Գործեր 14։1-28
14 Իկոնիոնում+ նրանք միասին մտան հրեաների ժողովարան+ ու այնպես խոսեցին, որ թե՛ հրեաների և թե՛ հույների+ մի մեծ բազմություն հավատացյալ դարձավ։
2 Իսկ այն հրեաները, որ չհավատացին, այլազգի մարդկանց հոգիները գրգռեցին+ և եղբայրների դեմ տրամադրեցին+։
3 Նրանք բավականին ժամանակ մնացին այնտեղ՝ համարձակությամբ խոսելով Եհովայի իշխանությամբ, որը հավանություն տվեց իր անզուգական բարության մասին քարոզվող խոսքին՝ թույլ տալով, որ նրանց ձեռքով նշաններ ու հրաշքներ տեղի ունենան+։
4 Սակայն քաղաքում եղող մարդկանց բազմությունը բաժանվեց. ոմանք հրեաների կողմն էին, ոմանք էլ առաքյալների։
5 Եվ երբ այլազգի մարդիկ ու հրեաները իրենց իշխանների հետ փորձեցին հարձակվել նրանց վրա, որ անարգեն ու քարկոծեն+,
6 նրանք իմացան այդ մասին ու փախան+ Լիկաոնիայի Լյուստրա և Դերբե քաղաքները ու դրանց շրջակա վայրերը։
7 Եվ այնտեղ բարի լուրն էին հռչակում+։
8 Լյուստրայում ոտքերից տկար մի մարդ կար, որն ի ծնե կաղ էր+ ու երբեք չէր քայլել։
9 Այս մարդը նստած լսում էր, թե ինչ էր խոսում Պողոսը, վերջինս էլ, երբ նայեց նրա վրա և տեսավ, որ հավատ ունի+ ու կարող է բուժվել,
10 բարձր ձայնով ասաց. «Ուղիղ կանգնի՛ր ոտքերիդ վրա»։ Եվ նա վեր ցատկեց ու սկսեց քայլել+։
11 Ժողովրդի բազմությունը, տեսնելով Պողոսի արածը, իր ձայնը բարձրացրեց և լիկաոներեն ասաց. «Աստվածները+ մարդկանց պես են դարձել և մեզ մոտ են իջել»։
12 Բառնաբասին Զևս էին կոչում, իսկ Պողոսին՝ Հերմես, քանի որ զրույցը նա էր վարում։
13 Իսկ քաղաքի առջև գտնվող Զևսի տաճարի քուրմը ցլեր ու ծաղկեպսակներ բերեց դարպասների մոտ և բազմության հետ միասին ուզում էր զոհեր մատուցել+։
14 Բայց երբ Բառնաբաս ու Պողոս առաքյալները լսեցին այդ մասին, պատռեցին իրենց հանդերձները և ամբոխի մեջ վազելով՝ բղավեցին.
15 «Ինչո՞ւ եք անում այս բաները։ Մենք էլ մարդիկ ենք+ և նույն թուլություններն ունենք+, որոնք դուք ունեք, և բարի լուրն ենք ձեզ հռչակում, որպեսզի այս ունայն+ բաներից դառնաք դեպի կենդանի Աստվածը+, որը ստեղծեց երկինքը+, երկիրը, ծովը և նրանցում եղող բոլոր բաները։
16 Անցած ժամանակներում նա թույլ տվեց, որ բոլոր ազգերն իրենց ճանապարհներով ընթանան+,
17 այնուհանդերձ ինքն իր մասին անդադար վկայություն տվեց՝ բարիք անելով+. անձրևներ տվեց+ ձեզ երկնքից և պտղաբեր ժամանակներ, լիացրեց ձեզ ուտելիքներով և ձեր սրտերը ուրախությամբ լցրեց»+։
18 Այս բաներն ասելով՝ նրանք հազիվ զսպեցին բազմությանը, որ իրենց համար զոհ չմատուցի։
19 Բայց Անտիոքից և Իկոնիոնից հրեաներ եկան ու համոզեցին ժողովրդին+, և նրանք քարկոծեցին Պողոսին ու քարշ տվեցին քաղաքից դուրս՝ կարծելով, թե նա մեռած է+։
20 Սակայն երբ աշակերտները նրան շրջապատեցին, նա վեր կացավ ու մտավ քաղաք, իսկ հաջորդ օրը Բառնաբասի հետ գնաց Դերբե+։
21 Այն բանից հետո, երբ բարի լուրը հռչակեցին այդ քաղաքում ու շատերին աշակերտ դարձրին+, վերադարձան Լյուստրա, Իկոնիոն և Անտիոք։
22 Նրանք զորացրին աշակերտների հոգիները+, քաջալերեցին նրանց, որ հավատի մեջ մնան, ու ասացին. «Բազում նեղությունների միջով պետք է մտնենք Աստծու թագավորությունը»+։
23 Նաև նրանց համար յուրաքանչյուր ժողովում երեցներ+ նշանակեցին և աղոթք անելուց ու ծոմ պահելուց+ հետո նրանց հանձնեցին Եհովային+, որին նրանք հավատացել էին։
24 Պիսիդիայի միջով անցնելով՝ եկան Պամփյուլիա+
25 և Պերգեում խոսքը քարոզելուց հետո իջան Ատալիա։
26 Այնտեղից էլ նավարկեցին դեպի Անտիոք+, որտեղ իրենց անձերը հանձնել էին Աստծու անզուգական բարությանը այն գործի համար, որն արդեն ամբողջությամբ կատարել էին+։
27 Երբ եկան ու ժողովին հավաքեցին, նրանք պատմեցին+ այն բոլոր բաները, որ Աստված արել էր իրենց միջոցով և որ ազգերի համար բաց էր արել դեպի հավատ տանող դուռը+։
28 Նրանք բավական երկար ժամանակ աշակերտների հետ անցկացրին։