Գործեր 27։1-44

27  Երբ որոշվեց, որ մենք պետք է նավով գնանք Իտալիա+, նրանք Պողոսին և մի քանի ուրիշ բանտարկյալների հանձնեցին Օգոստոսի գնդից Հուլիոս անունով մի հարյուրապետի։  Նստելով Ադրամիտայից եկող մի նավ, որը ուղևորվելու էր Ասիայի ծովեզերքով ձգվող վայրերը՝ մենք ճանապարհ ընկանք. մեզ հետ էր նաև Արիստարքոսը+՝ մի մակեդոնացի, որը Թեսաղոնիկեից էր։  Հաջորդ օրը ափ դուրս եկանք Սիդոնում։ Հուլիոսը բարություն+ դրսևորեց Պողոսի հանդեպ և թույլ տվեց, որ նա գնա իր ընկերների մոտ, որպեսզի հոգ տանեն իր մասին+։  Այնտեղից ծով դուրս գալով՝ նավարկեցինք Կիպրոսի կողքով, որտեղ պատսպարվեցինք քամիներից, որոնք հակառակ կողմից էին փչում,  և բաց ծովի միջով Կիլիկիայի ու Պամփյուլիայի երկայնքով անցնելուց հետո հասանք Միռա, որը Լյուկիայում է։  Բայց հարյուրապետը այնտեղ Ալեքսանդրիայից+ եկած մի նավ գտավ, որը ուղևորվում էր Իտալիա, և մեզ նրա մեջ նստեցրեց։  Այնուհետև շատ օրեր դանդաղ նավարկելուց և դժվարությամբ Կնիդոս հասնելուց հետո, քանի որ քամին չէր թողնում մեզ առաջ գնալ, մենք նավարկեցինք Կրետեի կողքով, որտեղ պատսպարվեցինք քամիներից՝ անցնելով Սաղմոնիայի մոտով։  Դժվարությամբ նրա երկայնքով նավարկելով՝ եկանք մի վայր, որը Գեղեցիկ նավահանգիստ է կոչվում, որի մոտ էլ գտնվում էր Լասեա քաղաքը։  Քանի որ բավականին ժամանակ էր անցել, և նավարկելն այժմ վտանգավոր էր, որովհետև քավության+ օրվա ծոմապահությունն* էլ արդեն անցել էր, Պողոսը խորհուրդ տվեց 10  նրանց. «Տեսնում եմ, որ եթե նավարկենք, վնասներ ու մեծ կորուստներ կունենանք, կկորցնենք ոչ միայն բեռն ու նավը, այլև մեր հոգիները»+։ 11  Սակայն հարյուրապետը ականջ դրեց նավավարին և նավատիրոջը՝ փոխանակ Պողոսի ասածները լսելու։ 12  Քանի որ նավահանգիստը հարմար չէր ձմեռելու համար, մեծամասնությունը առաջարկեց այնտեղից ճանապարհ ընկնել և տեսնել, թե կարող են արդյոք ձմեռելու համար ինչ-​որ ձևով հասնել Փյունիկ՝ Կրետեի մի նավահանգիստ, որը նայում է դեպի հյուսիս-​արևելք և հարավ-​արևելք։ 13  Երբ հարավային քամին մեղմորեն փչեց, նրանք կարծեցին, թե համարյա հասել են իրենց նպատակին, և խարիսխը բարձրացրին ու սկսեցին նավարկել Կրետեի ափի երկայնքով։ 14  Սակայն կարճ ժամանակ անց Եվրակիլոն* կոչվող մի կատաղի քամի բարձրացավ+։ 15  Քանի որ նավը սաստիկ փոթորկի մեջ ընկավ և չկարողացավ քամու դեմ գնալ, դադարեցինք դիմադրելուց, և քամին նավը քշեց։ 16  Եվ նույնիսկ երբ շարժվեցինք Կլավդա կոչվող մի փոքրիկ կղզու մոտով, որը պատսպարեց մեզ, հազիվ կարողացանք մակույկը+ բարձրացնել, որը նավախելում էր։ 17  Բայց այն նավ բարձրացնելուց հետո նրանք սկսեցին հարմարանքների օգնությամբ կապել նավի կմախքը, որ ամուր լինի։ Վախենալով, որ Սիրտիսում* կխրվեն ծանծաղուտի մեջ՝ պարանասարքը իջեցրին. քամին շարունակում էր քշել մեզ։ 18  Ու քանի որ մենք սաստիկ տարուբերվում էինք փոթորկից, հաջորդ օրը սկսեցին թեթևացնել+ նավը, 19  իսկ երրորդ օրը իրենք իրենց ձեռքերով նավի ամբողջ սարքավորումը դուրս թափեցին։ 20  Արդեն շատ օրեր էին անցել. ո՛չ արևն էր երևում, ո՛չ էլ աստղերը, իսկ փոթորիկը չէր դադարում+։ Ի վերջո մենք լիովին կորցրինք փրկվելու ամեն մի հույս։ 21  Քանի որ երկար ժամանակ հաց չէին կերել, Պողոսը կանգնեց նրանց մեջ+ ու ասաց. «Եթե դուք ընդունեիք իմ խորհուրդը և Կրետեից ծով դուրս չգայիք, ապա այս վնասն ու կորուստը չէիք կրի+։ 22  Ինչևիցե, ձեզ կոչ եմ անում սրտապնդվել, որովհետև ձեզնից ոչ մի հոգի չի կորչի, այլ միայն այս նավը կկորչի, 23  որովհետև այս գիշեր Աստծու հրեշտակներից+ մեկը, այն Աստծու, որին ես երկրպագում եմ ու սուրբ ծառայություն եմ մատուցում+, կանգնեց կողքիս 24  և ասաց. «Մի՛ վախեցիր, Պողո՛ս։ Դու դեռ պետք է կայսրի առաջ կանգնես+, և ահա Աստված քեզ է շնորհել բոլոր նրանց, ովքեր նավում քեզ հետ են»։ 25  Ուստի մի՛ հուսալքվեք, որովհետև ես հավատում եմ Աստծուն+, որ կլինի ճիշտ այնպես, ինչպես ասվեց ինձ։ 26  Մենք պետք է մի կղզու ափ ընկնենք»+։ 27  Տասնչորսերորդ գիշերն էր արդեն. մենք Ադրիա* ծովի վրա այս ու այն կողմ էինք տարուբերվում, երբ կեսգիշերին նավաստիներին թվաց, թե մի ցամաքի են մոտենում։ 28  Նրանք չափեցին խորությունը և պարզվեց, որ այն քսան գրկաչափ* է, ուստի կարճ տարածություն անցնելուց հետո նորից չափեցին՝ տասնհինգ գրկաչափ էր։ 29  Վախենալով, որ միգուցե ինչ-​որ տեղ ժայռերի բախվեն՝ նրանք նավախելից չորս խարիսխ նետեցին ու սկսեցին անհամբերությամբ սպասել, թե երբ է օրը բացվելու։ 30  Բայց երբ նավաստիներն ուզում էին նավից փախչել և ձևացնելով, թե պատրաստվում են նավաքթից խարիսխներ գցել՝ մակույկը ծովն իջեցրին, 31  Պողոսն ասաց հարյուրապետին ու զինվորներին. «Եթե այս մարդիկ նավի մեջ չմնան, դուք չեք կարողանա փրկվել»+։ 32  Այդ ժամանակ զինվորները կտրեցին մակույկի+ պարանները և այն ցած նետեցին։ 33  Լուսաբացին մոտ Պողոսը խրախուսեց բոլորին մի փոքր հաց ուտել՝ ասելով. «Այսօր արդեն տասնչորսերորդ օրն է, որ դուք սպասման մեջ առանց կերակուրի եք մնացել ու ոչինչ չեք կերել։ 34  Ուստի մի փոքր հաց կերեք, քանի որ դա ձեր օգտի համար է, որովհետև ձեզանից ոչ մեկի գլխից մի մազ+ անգամ չի ընկնի»։ 35  Սա ասելուց հետո նա հաց վերցրեց, նրանց ամենքի առաջ շնորհակալություն հայտնեց+ Աստծուն, կտրեց ու սկսեց ուտել։ 36  Բոլորն ուրախացան, և իրենք էլ սկսեցին ուտել։ 37  Նավի վրա բոլորս միասին երկու հարյուր յոթանասունվեց հոգի էինք։ 38  Երբ նրանք կշտացան, սկսեցին թեթևացնել+ նավը՝ ցորենը ծովը թափելով։ 39  Ի վերջո երբ օրը բացվեց, չէին կարողանում կողմնորոշվել, թե որտեղ են. տեսնում էին ափ ունեցող մի ծովածոց։ Որոշեցին հնարավորության սահմաններում նավը ափ հանել+։ 40  Ուստի կտրելով խարիսխները՝ դրանք ծովը գցեցին և, միևնույն ժամանակ, ղեկի թիակների պարաններն արձակեցին ու առաջամասի առագաստը քամու ուղղությամբ բարձրացնելուց հետո ուղղություն վերցրին դեպի ափ։ 41  Ընկնելով մի ծանծաղուտի մեջ՝ նավը այնտեղ կանգնեցրին. նավաքիթը խրվեց տիղմի մեջ ու մնաց անշարժ, իսկ նավախելը ալիքների ուժգին հարվածներից ջարդուփշուր եղավ+։ 42  Զինվորները որոշեցին սպանել բանտարկյալներին, որ ոչ մեկը լողալով չփախչի։ 43  Բայց հարյուրապետը, որ ուզում էր փրկել Պողոսին, նրանց ետ պահեց իրենց մտադրությունից։ Ապա հրամայեց, որ նրանք, ովքեր կարողանում են լողալ, ծովը նետվեն և առաջինը ցամաք դուրս գան, 44  և որ մնացածներն էլ նույնը անեն՝ ոմանք տախտակների, ոմանք էլ նավում եղած այլ բաների օգնությամբ։ Այսպիսով՝ բոլորը ապահով ցամաք դուրս եկան+։

Ծանոթագրություններ

Այն պահում էին տիշրի ամսին, որը անձրևների ու փոթորիկների սեզոնի սկիզբն էր։
Հյուսիս-​արևելյան կատաղի քամի։
Հյուսիսային Աֆրիկայում Լիբիայի ափին գտնվող երկու մեծ ծանծաղ հորձանուտներ՝ շարժվող ավազաբլուրներով լի։
Այն օրերին սա ընդգրկում էր այժմյան Ադրիատիկ ծովը, Հոնիական ծովը և Միջերկրական ծովի այն մասը, որը գտնվում է Սիցիլիայի և Կրետեի միջև։
Սովորաբար մեկ գրկաչափը համարվում է մոտ 1,8 մ։ Տե՛ս հավելված 17։