2 Օրենք 4։1-49

4  Եւ հիմա ով Իսրայէլ, լսիր այն կանոնները եւ դատաստանները որ ես ձեզ սովորեցնում եմ որ անէք, որպէս զի ողջ մնաք, եւ մտնէք ժառանգէք այն երկիրը որ ձեր հայրերի Եհովայ Աստուածը տալիս է ձեզ։  Չ’աւելացնէք այն խօսքի վերայ, որ ես ձեզ պատուիրում եմ եւ նորանից չ’պակասացնէք, որ ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքները պահէք, որոնք ես ձեզ պատուիրում եմ։  Ձեր աչքերը տեսան ինչ որ Եհովան Բելփեգովրին արաւ, որովհետեւ Բելփեգովրի ետեւից գնացող մարդկանցը քո Եհովայ Աստուածը քո միջիցը փչացրեց։  Բայց դուք, որ ձեր Եհովայ Աստուծուն յարեցաք, ամենքդ այսօր ողջ էք։  Ահա սովորեցրի ձեզ կանոններ եւ դատաստաններ, ինչպէս որ իմ Եհովայ Աստուածը պատուիրեց ինձ, որ այնպէս անէք այն երկրում, ուր որ պիտի մտնէք նորան ժառանգելու համար։  Հիմա պահեցէք եւ արէք. որովհետեւ նա է ձեր իմաստութիւնը եւ հանճարը ազգերի առաջին, որոնք այս բոլոր կանոնները լսելով պիտի ասեն. Իրաւ այս մեծ ազգը մի իմաստուն եւ հանճարեղ ժողովուրդ է։  Որովհետեւ ո՞րն է այն մեծ ազգը, որ իր աստուածները իր մօտ լինեն ինչպէս մեր Եհովայ Աստուածը ամեն բանում, որ նորանից խնդրում ենք։  Եւ ո՞րն է այն մեծ ազգը, որ արդար կանոններ ու դատաստաններ ունենայ իմ այսօր ձեր առաջին դրած այս բոլոր օրէնքի նման։  Միայն զգոյշ եղիր եւ քո հոգիին շատ զգուշութիւն արա, որ մի գուցե մոռանաս այն բոլոր բաները որ քո աչքերը տեսան, եւ մի գուցե նորանք սրտիցդ դուրս գան քո կենաց բոլոր օրերումը, այլ քո որդիներին եւ որդկանցդ որդիներին սովորեցնես։ 10  Այն օրը որ դու Քորեբումը կանգնել էիր քո Եհովայ Աստուծոյ առաջին, Եհովան ինձ ասեց. Ժողովրդին ինձ մօտ ժողովիր , եւ ես իմ խօսքերը լսել տամ նորանց, որպէս զի սովորեն ինձանից վախենալը բոլոր այն օրերումը որ երկրի վերայ կ’ապրեն եւ իրանց որդիներին էլ սովորեցնեն։ 11  Եւ դուք մօտեցաք եւ կանգնեցիք այն սարի տակ. եւ սարը մինչեւ բուն երկինքը կրակով բորբոքուել էր, խաւարով, ամպով, եւ մառախուղով։ 12  Եւ Եհովան խօսեց ձեզ հետ կրակի միջիցը. խօսքերի ձայնը դուք լսեցիք. բայց մի նմանութիւն չ’տեսաք, բայց միայն ձայն։ 13  Եւ իմացրեց ձեզ իր ուխտը որ պատուիրեց ձեզ անել տասը պատուիրանքները. եւ նորանց գրեց երկու հատ քարի տախտակների վերայ։ 14  Եւ այն ժամանակ Եհովան ինձ պատուիրեց, որ ձեզ կանոններ եւ դատաստաններ սովորեցնեմ, որ դուք նորանց գործադրէք այն երկրումը, ուր որ կ’մտնէք նորան ժառանգելու համար։ 15  Եւ ձեր հոգիներին շատ զգուշութին արէք. որովհետեւ ոչ մի նմանութիւն չ’տեսաք այն օրը որ Եհովան Քորեբումը կրակի միջիցը ձեզ հետ խօսեց, 16  Մի գուցե անօրինանաք, եւ ձեզ համար կուռք՝ մի որ եւ իցէ կերպարանքի պատկեր՝ արուի եւ կամ էգի նմանութիւնը, 17  Երկրի վերայ եղող անասունի նմանութիւնը, օդի մէջ թռչող թեւաւոր թռչունի նմանութիւնը, 18  Երկրի վերայ սողացողի նմանութիւնը, կամ երկրի տակ ջրերումը եղող ձկան նմանութիւնը շինէք. 19  Եւ մի գուցէ աչքերդ դէպի երկինքը բարձրացնես, եւ տեսնես արեգակը կամ լուսինը կամ աստղերը՝ երկնքի բոլոր զարդը եւ խաբուես, եւ նորանց երկրպագութիւն անես, եւ նորանց պաշտես, որոնց որ քո Եհովայ Աստուածը բոլոր երկնքի տակումը եղող ազգերի համար նշանակեց։ 20  Բայց Եհովան ձեզ առաւ, եւ ձեզ երկաթի հնոցիցը՝ Եգիպտոսիցը հանեց, որ իր սեպհական* ժողովուրդ լինէք, այս օրուայ պես։ 21  Եւ Եհովան ձեր պատճառով բարկացաւ ինձ վերայ եւ երդում արաւ որ Յորդանանիցը չ’անցնեմ եւ չ’մտնեմ այն բարի երկիրը՝ որ քո Եհովայ Աստուածը քեզ է տալիս իբրեւ ժառանգութիւն. 22  Որովհետեւ ես այս երկրումը կ’մեռնեմ, եւ Յորդանանիցը չեմ անցնիլ. բայց դուք կ’անցնէք եւ այն բարի երկիրը կ’ժառանգէք։ 23  Զգոյշ կացէք, մի գուցէ ձեր Եհովայ Աստուծոյ ձեզ հետ արած ուխտը մոռանաք, եւ ձեզ համար կուռք՝ մի որ եւ իցէ բանի նմանութիւնը շինէք, որ քո Եհովայ Աստուածը քեզ արգելեց։ 24  Որովհետեւ քո Եհովայ Աստուածը մաշող կրակ է. նա նախանձոտ Աստուած է։ 25  Երբոր դուք որդիներ եւ որդկանց որդիներ ծնելու լինէք, եւ անօրինանաք, եւ կուռք՝մի որ եւ իցէ բանի նմանութիւն շինէք, եւ ձեր Եհովայ Աստուծոյ առաջին այս չարութիւնը անէք որ նորան բարկացնէք, 26  Ահա այսօր երկինքն ու երկիրը վկայ եմ կանչում, որ դուք անպատճառ շուտով բնաջինջ կ’լինէք այն երկրիցը, որ Յորդանանովն անց կենալով ժառանգելու էք. այնտեղ ձեր կեանքի օրերը երկար չեն լինիլ, այլ բոլորովին կ’փչանաք։ 27  Եւ Եհովան ձեզ կ’ցրուէ ազգերի մէջ, եւ սակաւաթիւ կ’մնաք այն ազգերի մեջ, ուր որ Եհովան ձեզ կ’քշէ։ 28  Եւ այնտեղ աստուածներ կ’պաշտէք, որ մարդի ձեռքի գործք են՝ քար ու փայտ, որոնք ոչ տեսնում են, ոչ լսում, ոչ ուտում են եւ ոչ հոտոտում։ 29  Եւ այնտեղից կ’որոնես քո Եհովայ Աստուծուն. եւ կ’գտնես, եթէ բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ նորան խնդրես։ 30  Երբոր նեղութիւն ունենաս եւ այս բոլոր բաները վերջին օրերը քեզ պատահեն, եւ դու քո Եհովայ Աստուծուն դառնաս եւ նորա ձայնին լսես, 31  Ըստ որում քո Եհովայ Աստուածը ողորմած Աստուած է, նա քեզ չի փչացնիլ եւ քո հայրերին երդում արած ուխտը չի մոռանալ։ 32  Ուրեմն հարցրու քեզանից առաջ եղած առաջի օրերի մասին՝ այսինքն Աստուած մարդիս երկրի վերայ ստեղծած օրից հետէ երկնքի մէկ ծայրից մինչեւ միւս ծայրը, թէ արդեօք սորա նման մի մեծ բան եղե՞լ է, եւ սորա նման մի բան լսուե՞լ է։ 33  Արդեօք մէկ ազգ լսե՞լ է Աստուծոյ ձայն, որ խօսէ կրակի միջից ինչպէս որ դու լսեցիր, եւ ողջ մնացած լինի. 34  Կամ թէ Աստուած փորձե՞լ է որ գայ մի ազգը մի ազգի միջից իր համար առնէ փորձերով, նշաններով, հրաշքներով, պատերազմով, զօրաւոր ձեռքով եւ բարձր բազուկով եւ մեծ ահարկութիւններով, ինչպէս որ ձեր Եհովայ Աստուածը Եգիպտոսումը ձեզ համար այս բոլոր բաներն արաւ ձեր աչքի առաջին։ 35  Սա քեզ ցոյց տրուեցաւ, որ գիտենաս թէ Եհովան է Աստուած. չ’կայ մի ուրիշը բացի նորանից։ 36  Երկնքից քեզ իր ձայնը լսել տուաւ, որ քեզ խրատէ, եւ երկրի վերայ իրան մեծ կրակը քեզ ցոյց տուաւ, եւ նորա խօսքերը կրակի միջիցը լսեցիր։ 37  Եւ քո հայրերին սիրելու համար նորանցից յետոյ նորանց սերունդը ընտրեց, եւ իր երեսովը մեծ զօրութիւնով քեզ Եգիպտոսիցը հանեց. 38  Որպէս զի քեզանից մեծ եւ զօրաւոր ազգեր քո առաջիցը քշէ, եւ քեզ տանէ՝ նորանց երկիրը քեզ ժառանգութիւն տալու համար, ինչպէս որ այսօր։ 39  Եւ այսօր իմացիր եւ սրտիդ մէջը դիր, որ Եհովան է Աստուած վերը երկնքի մէջ եւ ցածը երկրի վերայ. ուրիշը չ’կայ։ 40  Եւ պահես նորա կանոններն ու պատուիրանքները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, որ քեզ համար եւ քեզանից յետոյ քո որդկանց համար բարի լինի, եւ քո օրերը երկար լինեն այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը տալիս է քեզ ամեն ժամանակի համար։ 41  Այն ժամանակ Մովսէսը երեք քաղաքը ջոկեց Յորդանանի այս կողմումը դէպի արեւելք. 42  Որպէս զի այնտեղ փախչէ մարդասպանը, որը անգիտութեամբ սպանել է իր դրացիին առանց նորա դէմ երէկուանից եւ միւս օրուանից ատելութիւն ունենալու. եւ այս քաղաքների մէկի մէջ փախչէ եւ ողջ մնայ։ 43  Դաշտային երկրի վերայ անապատի միջի Բոսորը Ռուբէնեաններին համար, եւ Գաղաադի միջի Ռամովթը Գադեանների համար։ 44  Սա է այն օրէնքը որ Մովսէսն Իսրայէլի որդկանց առաջը դրաւ։ 45  Սորանք են այն վկայութիւնները, կանոնները եւ դատաստանները, որոնք Մովսէսն Իսրայէլի որդկանց հետ խօսեց՝ նորանց Եգիպտոսից դուրս գալու ժամանակին, 46  Յորդանանի այս կողմումը Բեթփեգովրի դիմացի հովտի մէջ, Եսեբոնումը բնակող Ամօրհացիների Սեհոն թագաւորի երկրումը, որին Մովսէսը եւ Իսրայէլի որդիքը զարկեցին իրանց Եգիպտոսից դուրս գալու ժամանակին։ 47  Եւ առան նորա երկիրը եւ Բասանի Ովգ թագաւորի երկիրը՝ այսինքն Ամօրհացիների երկու թագաւորների երկիրը՝ որ Յորդանանի այս արեւելեան կողմումն էին, 48  Առնոն ձորի եզերքի Արոերից մինչեւ Սիոն սարը որ Հերմոնն է, 49  Եւ Յորդանանի այս արեւելեան կողմում եղած բոլոր դաշտը մինչեւ դաշտի ծովը որ Ասեդովդ–փասգայի ցածումն է։

Ծանոթագրություններ

3։20 Եբր. ժառանգութեան։