Ելք 21։1-36
21 «Սրանք են այն դատավճիռները, որ պետք է ներկայացնես նրանց+։
2 Եթե եբրայեցի ծառա+ գնես, նա ծառա կլինի վեց տարի, բայց յոթերորդ տարում նա առանց վճարի ազատ կարձակվի+։
3 Եթե նա մենակ է եկել, մենակ էլ կգնա, իսկ եթե կին ունի*, ապա նրա կինը նրա հետ պետք է գնա։
4 Եթե ծառայի տերը նրան կին տա, և կինը նրա համար որդիներ ու աղջիկներ ծնի, կինն ու նրա երեխաները իր տիրոջը կպատկանեն+, իսկ ծառան մենակ կգնա+։
5 Բայց եթե ծառան ասի՝ «ես սիրում եմ իմ տիրոջը, իմ կնոջն ու որդիներին, ես չեմ ուզում ազատ արձակվել»+,
6 այդ դեպքում նրա տերը պետք է նրան մոտեցնի ճշմարիտ Աստծուն ու բերի դռան կամ դռան կողափայտի դիմաց, այնուհետև բզով ծակի նրա ականջը, և իր ողջ կյանքի ընթացքում նա պետք է նրա ծառան լինի+։
7 Եթե մի մարդ իր աղջկան վաճառի որպես աղախին+, ապա աղջիկը չի ազատվի այնպես, ինչպես տղամարդ ծառան է ազատվում։
8 Եթե նա հաճություն չգտնի իր տիրոջ աչքին, այնպես որ նա չուզենա նրան դարձնել իր հարճը+, այլ թույլ տա, որ նա փրկագնվի, ապա տերը իրավունք չի ունենա նրան վաճառելու օտարներին, քանի որ նենգությամբ է վարվել նրա հետ։
9 Իսկ եթե նախապես որոշի նրան կնության տալ իր որդուն, ապա նրա հետ պետք է վարվի դուստրերի իրավունքի համաձայն+։
10 Եթե նա մեկ ուրիշին կնության առնի, ապա չպետք է պակասեցնի աղախնի սնունդն ու հագուստը+ և նրա հանդեպ պետք է կատարի իր ամուսնական պարտականությունը+։
11 Եթե այս երեք բաները նրան չտա, ապա առանց փող վճարելու՝ նա ազատ կարձակվի։
12 Եթե մեկը մի մարդու այնպես հարվածի, որ նա մահանա, անպատճառ մահվան պիտի մատնվի+։
13 Բայց եթե դարանամուտ չի եղել, և Աստված թույլ է տվել, որ նրա ձեռքով այդպիսի բան պատահի+, ապա ես մի տեղ կսահմանեմ, ուր նա կարող է փախչել+։
14 Իսկ եթե մի մարդ բարկանա իր դրացու վրա այն աստիճան, որ չարամտորեն սպանի նրան+, ապա նույնիսկ իմ զոհասեղանի մոտից պիտի վերցնես նրան ու մահվան մատնես+։
15 Եթե մեկն իր հորն ու մորը հարվածի, անպատճառ մահվան պիտի մատնվի+։
16 Եթե մեկը մարդ առևանգի+ և վաճառի+ նրան, կամ եթե որևէ մեկի ձեռքում առևանգվածի գտնեն, ապա նա անպատճառ մահվան պիտի մատնվի+։
17 Եթե մեկն իր հորն ու մորը անիծի, անպատճառ մահվան պիտի մատնվի+։
18 Եթե մարդիկ վեճի բռնվեն, և մեկը քարով կամ բրչով հարվածի իր մերձավորին, ու նա չմեռնի, այլ անկողին ընկնի,
19 ապա եթե նա վեր կենա ու ինչ-որ բանի օգնությամբ կարողանա դուրս գալ ու քայլել, նրան հարվածողը կազատվի պատժից։ Նա կփոխհատուցի միայն այն ժամանակի դիմաց, որի ընթացքում տուժածը չի աշխատել մինչև լիովին ապաքինվելը։
20 Եթե մի մարդ փայտով հարվածի+ իր ծառային կամ աղախնին, և նա մահանա նրա ձեռքով, ապա նրա համար անպատճառ վրեժ պիտի առնվի+։
21 Սակայն եթե ծառան կամ աղախինը մեկ կամ երկու օր ապրի, ապա նրա համար չպետք է վրեժ առնվի, որովհետև նա իր տիրոջ փողն է։
22 Եթե տղամարդիկ իրար հետ կռիվ անեն ու հղի կնոջ հարվածեն, և նրա երեխան+ ժամանակից շուտ ծնվի, և մահացու դեպք չլինի, ապա մեղավորը անպատճառ իր վրա դրված տույժը պիտի հատուցի այն չափով, որ չափով կնոջ ամուսինը* կդնի նրա վրա. այն պետք է տա դատավորների միջոցով+։
23 Բայց եթե մահացու դեպք լինի, ուրեմն հոգու դիմաց հոգի պիտի տաս+,
24 աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք+,
25 այրվածքի դիմաց՝ այրվածք, վերքի դիմաց՝ վերք, հարվածի դիմաց՝ հարված+։
26 Եթե մի մարդ հարվածի իր ծառայի կամ աղախնի աչքին և այն կուրացնի, ապա որպես նրա աչքի փոխհատուցում նրան պետք է ազատ արձակի+։
27 Եվ եթե նա կոտրի իր ծառայի կամ աղախնի ատամը, ապա որպես նրա ատամի փոխհատուցում նրան պետք է ազատ արձակի։
28 Եթե մի ցուլ պոզահարի մի տղամարդու կամ կնոջ, և նա մեռնի, ապա ցուլը անպատճառ պիտի քարկոծվի+, բայց նրա միսը չպետք է ուտվի։ Նրա տերը ազատված է պատժից։
29 Բայց եթե ցուլը նախկինում էլ է պոզահարել, և նրա տիրոջը զգուշացրել են, իսկ նա չի հսկել նրան, և ցուլը սպանել է որևէ տղամարդու կամ կնոջ, ապա ցուլը պետք է քարկոծվի, և նրա տերը մահվան պիտի մատնվի։
30 Եթե նրանից փրկանք պահանջվի, ապա իր հոգու համար նա պիտի տա այնքան փրկագին, որքան իրենից կպահանջեն+։
31 Անկախ նրանից՝ ցուլը տղա է պոզահարել թե աղջիկ, հարկավոր է վարվել այս դատավճռի համաձայն+։
32 Եթե ցուլը ծառայի կամ աղախնի է պոզահարել, ապա ցլի տերը երեսուն սիկղ*+ պիտի վճարի նրա տիրոջը, իսկ ցուլը պիտի քարկոծվի։
33 Եթե մի մարդ փոս բաց անի կամ փոս փորի ու այն չծածկի, և դրա մեջ ցուլ կամ էշ ընկնի+,
34 փոսի տերը պետք է փոխհատուցի+։ Անասունի գինը նա պետք է վերադարձնի տիրոջը, իսկ սատկած անասունը իրեն կմնա։
35 Եթե ինչ-որ մեկի ցուլը հարվածի ուրիշի ցլին, և այն սատկի, ապա նրանք պետք է վաճառեն կենդանի ցուլը ու կիսեն դրա դիմաց տրված փողը. սատկած կենդանին նույնպես պետք է կիսեն+։
36 Իսկ եթե հայտնի է, որ ցուլը նախկինում էլ է պոզահարել, բայց տերը չի հսկել նրան+, ապա նա ցլի դիմաց ցլով պետք է հատուցի+, իսկ սատկածը իրեն կմնա»։