2 Օրենք 9։1-29

9  Լսիր, Իսրայէլ. Դու այսօր Յորդանանովն անց ես կենում, որ գնաս ժառանգես քեզանից մեծ եւ զօրաւոր ազգեր, եւ մինչեւ երկինքը պարսպաւոր մեծ քաղաքներ,  Այն մեծ եւ երկայնահասակ ազգը Ենակիմների որդկանցը, որոնց դու ճանաչում ես, եւ լսել ես թէ ո՞վ կ’դիմանայ Ենակի որդկանցը։  Եւ այսօր իմացիր, որ քո Եհովայ Աստուածը քո առաջին գնացողն իբրեւ մաշող կրակ է. նորանց կ’կորցնէ, եւ քո առաջիցը նորանց կ’նուաճէ, եւ դու նորանց կ’հալածես եւ շուտով բնաջինջ կ’անես, ինչպէս որ Եհովան քեզ ասեց։  Սրտիդ մէջ չ’ասես, երբոր քո Եհովայ Աստուածը նորանց քո առաջիցը հալածէ, թէ Եհովան իմ արդարութեան համար ինձ բերաւ որ այս երկիրը ժառանգեմ. բայց Եհովան այս ազգերի անօրէնութեան համար է հալածում նորանց քո առաջից։  Ոչ թէ քո արդարութեան եւ քո սրտի ուղղութեան համար ես մտնում դու նորանց երկիրը ժառանգելու. այլ այն ազգերի անօրէնութեան համար քո Եհովայ Աստուածը նորանց քո առաջիցը քշում է, եւ նորա համար որ հաստատէ այն խօսքը՝ որ քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արաւ։  Եւ իմացիր, որ քո արդարութեան համար չէ որ քո Եհովայ Աստուածը այս բարի երկիրը քեզ է տալիս, որ նորան ժառանգես. որովհետեւ դու մի խստապարանոց ժողովուրդ ես։  Յիշիր, մի մոռանար որ քո Եհովայ Աստուծուն անապատումը բարկացրիր. Եգիպտոսի երկրից դուրս եկած օրիցդ մինչեւ այստեղ գալդ անհնազանդ էիք Եհովային։  Եւ Քորեբումն էլ բարկացրիք Եհովային. եւ Եհովան բարկացաւ որ ձեզ կորցնէ։  Երբոր ես վեր ելայ սարը, որ առնեմ քարի տախտակները՝ տախտակները այն ուխտին՝ որ Եհովան արաւ ձեզ հետ, եւ սարումը մնացի քառասուն օր եւ քառասուն գիշեր. ոչ հաց կերայ եւ ոչ ջուր խմեցի. 10  Եւ Եհովան տուաւ ինձ այն երկու քարի տախտակները Աստուծոյ մատովը գրուած եւ նորանց վերայ գրուած բոլոր այն խօսքերը, որ Եհովան ասեց ձեզ սարումը կրակի միջիցը ժողովքի օրը։ 11  Եւ քառասուն օրից եւ քառասուն գիշերից յետոյ Եհովան տուաւ ինձ այն երկու քարի տախտակները՝ ուխտի տախտակները։ 12  Եւ Եհովան ինձ ասեց. Վեր կաց, շուտով իջիր այստեղից, որովհետեւ ապականուեցաւ քո ժողովուրդը՝ որ Եգիպտոսի երկրից հանեցիր. շուտով խոտորուեցան այն ճանապարհիցը, որ պատուիրեցի նորանց. իրանց համար ձուլածոյ կուռք շինեցին։ 13  Ու նաեւ Եհովան ինձ հետ խօսելով ասեց. Ես տեսայ այս ժողովրդին, եւ ահա մի խստապարանոց ժողովուրդ է նա։ 14  Թող տուր ինձ որ նորանց կորցնեմ, եւ նորանց անունը երկնքի տակից բնաջինջ անեմ, եւ քեզ նորանցից զօրաւոր եւ բազմաթիւ ազգ շինեմ։ 15  Եւ ես ետ դառայ, եւ ցած իջայ սարիցը. եւ սարը կրակով այրվում էր. եւ ուխտի երկու տախտակները իմ երկու ձեռքերի վերայ էին։ 16  Եւ նայեցի, եւ ահա ձեր Եհովայ Աստուծոյ դէմ մեղք էիք գործել՝ ձեզ համար ձուլածոյ որթ էիք շինել, շուտով խոտորուել էիք այն ճանապարհիցը որ Եհովան պատուիրել էր ձեզ. 17  Եւ ես այն երկու տախտակները բռնեցի, եւ գցեցի իմ երկու ձեռքերի վերայից, եւ կոտրատեցի նորանց ձեր աչքերի առաջին։ 18  Եւ առաջուայ պէս վայր ընկայ Եհովայի առաջին քառասուն օր եւ քառասուն գիշեր. ոչ հաց կերայ եւ ոչ ջուր խմեցի ձեր գործած բոլոր մեղքի համար, որ չարութիւն արիք Եհովայի առաջին նորան բարկացնելու համար. 19  Որովհետեւ վախեցայ այն սոսկալի բարկութիւնիցը՝ որով Եհովան ձեզ վերայ բարկացաւ ձեզ կորցնելու համար. սակայն Եհովան այն անգամին էլ լսեց ինձ։ 20  Եւ Եհովան Ահարօնի վերայ շատ բարկացաւ, որ նորան կորցնէր. բայց Ահարօնի համար էլ աղոթք արի։ 21  Եւ ձեր արած մեղքը՝ այսինքն այն որթը առայ, եւ կրակով այրեցի նորան. եւ ծեծելով լաւ փշրեցի նորան, մինչեւ որ մանր փոշի եղաւ. եւ այն փոշին սարիցը իջնող առուի մէջ գցեցի։ 22  Նաեւ Տաբերայում, Մասսայում եւ Կիբրօթ–հաթթաւայում Եհովային բարկացրիք։ 23  Եւ երբոր Եհովան ձեզ Կադէս–Բառնեայից ուղարկեց, եւ ասեց. Վեր ելէք եւ ժառանգեցէք այն երկիրը, որ ես ձեզ տուի, այն ժամանակ ձեր Եհովայ Աստուծոյ հրամանին անհնազանդութիւն արիք, եւ նորան չ’հաւատացիք եւ նորա խօսքին մտիկ չ’արիք։ 24  Դուք անհնազանդութիւն էք անում Եհովային՝ ձեզ ճանաչած օրիցս։ 25  Եւ ես այն քառասուն օրը եւ այն քառասուն գիշերը վայր ընկայ Եհովայի առաջը եւ աղաչեցի, որովհետեւ Եհովան ասեց որ ձեզ կորցնէ։ 26  Եւ ես Եհովային աղաչեցի եւ ասեցի. Ով Տէր Եհովայ, մի կորցնիր քո ժողովրդին եւ ժառանգութիւնը, որ քո մեծութեամբը ազատեցիր եւ զօրաւոր ձեռքով Եգիպտոսից հանեցիր։ 27  Յիշիր քո ծառաներին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին, եւ ուշ մի դարձնիր այս ժողովրդի խստութեանը, անօրէնութեանը ու մեղքին։ 28  Մի գուցէ այն երկիրը, որտեղից մեզ հանեցիր, ասեն թէ Եհովան չ’կարողանալով նորանց տանելու այն երկիրը, որ նորանց խոստացել էր, կամ նորանց ատելով, հանեց նորանց որ անապատումը մեռցնէ։ 29  Եւ սակայն նորանք քո ժողովուրդը եւ ժառանգութիւնն են, որոնց դու քո մեծ զօրութեամբը եւ բարձր բազուկովը հանեցիր։

Ծանոթագրություններ