Ելք 33։1-23

33  Այնուհետև Եհովան ասաց Մովսեսին. «Դու և այն ժողովուրդը, որին հանեցիր Եգիպտոսի երկրից+, գնացեք այստեղից դեպի այն երկիրը, որը ես խոստացել եմ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին՝ ասելով. «Քո սերնդին եմ այն տալու»+։  Քո առջևից մի հրեշտակ կուղարկեմ+ և կքշեմ քանանացիներին, ամորհացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին ու հեբուսացիներին+։  Գնացեք դեպի այն երկիրը, որտեղ կաթ ու մեղր է հոսում+. ես չեմ գնա ձեզ հետ, որպեսզի չոչնչացնեմ+ ձեզ ճանապարհին, որովհետև դուք համառ* ժողովուրդ եք»+։  Երբ ժողովուրդը լսեց այդ խիստ խոսքերը, սկսեց սուգ անել+։ Նրանցից ոչ մեկն իր զարդերը չկրեց։  Եհովան ասաց Մովսեսին. «Իսրայելի որդիներին ասա. «Դուք համառ ժողովուրդ եք+։ Մի ակնթարթում+ ես կարող էի մտնել ձեր մեջ ու ոչնչացնել ձեզ։ Ուստի այժմ ձեր վրայից հանեք ձեր զարդերը, քանի որ ուզում եմ որոշել, թե ինչ եմ անելու ձեզ»»+։  Իսրայելի որդիներն էլ Քորեբ+ լեռան մոտ իրենց վրայից հանեցին բոլոր զարդերը և այլևս չկրեցին։  Մովսեսն իր վրանը տարավ ու կանգնեցրեց ճամբարից դուրս՝ ճամբարից հեռու, և այն հանդիպման վրան կոչեց։ Երբ որևէ մեկը ցանկանում էր ինչ-​որ բան հարցնել+ Եհովայից, գնում էր հանդիպման վրան, որը ճամբարից դուրս էր։  Երբ Մովսեսը գնում էր դեպի վրանը, ամբողջ ժողովուրդը վեր էր կենում+, և յուրաքանչյուրը կանգնում էր իր վրանի մուտքի մոտ ու նայում Մովսեսին, մինչև որ նա վրան մտներ։  Հենց որ Մովսեսը վրան էր մտնում, ամպի սյունն+ իջնում էր ու կանգնում վրանի մուտքի մոտ, և Նա խոսում էր+ Մովսեսի հետ։ 10  Ողջ ժողովուրդը տեսնում էր ամպի սյունը+, որ կանգնած էր վրանի մուտքի մոտ, և ողջ ժողովուրդը վեր էր կենում, ու ամեն մեկը խոնարհվում էր իր վրանի մուտքի մոտ+։ 11  Եհովան Մովսեսի հետ խոսում էր երես առ երես+, ինչպես որ մարդ իր մերձավորի հետ է խոսում։ Երբ նա վերադառնում էր ճամբար, նրա ծառա+ Հեսուն՝ Նավեի որդին+՝ նրա սպասավորը, չէր հեռանում վրանից։ 12  Մովսեսն ասաց Եհովային. «Ահա դու ինձ ասում ես՝ «առաջնորդիր այս ժողովրդին», բայց ինձ չես իմացնում, թե ում ես ուղարկելու ինձ հետ։ Բացի դրանից, դու ասացիր, թե՝ «ես քեզ անունով եմ ճանաչում+, դու հաճություն ես գտել իմ աչքում»։ 13  Այժմ եթե հաճություն եմ գտել քո աչքում+, իմացրու ինձ, խնդրեմ, քո ճանապարհները+, որ ճանաչեմ քեզ ու հաճություն գտնեմ քո աչքում։ Եվ հիշիր, որ այս ազգը քո ժողովուրդն է»+։ 14  Նա էլ ասաց. «Ես կգնամ քեզ հետ+ ու հանգստություն կտամ քեզ»+։ 15  Իսկ նա ասաց. «Եթե չգաս, մեզ մի՛ տար այստեղից։ 16  Ինչի՞ց կիմացվի, որ ես հաճություն եմ գտել քո աչքում, ինչպես ես, այնպես էլ քո ժողովուրդը։ Մի՞թե ոչ նրանից, որ մեզ հետ կգաս+։ Այդպես ես ու քո ժողովուրդը կառանձնանանք մյուս բոլոր ժողովուրդներից, որոնք երկրի երեսին են»+։ 17  Եհովան շարունակեց ասել Մովսեսին. «Քո ասած այս բանն էլ կանեմ+, որովհետև դու հաճություն ես գտել իմ աչքում, և ես քեզ անունով եմ ճանաչում»։ 18  Նա էլ ասաց. «Խնդրում եմ, այնպես արա, որ քո փառքը տեսնեմ»+։ 19  Բայց նա ասաց. «Իմ ողջ բարությունը ես կանցկացնեմ քո երեսի առջևով+ և կհռչակեմ Եհովայի անունը քո առաջ+։ Ես հաճություն կցուցաբերեմ նրա հանդեպ, ում հանդեպ կուզենամ, և կողորմեմ նրան, ում կուզենամ ողորմել»+։ 20  Նա ավելացրեց. «Դու իմ երեսը չես կարող տեսնել, որովհետև ոչ մի մարդ չի կարող տեսնել ինձ ու ողջ մնալ»+։ 21  Ապա Եհովան ասաց. «Ահա ինձ մոտ մի տեղ կա։ Կանգնիր ժայռի վրա։ 22  Երբ իմ փառքն անցնելիս լինի, քեզ կդնեմ ժայռի մի խորշում ու ձեռքիս ափը քեզ վրա կդնեմ որպես ծածկոց, մինչև որ անցնեմ։ 23  Դրանից հետո ափս կհեռացնեմ, և դու ինձ հետևի կողմից կտեսնես։ Սակայն իմ երեսը չես կարող տեսնել»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «խստապարանոց»։