Դանիել 3։1-30
3 Նաբուգոդոնոսոր թագավորը մի ոսկե արձան շինեց+, որի բարձրությունը վաթսուն կանգուն* էր, իսկ լայնությունը՝ վեց կանգուն*։ Նա կանգնեցրեց այն Դուրա հովտում՝ Բաբելոնի գավառում+։
2 Նաբուգոդոնոսոր թագավորը մարդ ուղարկեց, որ մեկտեղ հավաքեն կուսակալներին+, վերակացուներին, կառավարիչներին, խորհրդականներին, գանձապահներին, դատավորներին, ոստիկաններին+ և բոլոր նրանց, ովքեր տնօրինում են գավառների գործերը, որպեսզի նրանք գան թագավորի կանգնեցրած արձանի հանդիսավոր բացմանը+։
3 Այդ ժամանակ կուսակալները+, վերակացուները, կառավարիչները, խորհրդականները, գանձապահները, դատավորները, ոստիկաններն ու բոլոր նրանք, ովքեր տնօրինում են գավառների գործերը, սկսեցին մեկտեղ հավաքվել, որ ներկա լինեն Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած արձանի հանդիսավոր բացմանը։ Նրանք կանգնեցին Նաբուգոդոնոսորի կանգնեցրած արձանի առաջ։
4 Մունետիկը+ բարձրաձայն ազդարարեց. «Ձեզ, ո՛վ ժողովուրդներ, ազգություններ ու լեզուներ+, ասվում է,
5 որ երբ լսեք եղջյուրի, սրնգի, ցիտրայի, եռանկյունաձև քնարի, տավիղի, պարկապզուկի և տարբեր տեսակի երաժշտական գործիքների ձայնը+, պետք է ընկնեք ու երկրպագեք ոսկե արձանին, որը կանգնեցրել է Նաբուգոդոնոսոր թագավորը։
6 Իսկ ով որ չընկնի ու չերկրպագի+, նույն պահին+ կգցվի կրակով բորբոքված հնոցը»+։
7 Ուստի լսելով եղջյուրի, սրնգի, ցիտրայի, եռանկյունաձև քնարի, տավիղի և տարբեր տեսակի երաժշտական գործիքների ձայնը՝ բոլոր ժողովուրդները+, ազգություններն ու լեզուները ընկան ու երկրպագեցին Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած ոսկե արձանին։
8 Այդ ժամանակ որոշ քաղդեացիներ մոտեցան թագավորին ու սկսեցին մեղադրել հրեաներին+։
9 Նրանք ասացին Նաբուգոդոնոսոր թագավորին. «Ո՛վ թագավոր, հավիտյան ո՛ղջ եղիր+։
10 Դու, ո՛վ թագավոր, հրաման ես տվել, որ յուրաքանչյուր մարդ, երբ լսի եղջյուրի, սրնգի, ցիտրայի, եռանկյունաձև քնարի, տավիղի, պարկապզուկի և տարբեր տեսակի երաժշտական գործիքների ձայնը+, պետք է ընկնի ու երկրպագի ոսկե արձանին,
11 իսկ ով որ չընկնի ու չերկրպագի, պետք է գցվի կրակով բորբոքված հնոցը+։
12 Բայց ահա կան մի քանի հրեաներ, որոնց դու նշանակել ես՝ տնօրինելու Բաբելոնի գավառի գործերը+՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, և այդ մարդիկ քեզ բանի տեղ չեն դնում, ո՛վ թագավոր, նրանք չեն ծառայում քո աստվածներին և քո կանգնեցրած ոսկե արձանին չեն երկրպագում»+։
13 Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը, մոլեգնած ու ցասումով լի+, հրամայեց, որ իր մոտ բերեն Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին+։ Ուստի այդ մարդկանց թագավորի մոտ բերեցին։
14 Նաբուգոդոնոսորն ասաց նրանց. «Ո՛վ Սեդրաք, Միսաք և Աբեդնագով, ճի՞շտ է, որ դուք չեք ծառայում իմ աստվածներին+ ու չեք երկրպագում+ իմ կանգնեցրած ոսկե արձանին։
15 Հիմա եթե պատրաստ եք ընկնելու և երկրպագելու իմ շինած ոսկե արձանին, երբ լսեք եղջյուրի, սրնգի, ցիտրայի, եռանկյունաձև քնարի, տավիղի, պարկապզուկի և տարբեր տեսակի երաժշտական գործիքների ձայնը+, շա՛տ լավ։ Բայց եթե չերկրպագեք, նույն պահին կգցվեք կրակով բորբոքված հնոցը։ Եվ ո՞վ է այն աստվածը, որ ազատի ձեզ իմ ձեռքից»+։
16 Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը թագավորին պատասխանեցին՝ ասելով. «Ո՛վ Նաբուգոդոնոսոր, կարիք չկա, որ այս բանի մասին քեզ պատասխան տանք+։
17 Եթե մեզ գցեն հնոցը, Աստված, որին մենք ծառայում ենք, կարող է փրկել մեզ։ Կրակով բորբոքված հնոցից ու քո ձեռքից նա կփրկի մեզ+,
18 բայց եթե ոչ, թող քեզ հայտնի լինի, ո՛վ թագավոր, որ քո աստվածներին մենք չենք ծառայի և քո կանգնեցրած ոսկե արձանին չենք երկրպագի»+։
19 Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի հանդեպ ցասումով լցվեց, և նրա դեմքի արտահայտությունը փոխվեց։ Նա հրամայեց, որ հնոցը սովորականից յոթ անգամ ավելի ուժեղ վառեն,
20 և իր զորքից մի քանի զորեղ մարդու+ հրամայեց, որ կապեն Սեդրաքին, Միսաքին ու Աբեդնագովին և գցեն կրակով բորբոքված հնոցը+։
21 Ուստի նրանց իրենց թիկնոցներով, հանդերձներով, գլխի ծածկոցներով և մյուս հագուստներով հանդերձ կապեցին ու գցեցին կրակով բորբոքված հնոցը։
22 Եվ քանի որ թագավորի խոսքը խիստ էր, և հնոցը չափազանց շիկացած էր, Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին հնոցը գցողները մեռան կրակի բոցերից։
23 Իսկ այն երեք մարդիկ՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, կապված ընկան կրակով բորբոքված հնոցը+։
24 Նաբուգոդոնոսոր թագավորը վախեցավ և շտապ վեր կացավ։ Նա ասաց իր արքունական պաշտոնյաներին. «Մենք երեք մարդ կապած չգցեցի՞նք կրակի մեջ»+։ Նրանք էլ պատասխանեցին. «Այո՛, ո՛վ թագավոր»։
25 Նա էլ ասաց. «Ահա ես չորս մարդ եմ տեսնում, որ ազատ քայլում են կրակի մեջ, և նրանց ոչ մի վնաս չի լինում։ Իսկ չորրորդը աստվածների որդու տեսք ունի»+։
26 Հետո Նաբուգոդոնոսորը մոտեցավ բորբոքված հնոցի դռանն+ ու ասաց. «Ո՛վ Սեդրաք, Միսաք և Աբեդնագով՝ Բարձրյալ Աստծու+ ծառանե՛ր, դո՛ւրս եկեք ու այստե՛ղ եկեք»։ Այդ ժամանակ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը դուրս եկան կրակի միջից։
27 Եվ կուսակալները, վերակացուները, կառավարիչներն ու թագավորի բարձրաստիճան պաշտոնյաները+, որոնք մեկտեղ էին հավաքվել, տեսան, որ կրակը չէր վնասել այդ մարդկանց մարմինները+, նրանց գլխից մի մազ անգամ չէր խանձվել+, նրանց թիկնոցները չէին վնասվել, և նույնիսկ ծխի հոտ չէր գալիս նրանցից։
28 Նաբուգոդոնոսորն ասաց. «Օրհնյա՜լ լինի Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստվածը+, որն ուղարկեց իր հրեշտակին+ ու փրկեց իր ծառաներին, որոնք ապավինում էին իրեն+ և որոնք զանց արեցին թագավորի խոսքը և իրենց մարմինները կրակին տվեցին, որովհետև իրենց Աստծուց բացի+, որևէ աստծու չէին ուզում ծառայել+ ու երկրպագել+։
29 Ինձանից հրաման է արձակվում+, որ եթե որևէ ժողովուրդ, ազգություն կամ լեզու Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստծու դեմ մի սխալ բան ասի, նրան պետք է կտոր-կտոր անեն+, և նրա տունը հասարակաց արտաքնոց դարձնեն+, քանի որ ուրիշ աստված չկա, որ նրա պես կարողանա ազատել»+։
30 Եվ թագավորը հոգ տարավ, որ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը բարգավաճեն Բաբելոնի գավառում+։