2 Օրենք 7։1-26

7  Երբոր քո Եհովայ Աստուածը տանէ քեզ այն երկիրը, ուր որ գնում ես ժառանգելու համար, եւ քո առաջիցը շատ ազգեր հալածէ, այսինքն Քետացիներին, Գերգեսացիներին, Ամօրհացիներին, Քանանացիներին, Փերեզացիներին, Խեւացիներին, եւ Յեբուսացիներին, այս եօթը ազգերին որոնք քեզանից բազմաթիւ եւ զօրաւոր են,  Եւ քո Եհովայ Աստուածը նորանց քո ձեռքը տայ, եւ դու նորանց զարկես, այն ժամանակ նորանց անպատճառ բնաջինջ անես*. նորանց հետ ուխտ չ’անես եւ նորանց չ’ողորմես.  Եւ նորանց հետ խնամութիւն չ’անես, աղջկանդ նորա տղին չ’տաս, եւ նորա աղջկանը քո տղին չ’առնես.  Որովհետեւ քո որդկանցը իմ ծառայութիւնից կ’դարձնեն, եւ նորանք օտար աստուածների կ’պաշտեն. եւ Եհովայի բարկութիւնը ձեզ վերայ կ’բորբոքուէ եւ ձեզ շուտով կ’փչացնէ։  Այլ նորանց այսպէս արէք. նորանց սեղանները կործանեցէք, նորանց արձանները խորտակեցէք, նորանց Աստարովթները կոտրեցէք, եւ նորանց քանդակուած կուռքերը կրակով այրեցէք։  Որովհետեւ դու սուրբ ժողովուրդ ես քո Եհովայ Աստուծոյ համար. քո Եհովայ Աստուածը քեզ ընտրեց, որ դու նորա համար սեպհական ժողովուրդ լինես, երկրի երեսի վերայ եղող բոլոր ազգերի միջից։  Ոչ թէ ձեր ամեն ազգերից շատ լինելուն համար Եհովան ձեզ սիրեց եւ ձեզ ընտրեց, որովհետեւ դուք ամեն ազգերից քիչ էիք.  Այլ Եհովան ձեզ սիրելու համար եւ ձեր հայրերին արած երդումը պահելու համար, Եհովան ձեզ զօրաւոր ձեռքով ծառայութեան տանիցը հանեց, Եգիպտացիների Փարաւօն թագաւորի ձեռքիցն ազատեց։  Եւ գիտացիր որ քո Եհովայ Աստուածն՝ է Աստուած, հաւատարիմ Աստուածը, որ իրան սիրողների եւ իր պատուիրանքները պահողների համար մինչեւ հազար ազգը ուխտ ու ողորմութիւն է պահում։ 10  Եւ պատժում է իրան ատողներին իրանց երեսին՝ նորանց կորցնելով. իրան ատողին պատիժը չի ուշացնում՝ նորա երեսովն է տալիս։ 11  Ուրեմն պահիր այն պատուիրանքները, կանոնները եւ դատաստանները՝ որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, որ նորանք անես։ 12  Եւ կ’լինի նորա փոխանակ, որ այս դատաստանները լսելով նորանք պահես կատարես, քո Եհովայ Աստուածն էլ քեզ համար քո հայրերին երդում արած ուխտը եւ ողորմութիւնը կը պահէ. 13  Եւ քեզ կ’սիրէ եւ քեզ կ’օրհնէ եւ քեզ կ’շատացնէ. եւ կ’օրհնէ քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո ցորենը, քո գինին, քո իւղը, կովերիդ ծնունդը եւ ոչխարներիդ հօտերը այն երկրի վերայ՝ որ քո հայրերին երդում արաւ քեզ տալու համար։ 14  Ամեն ազգերից աւելի օրհնուած կ’լինես. եւ քո մէջը եւ քո անասունների մէջ՝ արու եւ էգ ամուլ չի լինիլ։ 15  Եւ Եհովան վեր կ’առնէ քեզանից ամեն հիւանդութիւնները. եւ Եգիպտացիների այն չար ցաւերը՝ որոնք գիտես, քեզ վերայ չի բերիլ, այլ նորանք քո բոլոր թշնամիների վերայ կ’ուղարկէ։ 16  Եւ դու կ’փչացնես այն բոլոր ազգերին, որոնց քո Եհովայ Աստուածը քո ձեռքը կ’տայ. քո աչքը նորանց չ’խնայէ, եւ նորանց աստուածներին չ’պաշտես, որովհետեւ այն քեզ համար որոգայթ կ’դառնայ։ 17  Եթէ սրտումդ ասես թէ՝ Այն ազգերը ինձանից շատ են, ես ի՞նչպէս կարող եմ նորանց հալածել. 18  Նորանցից մի վախենար. յիշելով յիշիր ինչ որ քո Եհովայ Աստուածն արաւ Փարաւոնին եւ բոլոր Եգիպտացիներին, 19  Այն մեծամեծ փորձերը որ քո աչքերը տեսան, եւ այն նշաններն ու հրաշքները, եւ այն զօրաւոր ձեռքը եւ բարձր բազուկը, որոնցով քո Եհովայ Աստուածը քեզ հանեց. քո Եհովայ Աստուածը այնպէս պիտի անէ այն բոլոր ազգերին, որոնցից դու վախենում ես։ 20  Ու նաեւ քո Եհովայ Աստուածը նորանց վերայ իշամեղուն կ’ուղարկէ, որ մնացածները եւ քո երեսից թաք կացածները կորչեն։ 21  Մի սարսափիր նորանց երեսիցը. որովհետեւ քո Եհովայ Աստուածը՝ այն զօրաւոր եւ ահարկու Աստուածը ձեր միջումն է։ 22  Եւ քո Եհովայ Աստուածը կ’քշէ այն ազգերին քո առաջիցը քիչ քիչ. դու չես կարող նորանց շուտով վերջացնել, որ մի գուցէ դաշտի գազանները քեզ վերայ շատանան։ 23  Եւ քո Եհովայ Աստուածը նորանց քո ձեռքը կ’մատնէ, եւ նորանց մեծ կործանումով կը կործանէ, մինչեւ որ բնաջինջ լինեն 24  Եւ նորանց թագաւորներին քո ձեռքը կ’տայ, եւ նորանց անունները երկնքի տակից կ’ոչնչացես. եւ ոչ մի մարդ չի կարողանալ քեզ դէմ կենալ, մինչեւ որ նորանց բնաջինջ անես։ 25  Նորանց աստուածների քանդակուած կուռքերը կրակով այրես. չ’ցանկանաս նորանց վերայ եղած ոսկիին եւ արծաթին, եւ չ’առնես քեզ համար որ նորանով որոգայթի մէջ չ’բռնուես. որովհետեւ նորանք քո Եհովայ Աստուծոյ առաջին գարշելի են. 26  Եւ մի գարշելի բան տունդ մի տանիր, որ դու էլ նորա պէս նզովուած չ’լինես. բոլորովին զզուիր նորանից, եւ շատ գարշելի համարիր նորան, որովհետեւ նզովուած է նա։

Ծանոթագրություններ

7։2 Նզովես։