Ելք 5։1-23

5  Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ և ասացին նրան+. «Այսպես է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ իմ պատվին տոն նշի անապատում»»+։  Բայց փարավոնն ասաց. «Եհովան ո՞վ է+, որ հնազանդվեմ նրա ձայնին ու արձակեմ Իսրայելին+։ Ես Եհովային չե՛մ ճանաչում+ և Իսրայելին էլ չե՛մ արձակի»+։  Սակայն նրանք ասացին. «Եբրայեցիների Աստվածը հայտնվել է մեզ+։ Խնդրում ենք, թույլ տուր, որ երեք օրով* գնանք անապատ ու մեր Աստված Եհովային զոհ մատուցենք+, այլապես նա համաճարակով կամ սրով կհարվածի մեզ»+։  Իսկ Եգիպտոսի թագավորն ասաց. «Մովսե՛ս և Ահարո՛ն, ինչո՞ւ եք ժողովրդին գործից կտրում+։ Գնացե՛ք ու աշխատե՛ք»+։  Փարավոնը շարունակեց. «Ահա ձեր ժողովուրդը մեծաքանակ է+ այս երկրում, և դուք այնպես եք անում, որ նրանք դադարեն աշխատելուց»+։  Հենց նույն օրը փարավոնը վերահսկիչներին+ ու ժողովրդի գործավարներին հրամայեց.  «Աղյուս+ պատրաստելու համար առաջվա պես ժողովրդին հարդ մի՛ տվեք։ Թող իրե՛նք գնան ու իրենց համար հարդ հավաքեն։  Բացի դրանից, շարունակե՛ք նրանցից պահանջել այնքան աղյուս, որքան առաջ էին պատրաստում։ Ոչինչ չպակասեցնե՛ք, որովհետև նրանք ծույլ+ են։ Դա է պատճառը, որ աղաղակում են ու ասում. «Մենք ուզում ենք գնալ, մենք ուզում ենք զոհ մատուցել մեր Աստծուն»+։  Թող աշխատանքը ծանրանա՛ այս մարդկանց վրա, ու հետևե՛ք, որ աշխատեն և սուտ խոսքերի+ ուշադրություն չդարձնեն»։ 10  Ուստի վերահսկիչներն+ ու ժողովրդի գործավարները գնացին և ասացին ժողովրդին. «Այսպես է ասում փարավոնը. «Ձեզ այլևս հարդ չեմ տալու։ 11  Ինքնե՛րդ գնացեք ու հարդ հայթայթեք ձեզ համար որտեղ որ գտնեք, որովհետև ձեր աշխատանքը մի փոքր անգամ չի պակասեցվելու»»+։ 12  Եվ ժողովուրդը սփռվեց ողջ Եգիպտոսով մեկ, որպեսզի ծղոտ հավաքի հարդ պատրաստելու համար։ 13  Իսկ վերահսկիչները շտապեցնում էին+ նրանց՝ ասելով. «Ամեն օր յուրաքանչյուրդ ավարտե՛ք ձեր աշխատանքը այնպես, ինչպես այն ժամանակ, երբ հարդ կար»+։ 14  Ավելի ուշ փարավոնի վերահսկիչները ծեծեցին+ Իսրայելի որդիների գործավարներին+, որոնց նշանակել էին նրանց վրա, և ասացին. «Ինչո՞ւ երեկ և այսօր չավարտեցիք ձեզ հանձնարարված գործը, չպատրաստեցիք այնքան աղյուս+, որքան առաջ»+։ 15  Իսրայելի որդիների գործավարներն+ էլ գնացին փարավոնի մոտ ու աղաղակելով ասացին. «Ինչո՞ւ ես ծառաներիդ հետ այդպես վարվում։ 16  Քո ծառաներին հարդ չեն տալիս, սակայն ասում են՝ «աղյուսնե՛ր պատրաստեք»։ Եվ ահա քո ծառաները ծեծվում են, մինչդեռ քո ժողովուրդն է մեղավոր»+։ 17  Բայց նա ասաց. «Դուք ծո՛ւյլ եք, ծո՛ւյլ+։ Դա է պատճառը, որ ասում եք. «Ուզում ենք գնալ, ուզում ենք զոհ մատուցել Եհովային»+։ 18  Հիմա գնացե՛ք, աշխատե՛ք։ Ձեզ հարդ չի տրվելու, բայց դուք սահմանված քանակով աղյուսներ պիտի տաք»+։ 19  Լսելով այն խոսքերը+, թե՝ «օրական պահանջվող աղյուսների քանակից մի փոքր անգամ չպակասեցնե՛ք»+՝ Իսրայելի որդիների գործավարները տեսան, որ աղետալի կացության մեջ են։ 20  Դուրս գալով փարավոնի մոտից՝ նրանք հանդիպեցին Մովսեսին ու Ահարոնին+, որոնք կանգնել էին, որ դիմավորեն նրանց, 21  և ասացին. «Թո՛ղ Եհովան նայի ձեզ ու դատի+, քանի որ դուք մեզ գարշելի դարձրիք+ փարավոնի ու նրա ծառաների առաջ և նրանց ձեռքը սուր տվեցիք, որ սպանեն մեզ»+։ 22  Այդ ժամանակ Մովսեսը դարձավ դեպի Եհովան+ ու ասաց. «Եհո՛վա, ինչի՞ համար չարիք պատճառեցիր այս ժողովրդին+։ Ինչի՞ համար ինձ ուղարկեցիր+։ 23  Հենց այն պահից, երբ ես գնացի փարավոնի մոտ՝ քո անունից խոսելու+, նա չարիք արեց այս ժողովրդին+, և դու այդպես էլ չազատեցիր քո ժողովրդին»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «երեք օրվա ճանապարհ»։