Ելք 8։1-32

8  Այնուհետև Եհովան ասաց Մովսեսին. «Գնա փարավոնի մոտ և ասա նրան. «Այսպես է ասում Եհովան. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ ծառայի ինձ+։  Բայց եթե չուզես արձակել նրան, ես քո ամբողջ տարածքը գորտերով կպատուհասեմ+։  Նեղոս գետը գորտերով կվխտա, և դրանք դուրս կգան ու կմտնեն քո տունը, քո ննջասենյակը, քո անկողինը, քո ծառաների տները և կլինեն քո ժողովրդի վրա ու քո վառարանների և քո խմորատաշտերի մեջ+։  Գորտերը կելնեն քեզ վրա, քո ժողովրդի և քո բոլոր ծառաների վրա»»»+։  Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Ահարոնին ասա. «Ձեռքովդ մեկնիր քո գավազանը+ գետերի, Նեղոսի ջրանցքների ու եղեգնաշատ լճերի վրա և Եգիպտոսի վրա գորտեր դուրս բեր»»։  Այդժամ Ահարոնը մեկնեց ձեռքը Եգիպտոսի ջրերի վրա, և գորտեր սկսեցին դուրս գալ ու ծածկել Եգիպտոսը։  Սակայն մոգությամբ զբաղվող քրմերն իրենց կախարդությամբ նույն բանն արեցին և գորտեր դուրս բերեցին Եգիպտոսի վրա+։  Որոշ ժամանակ անց փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Աղաչե՛ք Եհովային+, որ իմ ու իմ ժողովրդի վրայից հեռացնի գորտերը, քանի որ հիմա պատրաստ եմ արձակելու ժողովրդին, որ զոհ մատուցի Եհովային»+։  Մովսեսն էլ ասաց փարավոնին. «Խնդրում եմ, դու ինքդ որոշիր, թե երբ աղաչեմ քեզ համար, քո ծառաների ու քո ժողովրդի համար, որ գորտերը վերանան քո մոտից և քո տներից։ Դրանք միայն Նեղոս գետում կմնան»։ 10  Նա էլ ասաց՝ վաղը։ Եվ Մովսեսն ասաց. «Թող քո ասածով լինի, որպեսզի իմանաս, որ մեր Աստված Եհովայի պես ուրիշը չկա+։ 11  Գորտերը կհեռանան քեզնից ու քո տներից, քո ծառաներից ու քո ժողովրդից։ Դրանք միայն Նեղոս գետում կմնան»+։ 12  Մովսեսն ու Ահարոնը դուրս եկան փարավոնի մոտից, և Մովսեսը աղերսեց Եհովային+, որ վերացնի այն գորտերին, որոնք Նա բերել էր փարավոնի վրա։ 13  Եհովան արեց Մովսեսի խոսքի համաձայն+, և գորտերը սկսեցին սատկել ու վերանալ տներից, բակերից ու դաշտերից։ 14  Եվ մարդիկ կույտ-​կույտ հավաքեցին դրանք, ու երկիրը սկսեց գարշահոտել+։ 15  Երբ փարավոնը տեսավ, որ երկրի վրա թեթևացում եղավ, կարծրացրեց իր սիրտը+. նա չլսեց նրանց, ինչպես որ Եհովան ասել էր+։ 16  Եհովան ասաց Մովսեսին. «Ահարոնին ասա. «Գավազանդ+ մեկնիր ու հարվածիր հողի փոշուն, և այն մժեղների կվերածվի ողջ Եգիպտոսով մեկ»»։ 17  Նրանք այդպես էլ արեցին։ Ահարոնն իր ձեռքով մեկնեց գավազանը, հարվածեց հողի փոշուն, և մարդկանց ու անասունների վրա մժեղներ եղան։ Ամբողջ հողի փոշին մժեղների վերածվեց ողջ Եգիպտոսով մեկ+։ 18  Մոգությամբ զբաղվող քրմերը փորձեցին իրենց կախարդությամբ նույն բանն անել+, որ մժեղներ առաջ բերեն, սակայն չկարողացան+։ Այդպես՝ մարդկանց ու անասունների վրա մժեղներ եղան։ 19  Ուստի քրմերն ասացին փարավոնին. «Դա Աստծո՛ւ մատն է»+։ Սակայն փարավոնի սիրտը համառ մնաց+, և նա չլսեց նրանց, ինչպես որ Եհովան ասել էր։ 20  Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Վաղ առավոտյան վեր կաց ու կանգնիր փարավոնի առաջ+։ Նա դուրս կգա ջրի մոտ, և դու կասես նրան. «Այսպես է ասում Եհովան. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ ծառայի ինձ+։ 21  Բայց եթե չարձակես իմ ժողովրդին, քեզ վրա, քո ծառաների, քո ժողովրդի և քո տների վրա խայթող ճանճեր*+ կուղարկեմ։ Եվ Եգիպտոսի տները, ինչպես նաև հողը, որի վրա նրանք ապրում են, լեփ-​լեցուն կլինեն խայթող ճանճերով։ 22  Այդ օրը ես կառանձնացնեմ Գեսեմ երկիրը, որում ապրում է իմ ժողովուրդը, այնպես որ ոչ մի խայթող ճանճ չի լինի այնտեղ+, որպեսզի իմանաս, որ ես Եհովան եմ ողջ երկրով մեկ+։ 23  Ես սահմանագիծ կդնեմ իմ ժողովրդի ու քո ժողովրդի միջև+։ Վաղը այս նշանը կկատարվի»»»։ 24  Եհովան այդպես էլ արեց։ Խայթող ճանճերի խիտ պարսերը ներխուժեցին փարավոնի ու նրա ծառաների տները և լցրին ողջ Եգիպտոսը+։ Այդ խայթող ճանճերի պատճառով երկիրն ավերվեց+։ 25  Ի վերջո, փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Գնացե՛ք ու զո՛հ մատուցեք ձեր Աստծուն այս երկրում»+։ 26  Բայց Մովսեսն ասաց. «Դա անհնար է, քանի որ մենք մեր Աստված Եհովային զոհաբերելու ենք մի բան, որը գարշելի է եգիպտացիների համար+։ Եթե եգիպտացիների աչքի առաջ զոհաբերենք նրանց համար գարշելի մի բան, մի՞թե մեզ չեն քարկոծի։ 27  Մենք պիտի երեք օրով* անապատ գնանք և մեր Աստված Եհովային զոհ մատուցենք, ինչպես որ նա ասել է մեզ»+։ 28  Փարավոնն ասաց. «Ես կարձակեմ ձեզ+, և դուք անապատում զոհ կմատուցեք ձեր Աստված Եհովային+։ Միայն թե այդքան հեռու մի՛ գնացեք։ Ինձ համար աղաչա՛նք արեք»+։ 29  Իսկ Մովսեսն ասաց. «Ահա ես գնում եմ քո մոտից և աղաչանք կանեմ Եհովային, ու վաղը խայթող ճանճերը կհեռանան փարավոնից, նրա ծառաներից ու նրա ժողովրդից։ Միայն թե փարավոնը թող նորից չխաբի և չարգելի ժողովրդին գնալ ու Եհովային զոհ մատուցել»+։ 30  Դրանից հետո Մովսեսը գնաց փարավոնի մոտից և աղաչեց Եհովային+։ 31  Եհովան արեց Մովսեսի խոսքի համաձայն+, և խայթող ճանճերը հեռացան փարավոնից, նրա ծառաներից ու նրա ժողովրդից+։ Մի ճանճ անգամ չմնաց։ 32  Բայց փարավոնն այս անգամ էլ կարծրացրեց իր սիրտը ու ժողովրդին չարձակեց+։

Ծանոթագրություններ

Հվնբր նման էին բոռերի և շնաճանճերի։
Կամ՝ «երեք օրվա ճանապարհ»։