Եսայիա 48։1-22

48  Լսիր, ո՛վ Հակոբի տուն, դուք, որ ձեզ կոչում եք Իսրայելի անունով+ և առաջ եք եկել Հուդայի աղբյուրից+, դուք, որ երդվում եք Եհովայի անունով+ և հիշատակում եք Իսրայելի Աստծուն+, բայց դա չեք անում ճշմարտությամբ ու արդարությամբ+։  Նրանք իրենց կոչում են սուրբ քաղաքից սերվածներ+ և ապավինում են Իսրայելի Աստծուն+, որի անունը Զորքերի Տեր Եհովա է+։  «Նախկին բաների մասին ես հայտնել եմ նախքան դրանց կատարվելը, իմ բերանից են դուրս եկել, ու ես լսել եմ տվել դրանց մասին+։ Ես հանկարծակի եմ գործել, և դրանք կատարվել են+։  Եվ քանի որ գիտեի, որ դու համառ ես+, քո պարանոցը երկաթե ջլերից է+, իսկ ճակատդ՝ պղնձից+,  դրա համար էլ նախօրոք էի հայտնում քեզ։ Մինչ կատարվելը քեզ լսել էի տալիս+, որ չասեիր. «Իմ կուռքն է արել դա, իմ քանդակված պատկերն ու ձուլածո պատկերն է հրամայել, որ կատարվի»+։  Դու լսել ես+։ Նայիր այդ ամենին+։ Մի՞թե դուք չեք պատմի այդ մասին+։ Այսուհետև ես նոր բաներ եմ լսել տալիս քեզ, այն, ինչ պահված էր, և այն, ինչի մասին դու չգիտեիր+։  Դրանք ոչ թե նախկինում են կատարվել, այլ հիմա են կատարվելու՝ բաներ, որոնց մասին դու մինչ օրս չես լսել, դրա համար էլ չես կարող ասել. «Ես արդեն գիտեմ դրանց մասին»+։  Ավելին, դու չես լսել+ ու չես իմացել, ոչ էլ քո ականջն է բաց եղել այն ժամանակվանից ի վեր։ Ես գիտեմ, որ դու միշտ անհավատարմությամբ ես վարվել+, դու կոչվել ես «օրինազանց՝ մոր որովայնից»+։  Հանուն իմ անվան ես կզսպեմ իմ բարկությունը+ և հանուն այն բանի, որ գովաբանվեմ, կզսպեմ ինձ ու չեմ կործանի քեզ+։ 10  Ահա ես զտեցի քեզ, բայց ոչ արծաթի պես+։ Ես ընտրեցի քեզ, երբ դու հարստահարության հալոցում էիր+։ 11  Հանուն ինձ, հանուն ինձ ես պիտի գործեմ+, որովհետև ինչպե՞ս կարող եմ թույլ տալ, որ իմ անունը պղծվի+։ Իմ փառքը ուրիշին չեմ տա+։ 12  Լսիր ինձ, ո՛վ Հակոբ, և դու, ո՛վ Իսրայել, որին ես կանչել եմ։ Ես նույնն եմ+։ Ես առաջինն եմ+, ավելին, նաև վերջինն եմ+։ 13  Իմ ձեռքն է դրել երկրի հիմքը+, ու իմ աջ ձեռքն է տարածել երկինքը+։ Ես կանչում եմ նրանց, և միասին ներկայանում են+։ 14  Միասին հավաքվեք ու լսեցեք+, ո՛վ բոլոր մարդիկ։ Նրանցից ո՞վ է պատմել այս բաների մասին։ Եհովան սիրեց նրան+, և նա Բաբելոնին կանի այն, ինչ Նա է ուզում+, և նրա բազուկը քաղդեացիների վրա կլինի+։ 15  Ես, ես եմ խոսել։ Ես կանչել+ ու բերել եմ նրան, և նրա ճանապարհը հաջողակ կլինի+։ 16  Մոտեցեք ինձ ու լսեցեք։ Հենց սկզբից ես ծածուկ տեղում չեմ խոսել+, այն կատարվելուց ի վեր այնտեղ եմ եղել»։ Եվ հիմա Գերիշխան Տեր Եհովան ուղարկել է ինձ և իր ոգին+։ 17  Այսպես է ասում Եհովան՝ քեզ Փրկագնողը+՝ Իսրայելի Սուրբը+. «Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ+, տանում է այն ճանապարհով, որով դու պիտի գնաս+։ 18  Երանի՜ թե ուշադրություն դարձնեիր իմ պատվիրաններին+. այդ ժամանակ քո խաղաղությունը գետի պես+, ու քո արդարությունը ծովի ալիքների պես կլիներ+։ 19  Քո սերունդը ավազի պես շատ կդառնար, և քո հետնորդները, որոնք առաջ կգան քեզանից*, ավազահատիկների պես շատ կլինեին+։ Քո անունը չէր վերանա ու բնաջինջ չէր լինի իմ առաջից»+։ 20  Դո՛ւրս եկեք Բաբելոնից+, փախե՛ք քաղդեացիներից+, հայտնե՛ք ուրախ բացականչությամբ ու լսե՛լ տվեք այդ մասին+։ Հռչակե՛ք մինչև երկրի ծայրերը+ ու ասացե՛ք. «Եհովան փրկագնել է իր ծառա Հակոբին+։ 21  Նրանք ծարավից չէին տանջվում+, երբ նա ամայի տեղերով տանում էր նրանց+։ Նա այնպես արեց, որ ապառաժից ջուր հոսի նրանց համար, ճեղքեց ժայռը, որ ջուր բխի այնտեղից»+։ 22  «Ամբարիշտների համար խաղաղություն չկա»,– ասում է Եհովան+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «քո ընդերքից»։