Ելք 16։1-36
16 Հետո նրանք Ելիմից մեկնեցին+։ Եգիպտոսից դուրս գալուց հետո երկրորդ ամսվա տասնհինգերորդ օրը Իսրայելի բոլոր որդիները ի վերջո եկան Սին անապատ+, որը Ելիմի ու Սինայի միջև է։
2 Ամբողջ ժողովը անապատում սկսեց տրտնջալ Մովսեսի ու Ահարոնի դեմ+։
3 Նրանք ասում էին. «Երանի՜ թե Եգիպտոսում մեռնեինք+ Եհովայի ձեռքով, երբ նստած էինք մսի կաթսաների մոտ+, երբ կուշտ հաց էինք ուտում, քանի որ մեզ այս անապատն եք բերել, որ այս ողջ ժողովը սովամահ անեք»+։
4 Այդ ժամանակ Եհովան ասաց Մովսեսին. «Ես ձեզ համար հաց կտեղամ երկնքից+, և ժողովուրդը ամեն օր թող դուրս գա, ու ամեն մեկը թող հավաքի այնքան, որքան իրեն պետք է օրվա համար+, որպեսզի ստուգեմ նրանց և տեսնեմ՝ արդյոք կքայլե՞ն իմ օրենքով, թե՞ ոչ+։
5 Վեցերորդ օրը+ նրանք թող պատրաստեն այն, ինչ կբերեն տուն, և այն թող կրկնակի շատ լինի իրենց ամեն օրվա հավաքածից»+։
6 Ուստի Մովսեսն ու Ահարոնը ասացին Իսրայելի բոլոր որդիներին. «Երեկոյան դուք կիմանաք, որ Եհովան է ձեզ հանել Եգիպտոսից+։
7 Իսկ առավոտյան կտեսնեք Եհովայի փառքը+, որովհետև Եհովան լսեց իր դեմ ուղղված ձեր տրտունջները։ Եվ ովքե՞ր ենք մենք, որ մեր դեմ եք տրտնջում»։
8 Մովսեսը շարունակեց. «Երեկոյան Եհովան ձեզ միս կտա, որ ուտեք, իսկ առավոտյան՝ կշտանալու չափ հաց, որովհետև Եհովան լսեց ձեր տրտունջները, որ անում եք իր դեմ։ Ովքե՞ր ենք մենք։ Ձեր տրտունջները ոչ թե մեր դեմ են, այլ Եհովայի»+։
9 Մովսեսն ասաց Ահարոնին. «Իսրայելի բոլոր որդիներին ասա. «Մոտեցեք ու կանգնեք Եհովայի առաջ, քանի որ նա լսեց ձեր տրտունջները»»+։
10 Հենց որ Ահարոնը խոսեց ամբողջ ժողովի հետ, նրանք դեմքով դեպի անապատը շրջվեցին ու տեսան Եհովայի փառքը, որ հայտնվել էր ամպի մեջ+։
11 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
12 «Ես լսեցի Իսրայելի որդիների տրտունջները+։ Խոսիր նրանց հետ ու ասա. «Երկու երեկոների միջև* միս կուտեք, իսկ առավոտյան հացով կկշտանաք+ և կիմանաք, որ ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»+։
13 Երեկոյան լորեր+ թռան եկան և ծածկեցին ճամբարը, իսկ առավոտյան ճամբարի շուրջբոլորը ցողի շերտ գոյացավ+։
14 Որոշ ժամանակ անց ցողի շերտը գոլորշիացավ, և անապատի երեսին մանր թեփանման ինչ-որ բան+ հայտնվեց՝ գետնի վրա եղող եղյամի+ պես մանր։
15 Դա տեսնելով՝ Իսրայելի որդիներն իրար ասացին՝ «սա ի՞նչ է», քանի որ չգիտեին, թե ինչ է։ Ուստի Մովսեսն ասաց նրանց. «Սա այն հացն է, որ Եհովան տալիս է ձեզ որպես կերակուր+։
16 Սա է պատվիրում Եհովան. «Ձեզնից յուրաքանչյուրը թող հավաքի այնքան, որքան կարող է ուտել։ Ձեզնից յուրաքանչյուրը թող մեկ օմեր*+ վերցնի՝ ամեն մեկն իր վրանում եղող հոգիների թվով»»։
17 Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին։ Նրանք գնացին հավաքելու. ոմանք շատ հավաքեցին, ոմանք էլ քիչ։
18 Երբ այն օմերով չափեցին, տեսան, որ շատ հավաքողը ավելցուկ չուներ, իսկ քիչ հավաքողը՝ պակասորդ+։ Ամեն մեկը հավաքեց այնքան, որքան կարող էր ուտել։
19 Հետո Մովսեսն ասաց նրանց. «Թող ոչ մեկը դրանից ոչինչ չթողնի մինչև առավոտ»+։
20 Բայց նրանք չլսեցին Մովսեսին։ Ոմանք դրանից թողեցին մինչև առավոտ, և այն որդնեց ու հոտեց+, և Մովսեսը բարկացավ+ նրանց վրա։
21 Նրանք ամեն առավոտ+ հավաքում էին այն, յուրաքանչյուրն այնքան, որքան կարող էր ուտել։ Երբ արևը կիզում էր, այն հալվում էր։
22 Վեցերորդ օրը նրանք հացը երկու անգամ շատ հավաքեցին+՝ մեկ մարդու համար երկու օմեր։ Ժողովրդի բոլոր տոհմապետները եկան ու հայտնեցին այդ մասին Մովսեսին։
23 Նա էլ ասաց նրանց. «Այսպես է ասում Եհովան. «Վաղը կլինի շաբաթի տոնակատարություն, որը սուրբ շաբաթ է Եհովայի պատվին+։ Ինչ որ թխելու եք, թխեք, ինչ որ եփելու եք, եփեք+, և ամբողջ ավելցուկը ձեզ թողեք ու պահեք մինչև առավոտ»»։
24 Նրանք էլ այն թողեցին մինչև առավոտ, ինչպես Մովսեսը պատվիրել էր, և այն ո՛չ հոտեց, ո՛չ էլ դրա մեջ որդեր առաջացան+։
25 Ապա Մովսեսն ասաց. «Կերեք այն այսօր, որովհետև այսօր շաբաթ+ է Եհովայի պատվին։ Այսօր այն դաշտում չեք գտնի։
26 Վեց օր հավաքեք, իսկ յոթերորդ օրը շաբաթ է+. այդ օրը այնտեղ ոչինչ չի լինի»։
27 Սակայն յոթերորդ օրը ժողովրդից ոմանք գնացին հավաքելու, բայց ոչինչ չգտան։
28 Ուստի Եհովան ասաց Մովսեսին. «Մինչև ե՞րբ եք հրաժարվելու իմ պատվիրաններն ու օրենքները պահելուց+։
29 Հիշեք, որ Եհովան ձեզ շաբաթ է տվել+։ Այդ իսկ պատճառով նա վեցերորդ օրը ձեզ երկու օրվա հաց է տալիս։ Յոթերորդ օրը ամեն մեկը թող իր տեղում մնա+։ Թող ոչ ոք այդտեղից դուրս չգա»։
30 Եվ յոթերորդ օրը ժողովուրդը պահեց շաբաթը+։
31 Իսրայելի տունը այն մանանա* կոչեց։ Այն գինձի սերմի պես սպիտակ էր, և դրա համը մեղրաբլիթի համի էր նման+։
32 Հետո Մովսեսն ասաց. «Սա է պատվիրում Եհովան. «Դրանից մեկ օմեր լցրեք և պահեք սերնդեսերունդ+, որպեսզի նրանք տեսնեն այն հացը, որով կերակրեցի ձեզ անապատում+, երբ հանում էի ձեզ Եգիպտոսից»»։
33 Ուստի Մովսեսն ասաց Ահարոնին. «Մի սափոր վերցրու, նրա մեջ մեկ ամբողջական օմեր մանանա լցրու և այն դիր Եհովայի առաջ, որպեսզի պահվի սերնդեսերունդ»+։
34 Ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին, Ահարոնն այն դրեց Վկայության*+ առաջ, որպեսզի պահվի։
35 Իսրայելի որդիները քառասուն տարի մանանա կերան+, մինչև որ հասան բնակեցված երկիր+։ Նրանք մանանա էին ուտում, մինչև որ հասան Քանանի երկրի սահմանը+։
36 Օմերն արդուի* տասներորդ մասն է։
Ծանոթագրություններ
^ Տե՛ս 12։6-ի ծնթ.։
^ Մոտ 2,2 լ.։
^ Հվնբր նշ. է «սա ի՞նչ է»։ Եբր.՝ ման հո՞ւ։ Տե՛ս 15-րդ համարը։
^ «Վկայությունը» հվնբր վերաբ. է մի արկղի, որում կարևոր փաստաթղթեր էին պահվում։
^ Մեկ արդուն հվսր է 22 լ.։