ ես այսօր քեզ պատուիրեցի, դու եւ քո որդիքը բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ,  Քո Եհովայ Աստուածն էլ քեզ գերութիւնից ետ կ’դարձնէ եւ քեզ կ’ողորմէ եւ դարձեալ կ’ժողովէ քեզ այն ամեն ազգերիցը, ուր որ քո Եհովայ Աստուածը քեզ ցրուել էր։  Եթէ մինչեւ երկնքի ծայրը քշուած էլ լինէիր, քո Եհովայ Աստուածը քէզ այնտեղից էլ կ’ժողովէ, եւ այնտեղ էլ կ’առնէ քեզ։  Եւ քո Եհովայ Աստուածը կ’բերէ քեզ քո հայրերի ժառանգած երկիրը, եւ կը ժառանգես նորան, եւ քեզ բարութիւն կ’անէ եւ քո հայրերիցն աւելի կ’շատացնէ քեզ.  Եւ քո Եհովայ Աստուածը կ’թլփատէ քո սիրտը եւ քո որդկանց սիրտը, որ բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ քո Եհովայ Աստուծուն սիրես, որ ապրես։  Եւ քո Եհովայ Աստուածն այս բոլոր անէծքները կը բերէ քո թշնամիների վերայ՝ քեզ ատողների եւ հալածողների վերայ։  Եւ դու ետ կ’դառնաս եւ կ’լսես Եհովայի խօսքը, կ’կատարես նորա բոլոր պատուիրանքները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ։  Եւ քո Եհովայ Աստուածը կ’առատացնէ քո ձեռքի բոլոր գործքերը, որովայնիդ պտուղը, անասուններիդ պտուղը եւ երկրիդ պտուղը բարիքի համար. որովհետեւ Եհովան դարձեալ կուրախանայ քեզ վերայ բարիքի համար, ինչպէս որ քո հայրերի վերայ ուրախացաւ, 10  Երբոր դու քո Եհովայ Աստուծոյ ձայնին հնազանդես, եւ այս օրէնքի գրքի մէջ գրուած Աստուծոյ պատուիրանքները եւ կանոնները պահես, եւ բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ քո Եհովայ Աստուծուն դառնաս։ 11  Որովհետեւ այս պատուիրանքը, որ ես այսօր քեզ պատուիրում եմ, քեզ համար անիմանալի չէ, եւ հեռու չէ։ 12  Նա երկնքումը չէ որ ասես թէ Ո՞վ վեր կ’ելնէ մեզ համար երկինքը, եւ կ’բերէ նորան մեզ համար, որ լսենք նորան եւ անենք։ 13  Եւ ծովի այն կողմումն էլ չէ, որ ասես թէ՝ Ո՞վ կ’անցնէ մեզ համար ծովի այն կողմը, եւ կ’բերէ մեզ համար, որ լսենք նորան եւ անենք. 14  Որովհետեւ խօսքը քեզանից շատ մօտ է, բերանումդ ու սրտումդ է, որ դու նորան կատարես։ 15  Տես, ես այսօր քո առաջն եմ դնում կեանքը եւ բարին, մահը եւ չարը. 16  Որ ես այսօր քեզ պատուիրում եմ, որ քո Եհովայ Աստուծուն սիրես, նորա ճանապարհներումը գնաս, եւ նորա պատուիրանքները, կանոնները եւ դատաստանները պահես, որ ապրես եւ շատանաս, եւ քո Եհովայ Աստուածը քեզ օրհնէ այն երկրումը, ուր որ գնում ես նորան ժառանգելու համար։ 17  Բայց եթէ քո սիրտը ետ դառնայ, եւ չ’լսես, այլ մոլորուելով ուրիշ աստուածների երկրպագութիւն անես եւ նորանց պաշտես, 18  Ես ձեզ այսօր իմաց եմ տալիս, որ անպատճառ կ’կորչէք, երկար կեանք չէք ունենալ այն երկրի վերայ, ուր որ Յորդանանն անցնելով գնում ես նորան ժառանգելու համար։ 19  Այսօր երկինքն ու երկիրը վկայ եմ կանչում ձեզ վերայ, որ կեանքը ու մահը, օրհնութիւնը եւ անէծքը ձեր առաջը դրի. ուրեմն կեանքը ընտրիր որ ապրես՝ դու եւ քո սերունդը. 20  Որ քո Եհովայ Աստուծուն սիրես՝ նորա ձայնին լսես, եւ նորան յարես, որովհետեւ նա է քո կեանքը եւ քո օրերի երկայնութիւնը, որ բնակուես այն երկրի վերայ, որ Եհովան քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արաւ նորանց տալու համար։

Ծանոթագրություններ