Եսայիա 13։1-22
13 Բաբելոնի դեմ ուղղված պատգամը+, որը տեսիլքում տեսավ Ամոզի որդի Եսայիան+.
2 «Մերկ լեռան վրա նշանասյուն կանգնեցրեք+, ձեր ձայները բարձրացրեք դեպի նրանց, ձեռքով արեք+, որ նրանք մտնեն ազնվատոհմ մարդկանց մուտքով+։
3 Ես հրաման եմ տվել իմ ռազմիկներին, որոնց ընտրել եմ*+։ Իմ բարկությունն արտահայտելու համար կանչել եմ նաև իմ զորավորներին+՝ մեծ հրճվանքով ցնծացողներին։
4 Լսեցե՛ք. ամբոխի աղմուկ է լսվում լեռներում, ասես մեծաքանակ ժողովրդի աղմուկ լինի+։ Լսեցե՛ք. թագավորությունների, իրար հետ հավաքված ազգերի աղմուկ է լսվում+։ Զորքերի Տեր Եհովան պատերազմի համար զորք է հավաքում+։
5 Եհովան և իր դատապարտության զենքերը գալիս են հեռավոր երկրից+, երկնքի ծայրից, որ բնաջինջ անեն ողջ երկիրը+։
6 Ողբացե՛ք, որովհետև մոտ է Եհովայի օրը+։ Այն որպես կողոպուտ կգա Ամենակարողի կողմից+։
7 Ահա թե ինչու բոլորը թևաթափ կլինեն, և մարդու սիրտը կհալչի+։
8 Ժողովուրդը տագնապի մեջ է+։ Ցնցումներն ու երկունքի ցավերը բռնել են նրանց, ծննդաբերող կնոջ պես երկունքի ցավերի մեջ են+։ Ապշահար իրար են նայում։ Նրանց երեսը այրվում է+։
9 Ահա գալիս է Եհովայի օրը՝ դաժան, ցասումով և բորբոքված բարկությամբ, որպեսզի երկիրը զարհուրելի տեսարան դարձնի+ և նրա վրայից ոչնչացնի մեղսագործներին+։
10 Երկնքի աստղերը և Կեսիլ+ համաստեղություններն այլևս լույս չեն արձակի, արևը ծագելիս կխավարի, և լուսինը լույս չի տա։
11 Ես կպատժեմ երկիրը իր չարության համար+ և ամբարիշտներին՝ իրենց հանցանքների համար։ Հանդուգն մարդկանց հպարտությանը վերջ կդնեմ և բռնավորների ամբարտավանությունը կնվաստացնեմ+։
12 Այնպես կանեմ, որ մահկանացու մարդը ավելի հազվագյուտ կլինի, քան զտված ոսկին+, և հողեղեն մարդը ավելի հազվագյուտ կլինի, քան Օֆիրի ոսկին+։
13 Դրա համար էլ ես կցնցեմ երկինքը+, և Զորքերի Տեր Եհովայի+ ցասման պատճառով երկիրը կսասանվի իր տեղից նրա բորբոքված բարկության օրը+։
14 Այդ ժամանակ նրանցից յուրաքանչյուրը կվերադառնա իր ժողովրդի մոտ և կփախչի իր երկիրը+, ինչպես հետապնդվող վիթը և այն հոտը, որն իրեն մեկտեղ հավաքող չունի+։
15 Ում որ գտնեն, կխոցեն, և ում որ բռնեն, սրի կմատնեն+։
16 Նրանց երեխաներին իրենց աչքի առաջ դաժանորեն կսպանեն+, նրանց տները կկողոպտեն, ու նրանց կանանց կբռնաբարեն+։
17 Նրանց դեմ կհանեմ մարերին+, որոնց համար արծաթը ոչինչ է, և որոնք արհամարհում են ոսկին։
18 Նրանց աղեղները երիտասարդներին կխոցեն+, նրանք չեն խղճա որովայնի պտղին+, նրանց աչքը որդիներին չի խնայի։
19 Բաբելոնը՝ թագավորությունների զարդարանքը+, քաղդեացիների գեղեցկությունն ու հպարտությունը+, կդառնա այնպիսին, ինչպիսին որ Սոդոմն ու Գոմորը դարձան, երբ Աստված կործանեց դրանք+։
20 Նա այլևս երբեք բնակեցված չի լինի+ և սերնդեսերունդ իր համար բնակության տեղ չի ունենա+։ Այնտեղ արաբացին իր վրանը չի կանգնեցնի, և ոչ մի հովիվ իր հոտը չի պառկեցնի։
21 Այնտեղ կպառկեն անջուր վայրերում բնակվողները, և տները բվեճներով կլցվեն+։ Այնտեղ ջայլամները կբնակվեն, և այծանման դևերը* կցատկոտեն+։
22 Նրա բնակելի աշտարակներում շնագայլերը կոռնան+, և նրա սքանչելի պալատներում մեծ օձեր կսողան։ Նրա ժամանակը մոտենում է. նրա օրերը չեն երկարի»+։
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ «սրբացրել կամ առանձնացրել եմ Եհովայի պատերազմի համար»։
^ Խոսքը կա՛մ դևերի, կա՛մ այն կենդանիների մասին է, որոնց արտաքին տեսքը դևեր էր հիշեցնում։