Եսայիա 5։1-30
5 Ես երգ կերգեմ իմ սիրելիի համար, մի երգ՝ իմ սիրելիի ու նրա խաղողի այգու+ մասին։ Իմ սիրելին մի խաղողի այգի ուներ բլրի պտղաբեր լանջին։
2 Նա փորեց այն, մաքրեց քարերից, կարմիր խաղողի ընտիր որթ տնկեց ու մեջտեղում աշտարակ կառուցեց+։ Այնտեղ նաև մի հնձան փորեց+։ Նա հույս ուներ, որ այն լավ խաղող+ կտա, բայց վայրի խաղող տվեց+։
3 «Այժմ, ո՛վ Երուսաղեմի բնակիչներ և Հուդայի մարդիկ, դատեք, խնդրեմ, իմ և իմ խաղողի այգու միջև+։
4 Էլ ի՞նչ կարելի էր անել իմ խաղողի այգու համար, որ ես չարեցի+։ Հույս ունեի, որ այն լավ խաղող կտա, բայց ինչո՞ւ վայրի խաղող տվեց։
5 Հիմա ձեզ կասեմ, թե ինչ կանեմ իմ խաղողի այգուն. նրա ցանկապատը+ կհեռացնեմ, և այն վառվելու ենթակա կլինի+, նրա քարե պարիսպը կքանդեմ, և այն կոխկռտվելու+ ենթակա կլինի։
6 Այն կործանված կթողնեմ+։ Նրան չեն էտի ու չեն փխրեցնի+, այնտեղ փշոտ թփեր ու մոլախոտեր կաճեն+։ Ես ամպերին հրաման կտամ, որ նրա վրա անձրև չտեղան+։
7 Զորքերի Տեր Եհովայի խաղողի այգին+ Իսրայելի տունն է, և Հուդայի մարդիկ՝ նրա սիրելի տունկը+։ Նա արդարադատություն էր ակնկալում+, բայց ահա՝ օրինազանցություն, արդարություն էր ակնկալում, բայց ահա՝ աղաղակ»+։
8 Վա՜յ նրանց, ովքեր տան վրա տուն են ավելացնում+, և ովքեր արտը արտին են կցում, այնպես որ այլևս տեղ չի մնում+. և հիմա միայն դուք եք ապրում այս երկրում։
9 Ես լսեցի, թե ինչպես Զորքերի Տեր Եհովան երդվեց, որ բազմաթիվ տներ, որոնք թեև մեծ են ու լավը, զարհուրելի տեսարան կդառնան ու կմնան առանց բնակիչների+։
10 Տասը ակր*+ խաղողի այգին ընդամենը մեկ մար*+ կտա, և մեկ խոմեր* սերմը՝ ընդամենը մեկ արդու*+։
11 Վա՜յ նրանց, ովքեր առավոտ կանուխ վեր են կենում ոգելից խմիչք փնտրելու+, ովքեր նստելով մինչև ուշ երեկո՝ բորբոքվում են գինով+։
12 Նրանց խնջույքներին քնար ու տավիղ, դափ ու սրինգ կա, ինչպես նաև գինի+, բայց Եհովայի գործերին չեն նայում և նրա ձեռքի գործը չեն տեսնում+։
13 Հետևաբար իմ ժողովուրդը գերության կգնա գիտելիքների պակասի պատճառով+, նրանց փառավոր մարդիկ սովի կմատնվեն+, և հասարակ ժողովուրդը ծարավից կչորանա+։
14 Ահա թե ինչու է գերեզմանը* լայնացրել իր հոգին և լայն ու անսահման բացել իր երախը+։ Այնտեղ կիջնի քաղաքի շքեղությունը, նրա բազմությունը, նրա աղմուկն ու նրանում հրճվողը+։
15 Մարդը կխոնարհվի, կնվաստանա, և բարձրաստիճան մարդկանց աչքերը կխոնարհվեն+։
16 Զորքերի Տեր Եհովան դատաստան+ անելով կբարձրանա, և ճշմարիտ Աստվածը՝ Սուրբը+, արդարությամբ+ կսրբանա։
17 Արու գառները կարածեն այնպես, ինչպես իրենց արոտավայրում են արածում, և պանդուխտները կսնվեն ամայացած վայրերում, որտեղ նախկինում պարարտ կենդանիներ էին արածում+։
18 Վա՜յ նրանց, ովքեր ստության պարաններով քաշում են հանցանքը և սայլափոկերով՝ մեղքը+,
19 նրանց, ովքեր ասում են. «Թող շտապի ու արագացնի իր գործը, որ տեսնենք, թող Իսրայելի Սրբի նպատակը մոտենա և իրականանա, որ իմանանք»+։
20 Վա՜յ նրանց, ովքեր բարուն ասում են չար և չարին՝ բարի+, խավարը լույս են համարում, լույսը՝ խավար, դառը քաղցր են համարում, քաղցրը՝ դառը+։
21 Վա՜յ նրանց, ովքեր իմաստուն են իրենց աչքերում և իրենք իրենց խոհեմ են համարում+։
22 Վա՜յ նրանց, ովքեր ուժեղ են գինի խմելու մեջ և ժրաջան՝ ոգելից խմիչք պատրաստելու հարցում+,
23 նրանց, ովքեր կաշառքի դիմաց ամբարշտին արդար են հայտարարում+ և արդարի արդարությունը խլում են նրանից+։
24 Դրա համար ինչպես որ կրակի լեզվակն է լափում ծղոտը+, և բոցն է կուլ տալիս չորացած խոտը, այնպես էլ նրանց հիմնարմատը կնեխի+, նրանց ծաղիկը փոշի կդառնա, քանի որ մերժեցին Զորքերի Տեր Եհովայի օրենքը+ և անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը+։
25 Ահա թե ինչու է Եհովայի բարկությունը բորբոքվել իր ժողովրդի դեմ։ Նա կմեկնի իր ձեռքը նրանց դեմ և կհարվածի նրանց+։ Լեռները կցնցվեն+, և մարդկանց դիերը աղբի պես կլինեն փողոցներում+։
Ահա թե ինչու նրա բարկությունը չի դադարում, և նրա ձեռքը դեռ մեկնած է։
26 Նա նշանասյուն է կանգնեցրել մի մեծ ու հեռավոր ազգի համար+ և սուլելով կանչել է երկրի ծայրում բնակվողին+։ Ահա նա գալու է շտապելով և սրընթաց+։
27 Նրանց մեջ ոչ ոք հոգնած չէ, և ոչ ոք չի սայթաքում, ոչ ոք չի նիրհում և ոչ էլ քնում է։ Նրանց մեջքի գոտին չի բացվի, և նրանց սանդալների կապերը չեն քանդվի։
28 Նրանք սրել են իրենց նետերը և լարել բոլոր աղեղները+։ Նրանց ձիերի սմբակները կայծքարի պես են+, և նրանց կառքերի անիվները՝ մրրիկի+։
29 Նրանց մռնչյունը նման է առյուծի մռնչյունի, հզոր առյուծի պես են մռնչում+։ Նրանք մռնչալով կճանկեն որսը ու կտանեն այն, և ազատող չի լինի+։
30 Այդ օրը նրանք կմռնչան որսի վրա, ինչպես ծովը+, կնայեն այդ երկրին, բայց այնտեղ ճնշող խավար կլինի+, և նրա վրա թափվող անձրևի կաթիլների պատճառով նույնիսկ լույսը կխավարի։
Ծանոթագրություններ
^ Մոտ 4 հա։
^ Մոտ 22 լ.։
^ Մոտ 220 լ.։
^ Մոտ 22 լ.։
^ Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։