Առակներ 7։1-27
7 Որդի՛ս, պահիր իմ խոսքերը+ և իմ պատվիրանները գանձի պես հավաքիր քեզ մոտ+։
2 Պահիր իմ պատվիրանները և ապրիր+ ու իմ օրենքը պահպանիր աչքիդ բիբի+ պես։
3 Մատներիդ վրա կապիր դրանք+ և գրիր սրտիդ տախտակին+։
4 Իմաստությանն+ ասա՝ «դու իմ քույրն ես», և հասկացողությանը կանչիր՝ ազգականուհի՛ս,
5 որպեսզի պահեն քեզ օտար կնոջից+, օտարականից, որ շողոքորթող խոսքեր է ասում+։
6 Մի անգամ իմ տան պատուհանից՝ պատուհանի ճաղերից+, ներքև նայեցի,
7 որ դիտեմ անփորձներին+։ Ինձ հետաքրքիր էր երիտասարդների մեջ հետևել մի պատանու, որը խոհեմ սիրտ չուներ+։
8 Նա անցնում էր փողոցով՝ փողոցի անկյան մոտով, որտեղ այդ կնոջ տունն էր. նա քայլում էր նրա տուն տանող ճանապարհով+
9 մթնշաղին, երեկոյան+, երբ մոտենում է գիշերվա խավարը։
10 Եվ հանկարծ նրան մի կին դիմավորեց՝ մարմնավաճառի հանդերձով+, որ խորամանկ սիրտ ուներ։
11 Նա աղմկոտ ու կամակոր է+։ Նրա ոտքերը իր տանը չեն մնում+։
12 Նա մե՛կ դրսում է, մե՛կ հրապարակներում+ և ամեն անկյունում դարանամուտ է լինում+։
13 Նա բռնեց պատանուն, համբուրեց նրան+ և անամոթ երեսով սկսեց խոսել նրա հետ.
14 «Ես պարտավորվել էի խաղաղության զոհեր մատուցել+ և այսօր իմ խոստումները+ կատարեցի։
15 Ահա թե ինչու դուրս եմ եկել, որ հանդիպեմ քեզ, քո երեսը փնտրեմ ու գտնեմ քեզ։
16 Ծածկոցներով զարդարել եմ իմ բազմոցը, երփներանգ բաներով ու Եգիպտոսից բերված կտավով+։
17 Իմ մահճի վրա զմուռս, հալվե և դարչին եմ ցանել+։
18 Եկ մինչև առավոտ սիրով հարբենք ու վայելենք կրքոտ սերը+։
19 Ամուսինս տանը չէ, նա հեռավոր ճանապարհորդության է գնացել+։
20 Նրա ձեռքում քսակով փող կար, նա լիալուսնի օրն է տուն գալու»։
21 Բազում համոզիչ խոսքերով նա մոլորեցրեց նրան+, իր շողոքորթող շուրթերով հրապուրեց նրան+։
22 Եվ ահա նա արդեն գնում է կնոջ հետևից+, ինչպես ցուլ, որ գնում է մորթվելու, և ինչպես մի հիմար, որ կապված է պատժվելու* համար,
23 մինչև որ նետը ճեղքի նրա լյարդը+։ Թռչունի պես նա շտապում է դեպի թակարդը+ և չգիտի, որ իր հոգին է վտանգի ենթարկում+։
24 Հիմա, ո՛վ որդիներ, լսեք ինձ և ուշադրություն դարձրեք բերանիս խոսքերին+։
25 Թող քո սիրտը չշեղվի դեպի նրա ճանապարհները, նրա ճամփաներում մի՛ թափառիր+,
26 որովհետև շատերն են նրա պատճառով կոտորվել+, և բազմաթիվ են նրա կողմից սպանվածները+։
27 Նրա տունը գերեզմանի* ճանապարհներ են+, դեպի մահվան ներքին սենյակներն են իջնում+։