Եսայիա 21։1-17
21 Ծովի անապատի* դեմ ուղղված պատգամը+։ Ինչպես որ մրրիկն+ է անցնում հարավով, այնպես էլ աղետն է գալիս անապատից՝ ահ ներշնչող երկրից+։
2 Ինձ մի ահարկու տեսիլք+ տրվեց. դավաճանը դավաճանում է, և կողոպտիչը կողոպտում է+։ Վե՛ր կաց, ո՛վ Էլամ։ Պաշարի՛ր, ո՛վ Մարաստան+։ Նրա պատճառով արձակած բոլոր հառաչանքներին ես վերջ եմ դրել+։
3 Դրա համար էլ մեջքս սարսափելի ցավերով է բռնվել+։ Ինձ երկունքի ցավերն են բռնել ծննդաբերող կնոջ ցավերի պես+։ Այնպիսի շփոթմունքի մեջ եմ, որ չեմ լսում։ Այնպիսի տագնապի մեջ եմ, որ չեմ տեսնում։
4 Սիրտս ուժգին բաբախում է, ես դողում ու սարսափում եմ։ Սարսռում եմ մթնշաղից, որն ինձ այդքան դուր էր գալիս+։
5 Թող սեղան գցեն, նստելու տեղեր պատրաստեն, ուտեն ու խմեն+։ Վե՛ր կացեք, ո՛վ իշխաններ+, օծե՛ք վահանը+,
6 որովհետև ինձ այսպես է ասել Եհովան.
«Գնա՛, դե՛տ կանգնեցրու, որպեսզի նա պատմի իր տեսածը»+։
7 Նա տեսավ երկու նժույգ լծած մարտակառք, էշեր լծած մարտակառք և ուղտեր լծած մարտակառք։ Նա մեծ ուշադրությամբ հետևեց դրանց։
8 Հետո բղավեց, ինչպես առյուծն է մռնչում+. «Ո՛վ Եհովա, ցերեկը ես միշտ կանգնած եմ դիտարանի վրա և իմ պահակակետում եմ ամեն գիշեր+։
9 Եվ հիմա տեսնում եմ, որ մոտենում է երկու նժույգ լծած մարտակառք, որում մարդիկ կան»+։
Ապա նա բարձրաձայն ասաց. «Ընկա՜վ։ Ընկա՜վ Բաբելոնը+, և նրա աստվածների բոլոր քանդակված պատկերները Նա գետնով տվեց»+։
10 Ո՛վ իմ կալսվածներ և իմ կալի որդի+, ինչ որ լսեցի Զորքերի Տեր Եհովայից՝ Իսրայելի Աստծուց, այն էլ հաղորդեցի ձեզ։
11 Դումայի դեմ ուղղված պատգամը։ Սեիրից+ ինձ կանչում են. «Դե՛տ, ինչքա՞ն մնաց գիշերվան։ Դե՛տ, ինչքա՞ն մնաց գիշերվան»+։
12 Դետը պատասխանեց. «Առավոտ կգա, հետո կրկին գիշեր։ Եթե կուզեք հարցնել, հարցրեք։ Նորի՛ց եկեք»։
13 Տափաստանային հարթավայրի դեմ ուղղված պատգամը։ Ո՛վ Դեդանի+ բնակիչներ, որ ճամփորդում եք քարավաններով, դուք գիշերը կանցկացնեք անտառում՝ տափաստանային հարթավայրում։
14 Ջուր բերեք, որ դիմավորեք ծարավին։ Ո՛վ Թեմայի+ բնակիչներ, փախչողին հացով դիմավորեք,
15 որովհետև նրանք փախել են սրերի, քաշած սրի, լարած աղեղի ու պատերազմի ծանրության պատճառով։
16 Ահա թե ինչ ասաց ինձ Եհովան. «Մեկ տարի չանցած՝ ըստ վարձու աշխատողի տարիների+՝ Կեդարի+ ողջ փառքին վերջ կդրվի։
17 Աղեղնավորներից՝ Կեդարի որդիների զորավորներից, քիչ մարդ կմնա+, քանի որ դա ասել է Եհովան՝ Իսրայելի Աստվածը»+։
Ծանոթագրություններ
^ Հվնբր խոսքը հին Բաբելոնի հարավային կողմի մասին է, որտեղ Եփրատ ու Տիգրիս գետերը ամեն տարի դուրս էին գալիս իրենց ափերից։