Դանիել 1։1-21

1  Հուդայի Հովակիմ+ թագավորի թագավորության երրորդ տարում Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը եկավ Երուսաղեմ ու պաշարեց այն+։  Եվ Եհովան նրա ձեռքը մատնեց Հուդայի թագավոր Հովակիմին+ ու ճշմարիտ Աստծու տան պատկանելիքների+ մի մասը։ Նա էլ դրանք բերեց Սենաար+ երկիր՝ իր աստծու տուն։ Պատկանելիքները նա բերեց իր աստծու գանձատուն+։  Հետո թագավորն իր գլխավոր պալատական+ Ասփանեզին հրամայեց Իսրայելի որդիներից, թագավորական սերնդից ու ազնվատոհմ մարդկանցից բերել մի քանիսին+՝  պատանիների, որոնք ոչ մի արատ+ չունեն, տեսքով գեղեցիկ են, հասկացողություն և իմաստություն ունեն+, օժտված են գիտելիքներով, ընդունակ են գիտություն ստանալու+ և կարող են ծառայել թագավորի պալատում+, և նրանց սովորեցնել քաղդեացիների գիրն ու լեզուն։  Ավելին, թագավորը նրանց ուտելիքի ամենօրյա բաժին նշանակեց թագավորական ընտիր կերակուրներից+, ըմպելիք՝ իր գինուց, և հրամայեց կրթել նրանց երեք տարի, որպեսզի դրանից հետո նրանք կարողանան ծառայել թագավորի առաջ։  Նրանց մեջ էին Հուդայի որդիներից Դանիելը+, Հանանիան, Միսայելն ու Ազարիան+։  Գլխավոր պալատականը նրանց ուրիշ անուններ տվեց+. Դանիելին՝ Բաղդասասար+, Հանանիային՝ Սեդրաք, Միսայելին՝ Միսաք, Ազարիային՝ Աբեդնագով+։  Բայց Դանիելն իր սրտում որոշեց, որ չի պղծի+ իրեն թագավորական ընտիր կերակուրներով ու նրա գինով, և նա գլխավոր պալատականից շարունակ թույլտվություն էր խնդրում, որ դրանցով չպղծվի+։  Եվ ճշմարիտ Աստված այնպես արեց, որ Դանիելը գլխավոր պալատականի առաջ սիրառատ բարություն* և ողորմություն գտնի+։ 10  Ուստի գլխավոր պալատականն ասաց Դանիելին. «Ես վախենում եմ իմ տեր թագավորից, որը ուտելիք և ըմպելիք է նշանակել ձեզ համար+։ Ինչո՞ւ նա տեսնի, որ ձեր դեմքը տրտմած է՝ համեմատած ձեր հասակակիցների։ Ինչո՞ւ եք իմ գլուխը թագավորի առաջ վտանգի ենթարկում»։ 11  Սակայն Դանիելն ասաց պահապանին, որին գլխավոր պալատականը+ նշանակել էր Դանիելի, Հանանիայի, Միսայելի և Ազարիայի վրա. 12  «Խնդրում եմ, տասը օր փորձիր քո ծառաներին, և թող ուտելու համար բանջարեղեն+ տան մեզ և խմելու համար՝ ջուր։ 13  Հետո նայիր մեր տեսքին և այն պատանիների տեսքին, որոնք ուտում են թագավորական ընտիր կերակուրները, և քո ծառաների հետ վարվիր ըստ քո տեսածի»։ 14  Ի վերջո, նա համաձայնվեց և տասը օր փորձեց նրանց։ 15  Տասը օր հետո նրանց տեսքը ավելի լավ էր, և նրանք ավելի գեր էին, քան բոլոր այն պատանիները, որոնք ուտում էին թագավորական ընտիր կերակուրները+։ 16  Ուստի պահապանը շարունակեց նրանցից վերցնել ընտիր կերակուրներն ու գինին և բանջարեղեն տալ+։ 17  Եվ ճշմարիտ Աստված այդ չորս պատանիներին օժտեց գիտելիքներով, ամեն գիր հասկանալու կարողությամբ և իմաստությամբ+, իսկ Դանիելը կարողանում էր հասկանալ նաև ամեն տեսակ տեսիլքներ ու երազներ+։ 18  Երբ վերջացան այն օրերը, որոնց լրանալուն պես թագավորի հրամանով պատանիները պիտի իր մոտ բերվեին+, գլխավոր պալատականը նրանց բերեց Նաբուգոդոնոսորի առաջ։ 19  Թագավորը խոսեց նրանց հետ, և նրանց մեջ Դանիելի, Հանանիայի, Միսայելի և Ազարիայի+ պես ոչ ոք չկար։ Եվ նրանք սկսեցին ծառայել թագավորի առաջ+։ 20  Իմաստություն և հասկացողություն+ պահանջող ինչ բաների մասին էլ որ թագավորը հարցնում էր նրանց, տեսնում էր, որ նրանք տասն անգամ ավելի լավն էին, քան մոգությամբ զբաղվող բոլոր քրմերն+ ու ոգի կանչողները+, որոնք իր թագավորական տիրույթներում էին։ 21  Եվ Դանիելը մնաց այնտեղ մինչև Կյուրոս թագավորի առաջին տարին+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «նվիրված սեր»։