Գործեր 23։1-35
23 Նայելով Սինեդրիոնին՝ Պողոսն ասաց. «Եղբայրնե՛ր, մինչև այս օրը ես Աստծու առաջ բացարձակապես մաքուր խղճով+ եմ վարվել»։
2 Սա լսելով՝ Անանիա քահանայապետը կարգադրեց նրա կողքը կանգնածներին, որ նրա բերանին խփեն+։
3 Այն ժամանակ Պողոսն ասաց նրան. «Աստված պիտի հարվածի՛ քեզ, ա՛յ սպիտակեցրած+ պատ։ Դու նստում ես, որ Օրենքի համաձայն ինձ դատես+ և միևնույն ժամանակ Օրենքը ոտնահարելով+՝ հրամայում ես, որ ինձ խփե՞ն»։
4 Կողքին կանգնածներն ասացին. «Աստծու քահանայապետի՞ն ես վիրավորում»։
5 Պողոսն էլ ասաց. «Եղբայրնե՛ր, ես չգիտեի, որ նա քահանայապետ է, որովհետև գրված է. «Քո ժողովրդի իշխանի մասին անարգանքով մի՛ խոսիր»»+։
6 Երբ Պողոսը նկատեց, որ մի մասը սադուկեցիներ+ են, իսկ մյուսը փարիսեցիներ, Սինեդրիոնում բացականչեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ+՝ փարիսեցիների որդի։ Մահացածների հարության+ հույսի համար եմ դատվում»+։
7 Սա ասելու պատճառով փարիսեցիների ու սադուկեցիների միջև տարաձայնություն+ առաջ եկավ, և բազմությունը բաժանվեց,
8 որովհետև սադուկեցիներն+ ասում են, որ ո՛չ հարություն կա+, ո՛չ հրեշտակ, ո՛չ էլ ոգի, իսկ փարիսեցիները հրապարակորեն դավանում են այդ ամենը։
9 Եվ բարձրաձայն գոռգոռոցներ լսվեցին+, ու փարիսեցիների միջից որոշ դպիրներ ելան ու սկսեցին բորբոքված վիճել ու ասել. «Մենք ոչ մի սխալ բան չենք գտնում այս մարդու մեջ+, բայց եթե ոգի կամ հրեշտակ է խոսել նրա հետ+...»։
10 Երբ տարաձայնությունը սաստկացավ, զորապետը, վախենալով, որ Պողոսին կտոր-կտոր կանեն, հրամայեց զինվորներին+, որ իջնեն, նրանց միջից խլեն նրան և տանեն զորանոց+։
11 Բայց հետևյալ գիշերը Տերը կանգնեց նրա կողքին+ ու ասաց. «Քա՛ջ եղիր+, որովհետև ինչպես Երուսաղեմում իմ մասին հիմնովին վկայություն տվեցիր+, այնպես էլ Հռոմում պետք է վկայես»+։
12 Երբ օրը բացվեց, հրեաները դավադրություն կազմակերպեցին+ և իրենք իրենց երդումով անեծքի տակ դրեցին+՝ ասելով, որ ո՛չ պիտի ուտեն և ո՛չ էլ խմեն, մինչև որ Պողոսին չսպանեն+։
13 Ավելի քան քառասուն մարդ երդում տվեց և այս դավադրությունը կազմակերպեց։
14 Նրանք գնացին ավագ+ քահանաների ու երեցների մոտ և ասացին. «Մենք ինքներս մեզ երդումով անեծքի տակ ենք դրել, որ ոչ մի բան չուտենք, մինչև որ Պողոսին չսպանենք։
15 Ուստի հիմա դուք Սինեդրիոնի հետ միասին զորապետին բացատրեք, թե ինչու պետք է նրան ձեզ մոտ իջեցնի, իբրև թե դուք մտադիր եք ավելի ստույգ իմանալու նրա մասին+։ Ու մինչ նա կմոտենա, մենք պատրաստ կլինենք, որ սպանենք նրան»+։
16 Սակայն Պողոսի քրոջ որդին լսեց նրանց դարանամուտ լինելու մասին+ և եկավ, մտավ զորանոց ու տեղեկացրեց Պողոսին։
17 Պողոսն էլ իր մոտ կանչեց հարյուրապետներից մեկին ու ասաց. «Այս երիտասարդին զորապետի մոտ տար, որովհետև նրան ասելու բան ունի»։
18 Եվ այս մարդը վերցրեց նրան, տարավ զորապետի մոտ ու ասաց. «Բանտարկյալ Պողոսը իր մոտ կանչեց ինձ և խնդրեց այս երիտասարդին քեզ մոտ բերել, քանի որ նա ինչ-որ բան ունի քեզ ասելու»։
19 Զորապետը, բռնելով նրա+ ձեռքից, մի կողմ տարավ ու առանձին հարցրեց. «Ի՞նչ ունես ինձ ասելու»։
20 Նա պատասխանեց. «Հրեաները համաձայնության են եկել խնդրելու քեզ, որ վաղը Պողոսին Սինեդրիոն բերես, իբրև թե մտադիր են ավելի ստույգ իմանալու նրա մասին+։
21 Բայց դու թույլ մի՛ տուր, որ քեզ համոզեն, որովհետև նրանցից ավելի քան քառասուն մարդ դարանամուտ է եղել+ և երդումով անեծքի տակ է մտել, որ ո՛չ պիտի ուտեն, ո՛չ էլ խմեն, մինչև որ նրան չսպանեն+։ Եվ հիմա նրանք պատրաստ են ու քո թույլտվությանն են սպասում»։
22 Ուստի զորապետը թողեց, որ երիտասարդը գնա և պատվիրեց նրան. «Ոչ մեկի մոտ բերանիցդ չթռցնես, որ այս բաներն ինձ իմացրիր»։
23 Ապա կանչեց հարյուրապետներից երկուսին ու ասաց. «Երկու հարյուր զինվոր, յոթանասուն հեծյալ և երկու հարյուր նիզակակիր պատրաստեք, որ գիշերվա երրորդ ժամին* ուղիղ գնան Կեսարիա։
24 Դրանից բացի, բեռնակիր անասուններ տվեք, որ Պողոսին տանեն ու ապահով հասցնեն Ֆելիքս կառավարչի մոտ»։
25 Նա մի նամակ գրեց հետևյալ բովանդակությամբ.
26 «Կլավդիոս Լիսիասը՝ նորին գերազանցություն Ֆելիքս+ կառավարչին. ողջո՛ւյն։
27 Այս մարդուն հրեաները բռնել էին և պատրաստվում էին սպանել, բայց ես զինվորների հետ վրա հասա ու ազատեցի նրան+, որովհետև իմացա, որ հռոմեացի է+։
28 Կամենալով պարզել, թե ինչ պատճառով էին նրան մեղադրում՝ բերեցի նրանց Սինեդրիոն+։
29 Պարզեցի, որ իրենց Օրենքի հետ կապված հարցերի համար էր մեղադրվում+, բայց մահվան կամ կապանքի արժանի ոչ մի բանով չէր ամբաստանվում+։
30 Սակայն քանի որ ինձ տեղեկացվեց, որ նրա դեմ դավադրություն+ պիտի լինի, ես անմիջապես նրան քեզ մոտ եմ ուղարկում՝ մեղադրողներին կարգադրելով, որ նրա մասին քո առաջ խոսեն»+։
31 Այս զինվորները+ վերցրին Պողոսին, իրենց տրված կարգադրությունների համաձայն, ու գիշերով բերեցին Անտիպատրիս։
32 Հաջորդ օրը հեծյալներին թույլ տվեցին, որ նրա հետ գնան, իսկ իրենք վերադարձան զորանոց։
33 Հեծյալներն էլ մտան Կեսարիա+, նամակը հասցրին կառավարչին ու Պողոսին ներկայացրին նրան։
34 Նա էլ կարդաց այն և հարցրեց, թե նա որ պրովինցիայից է, և պարզեց+, որ Կիլիկիայից է+։
35 Հետո ասաց. «Մինչև վերջ կլսեմ քեզ, երբ քեզ մեղադրողներն էլ գան»+։ Եվ հրամայեց, որ նրան հսկողության տակ պահեն Հերովդեսի պրետորական պալատում։
Ծանոթագրություններ
^ Արևամուտից հաշված՝ մոտ երեկոյան ժ. 9։00։