Ելք 14։1-31
14 Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Ասա Իսրայելի որդիներին, որ հետ դառնան և ճամբար դնեն Փիաիրոթի դիմաց՝ Մագդոլի և ծովի միջև՝ Բաալ-Սեֆոնի մոտ+։ Դրա առջև ճամբար դրեք ծովի մոտ։
3 Այդ ժամանակ փարավոնը Իսրայելի որդիների մասին կասի. «Նրանք շփոթահար թափառում են երկրում։ Անապատը շրջափակել է նրանց»+։
4 Ես թույլ կտամ, որ փարավոնի սիրտը համառ դառնա+, և նա կհետապնդի նրանց։ Ես կփառավորեմ ինձ՝ հաղթելով փարավոնին ու նրա ողջ զորքին+, և եգիպտացիները կիմանան, որ ես Եհովան եմ»+։ Նրանք հենց այդպես էլ արեցին։
5 Ավելի ուշ Եգիպտոսի թագավորին հայտնեցին, որ ժողովուրդը փախել է։ Փարավոնի ու նրա ծառաների սիրտը իսկույն փոխվեց ժողովրդի հանդեպ+, և նրանք ասացին. «Այս ի՞նչ արեցինք։ Ինչո՞ւ արձակեցինք մեր ստրուկին+՝ Իսրայելին»։
6 Ուստի նա պատրաստեց իր մարտակառքերը և իր ժողովրդին վերցրեց իր հետ+։
7 Նա վերցրեց վեց հարյուր ընտիր կառք+ և Եգիպտոսի մնացած բոլոր կառքերը, նաև ռազմիկներ դրեց դրանցից յուրաքանչյուրի վրա։
8 Եհովան թույլ տվեց, որ Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի սիրտը համառ դառնա+, և նա հետապնդեց Իսրայելի որդիներին, որոնք այդ ընթացքում խիզախորեն* դուրս էին գալիս Եգիպտոսից+։
9 Եգիպտացիները հետապնդեցին նրանց, և փարավոնի կառքերի բոլոր ձիերը, նրա հեծելազորն+ ու զորքը հասան նրանց, երբ նրանք բանակ էին դրել ծովի մոտակայքում՝ Փիաիրոթի մերձակայքում՝ Բաալ-Սեֆոնի մոտ+։
10 Երբ փարավոնը մոտեցավ, Իսրայելի որդիներն իրենց աչքերը բարձրացրին ու տեսան, որ եգիպտացիներն իրենց հետևից են ընկել։ Իսրայելի որդիները շատ վախեցան ու սկսեցին օգնության կանչել Եհովային+։
11 Եվ Մովսեսին ասացին. «Մի՞թե Եգիպտոսում գերեզմաններ չկային, որ մեզ բերեցիր այստեղ՝ անապատում մեռնելու+։ Այս ի՞նչ արեցիր մեզ, ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից։
12 Մի՞թե Եգիպտոսում քեզ չէինք ասում. «Թո՛ղ մեզ, որ ծառայենք եգիպտացիներին»։ Ավելի լավ է ծառայենք եգիպտացիներին, քան մեռնենք անապատում»+։
13 Այդ ժամանակ Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք+։ Կանգնե՛ք և տեսե՛ք, թե ինչպես է Եհովան փրկելու ձեզ այսօր+։ Այս եգիպտացիներին, որոնց դուք այսօր տեսնում եք, այլևս չեք տեսնի, այո՛, երբեք չեք տեսնի+։
14 Եհովան ինքը կպատերազմի ձեր փոխարեն+, իսկ դուք հանգիստ կանգնած կլինեք»։
15 Եհովան ասաց Մովսեսին. «Ինչո՞ւ ես ինձ օգնության կանչում+։ Ասա Իսրայելի որդիներին, որ հավաքեն ճամբարն ու մեկնեն։
16 Իսկ դու բարձրացրու գավազանդ+, մեկնիր ձեռքդ ծովի վրա և բաժանիր այն+, որ Իսրայելի որդիները կարողանան ծովի միջով անցնել չոր հատակի վրայով+։
17 Իսկ ես թույլ կտամ, որ եգիպտացիների սիրտը համառ դառնա+, որ նրանք գնան նրանց հետևից, և ես կփառավորեմ ինձ՝ հաղթելով փարավոնին, նրա ողջ զորքին, նրա մարտակառքերին ու հեծելազորին+։
18 Եվ եգիպտացիները կիմանան, որ ես Եհովան եմ, երբ փառավորեմ ինձ՝ հաղթելով փարավոնին, նրա մարտակառքերին ու հեծելազորին»+։
19 Այդ ժամանակ ճշմարիտ Աստծու հրեշտակը+, որ գնում էր Իսրայելի ճամբարի առջևից, գնաց ու կանգնեց նրանց հետևի կողմը։ Եվ ամպի սյունը հեռացավ նրանց դիմացից ու կանգնեց նրանց հետևի կողմում+։
20 Այդպես այն կանգնեց եգիպտացիների ճամբարի ու Իսրայելի ճամբարի միջև+։ Մի կողմից՝ այն ամպ ու խավար էր, իսկ մյուս կողմից՝ լուսավորում էր գիշերը+։ Ամբողջ գիշեր մի խումբը մյուս խմբին չմոտեցավ։
21 Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա+, և ամբողջ գիշեր Եհովան ուժգին արևելյան քամիով ծովը հետ քաշեց. ծովի հատակը չորացավ+, և ջրերը բաժանվեցին+։
22 Ի վերջո, Իսրայելի որդիները չոր հատակի վրայով անցան ծովի միջով+, իսկ ջրերը նրանց աջ ու ձախ կողմերում պատ էին դարձել+։
23 Եգիպտացիները հետապնդեցին նրանց, և փարավոնի բոլոր ձիերը, նրա մարտակառքերն ու հեծելազորը նրանց հետևից ծովը մտան+։
24 Առավոտյան պահին* Եհովան ամպի և կրակե սյան+ միջից նայեց եգիպտացիների ճամբարին ու եգիպտացիների ճամբարը խուճապի մեջ գցեց+։
25 Նա հանեց կառքերի անիվները, այնպես որ նրանք դժվարությամբ էին քշում դրանք+։ Եվ եգիպտացիներն ասացին. «Եկեք փախչենք Իսրայելից, որովհետև Եհովան նրանց փոխարեն պատերազմում է եգիպտացիների դեմ»+։
26 Ի վերջո, Եհովան Մովսեսին ասաց. «Ձեռքդ մեկնիր ծովի վրա+, որ ջրերը հետ գան եգիպտացիների, նրանց մարտակառքերի ու հեծելազորի վրա»։
27 Մովսեսն իսկույն ձեռքը մեկնեց ծովի վրա, և առավոտյան դեմ ծովը վերադարձավ իր տեղը։ Այդ ամբողջ ընթացքում եգիպտացիները փախչում էին ծովից, սակայն Եհովան եգիպտացիներին ծովը նետեց+։
28 Ջրերը հետ եկան+ ու ծածկեցին փարավոնի ողջ զորքին պատկանող մարտակառքերն ու հեծելազորը, որոնք Իսրայելի որդիների հետևից ծովն էին մտել+։ Նրանցից մեկն անգամ չմնաց+։
29 Իսրայելի որդիները, չոր հատակի վրայով քայլելով, անցան ծովի միջով+, իսկ ջրերը նրանց աջ ու ձախ կողմում պատ էին դարձել+։
30 Այդ օրը Եհովան փրկեց Իսրայելին եգիպտացիների ձեռքից+, և Իսրայելը ծովի ափին տեսավ մեռած եգիպտացիներին+։
31 Իսրայելը տեսավ այն մեծ ձեռքը, որ Եհովան գործի դրեց եգիպտացիների դեմ, և ժողովուրդը սկսեց վախենալ Եհովայից ու հավատալ Եհովային և նրա ծառա Մովսեսին+։
Ծանոթագրություններ
^ Բառացի՝ «բարձրացրած ձեռքով»։
^ Ըստ եբրայեցիների՝ երրորդ, այսինքն՝ վերջին պահը, տևում էր մոտ գիշերվա ժ. 2։00-ից մինչև առավոտվա ժ. 6։00։