Եզեկիել 36։1-38
36 «Իսկ դու, ո՛վ մարդու որդի, մարգարեացիր Իսրայելի լեռների մասին ու ասա. «Ո՛վ Իսրայելի լեռներ+, լսեցե՛ք Եհովայի խոսքը։
2 Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Թշնամին ընդդեմ ձեզ ասել է+. «Ահա՛։ Նույնիսկ վաղեմի բարձր տեղերն են+ մերը դարձել որպես սեփականություն»»»+։
3 Ուստի մարգարեացիր և ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քանի որ ձեզ ամայացրել են+ ու բոլոր կողմերից փորձում են ատամներով բռնել+, որպեսզի դուք դառնաք այն ազգերի սեփականությունը, որոնք մնացել են+, և քանի որ դուք ուրիշների լեզվի վրա եք+ ու ձեր մասին մարդկանց մեջ վատ բաներ են տարածվում+,
4 ուստի լսեք Գերիշխան Տեր Եհովայի խոսքը, ո՛վ Իսրայելի լեռներ+։ Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան լեռներին ու բլուրներին, կիրճերին ու հովիտներին, ավերված վայրերին, որոնք ամայացել են+, ու լքված քաղաքներին, որոնք կողոպուտի ու ծաղրուծանակի են ենթարկվել շուրջբոլորը մնացած ազգերի կողմից+։
5 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Իմ նախանձախնդրության կրակով կխոսեմ+ այն ազգերի դեմ, որոնք մնացել են, ինչպես նաև ողջ Եդոմի դեմ+։ Ամբողջ սրտով ուրախանալով և հոգում արհամարհանք ունենալով+՝ նրանք արոտավայրերի համար իմ երկիրն իրենց են վերցրել որպես սեփականություն+, որ կողոպտեն այն»»»+։
6 Ուստի մարգարեացիր Իսրայելի երկրի մասին և ասա լեռներին ու բլուրներին, կիրճերին ու հովիտներին. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես իմ նախանձախնդրությամբ ու ցասումով կխոսեմ, որովհետև դուք ազգերի կողմից նվաստացում կրեցիք»»+։
7 Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ձեռքս բարձրացնելով՝ ես երդվել եմ+, որ ձեզ շրջապատող ազգերն իրենք նվաստացում կկրեն+։
8 Իսկ դուք, ո՛վ Իսրայելի լեռներ, ոստեր կարձակեք ու ձեր պտուղը կտաք իմ Իսրայել ժողովրդին+, քանի որ նրանք մոտեցել են և շուտով մտնելու են+։
9 Ես հավանություն եմ տալիս ձեզ ու կշրջվեմ դեպի ձեզ+։ Դուք կմշակվեք ու կսերմանվեք+։
10 Ձեզ վրա կշատացնեմ մարդկանց՝ Իսրայելի ողջ տունն ամբողջությամբ+։ Քաղաքները կբնակեցվեն+, և ավերակ դարձած վայրերը կվերաշինվեն+։
11 Այո՛, ձեզ վրա կշատացնեմ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին+։ Նրանք կշատանան ու կբազմանան, ու ես այնպես կանեմ, որ դուք առաջվա պես բնակեցված լինեք+։ Ձեզ ավելի շատ բարիք կանեմ, քան նախկինում+, և դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ+։
12 Այնպես կանեմ, որ մարդիկ՝ իմ Իսրայել ժողովուրդը, քայլեն ձեր վրայով։ Նրանք կտիրեն ձեզ+, դուք նրանց ժառանգությունը կդառնաք+ ու այլևս նրանց չեք զրկի+ երեխաներից»»։
13 «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ձեզ ասում են. «Դու մարդկանց խժռող ես ու դարձել ես մի երկիր, որն իր ազգերին զրկում է երեխաներից»»+։
14 «Ուստի դու այլևս չես խժռի մարդկանց+ և քո ազգերին չես զրկի երեխաներից+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։–
15 Ես այնպես կանեմ, որ էլ չլսվեն ազգերի նվաստացուցիչ զրույցները քո մասին+։ Դու այլևս նախատինք չես կրի ժողովուրդներից+ և սայթաքելու պատճառ չես լինի քո ազգերի համար»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։
16 Եհովայի խոսքը դարձյալ եղավ ինձ.
17 «Մարդո՛ւ որդի, Իսրայելի տունն ապրում էր իր երկրում։ Նրանք իրենց բռնած ճանապարհով ու իրենց գործերով այն անմաքուր դարձրին+։ Իմ առաջ նրանց ճանապարհը դաշտանի անմաքրության պես դարձավ+,
18 ու ես իմ ցասումը թափեցի նրանց վրա այն արյան պատճառով, որը նրանք թափել էին երկրի վրա+, այն երկրի, որն իրենց գարշելի կուռքերով*+ անմաքուր էին դարձրել։
19 Նրանց ցիրուցան արեցի ազգերի մեջ, այնպես որ ցրվեցին երկրների մեջ+։ Նրանց դատեցի իրենց ճանապարհի ու իրենց գործերի համեմատ+։
20 Այսպիսով՝ նրանք եկան այդ ազգերի մոտ, և մարդիկ սկսեցին պղծել իմ սուրբ անունը+՝ նրանց մասին ասելով. «Սա Եհովայի ժողովուրդն է, նրա երկրից են սրանք դուրս եկել»+։
21 Ես ցավ կզգամ իմ սուրբ անվան համար, որն Իսրայելի տունը պղծել է այն ազգերի մեջ, ուր եկել է»+։
22 «Ուստի Իսրայելի տանն ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ո՛վ Իսրայելի տուն, ոչ թե հանուն ձեզ եմ անելու սա, այլ հանուն իմ սուրբ անվան, որը դուք պղծել եք այն ազգերի մեջ, ուր եկել եք»»+։
23 «Ես կսրբացնեմ իմ մեծ անունը+, որը պղծվում էր ազգերի մեջ, որը դուք պղծեցիք նրանց մեջ։ Եվ ազգերը պիտի իմանան, որ ես Եհովան եմ+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– երբ ես ձեր մեջ սրբացվեմ նրանց աչքի առաջ+։
24 Ես կվերցնեմ ձեզ ազգերի միջից, կհավաքեմ բոլոր երկրներից ու կբերեմ ձեր երկիրը+։
25 Ձեզ վրա մաքուր ջուր շաղ կտամ, և դուք կմաքրվեք+։ Ձեր բոլոր անմաքրություններից+ ու ձեր բոլոր գարշելի կուռքերից կմաքրեմ ձեզ+։
26 Նոր սիրտ կտամ ձեզ+ ու նոր ոգի կդնեմ ձեր մեջ+։ Ձեր մարմնից կհանեմ քարե սիրտը և մարմնեղեն սիրտ կտամ ձեզ+։
27 Իմ ոգին կդնեմ ձեր մեջ+ և այնպես կանեմ, որ քայլեք իմ կանոններով+, պահեք ու կատարեք իմ դատավճիռները+։
28 Դուք կբնակվեք այն երկրում, որը տվել եմ ձեր նախահայրերին+, և կդառնաք իմ ժողովուրդը, իսկ ես՝ ձեր Աստվածը»+։
29 «Ես ձեզ կփրկեմ ձեր բոլոր անմաքրություններից+, ձայն կտամ հացահատիկին, կշատացնեմ այն ու ձեզ սովի չեմ մատնի+։
30 Կշատացնեմ ծառի պտուղն ու դաշտի բերքը, որպեսզի ազգերի մեջ այլևս չնախատվեք սովի պատճառով+։
31 Դուք պիտի հիշեք ձեր չար ճանապարհներն ու վատ գործերը+ և պիտի զզվեք ինքներդ ձեզնից ձեր հանցանքների ու գարշելի բաների պատճառով+։
32 Ես դա չեմ անելու հանուն ձեզ+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– լա՛վ իմացեք։ Ամաչեք ու ձեզ նվաստացած զգացեք ձեր ճանապարհների պատճառով, ո՛վ Իսրայելի տուն»+։
33 Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Այն օրը, երբ ձեզ մաքրեմ ձեր բոլոր հանցանքներից, այնպես կանեմ, որ քաղաքները բնակեցվեն+ և ավերված վայրերը վերաշինվեն+։
34 Ամայի երկիրը կմշակվի, թեև ամայացել էր ամեն մի անցորդի աչքի առաջ+։
35 Մարդիկ կասեն. «Այս երկիրը, որն ամայացած էր, Եդեմի պարտեզի պես է դարձել+, իսկ քաղաքները, որոնք դատարկ, ամայի ու քարուքանդ էին, հիմա ամրակուռ ու մարդաբնակ են դարձել»+։
36 Այն ազգերը, որոնք կմնան ձեր շրջակայքում, կիմանան, որ ես՝ Եհովաս եմ շինել քարուքանդ եղածը+ և ծառեր տնկել ամայի երկրում։ Ես՝ Եհովաս եմ ասել ու արել դա»+։
37 Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ահա թե էլ ինչ թույլ կտամ, որ Իսրայելի տունը խնդրի ինձնից, ու ես անեմ նրա համար+. ես նրան կշատացնեմ ոչխարների հոտի պես+։
38 Ինչպես որ սուրբ մարդկանց բազմությունը և ոչխարների հոտերն են լցնում Երուսաղեմը նրա տոների ժամանակ+, այնպես էլ դատարկ քաղաքները կլցվեն մարդկանցով+, և ժողովուրդը պիտի իմանա, որ ես Եհովան եմ»»։