Եսայիա 6։1-13
6 Օզիա թագավորի մահվան տարին էր+, երբ ես տեսա Եհովային+՝ նստած իր բարձր ու վեհ գահին+, և նրա քղանցքները լցրել էին տաճարը+։
2 Նրա վերևում սերովբեներ էին կանգնած+։ Յուրաքանչյուրը վեց թև ուներ. երկուսով ծածկում էր իր երեսը+, երկուսով ծածկում էր ոտքերը և երկուսով թռչում էր։
3 Նրանք բացականչում էին և ասում իրար. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորքերի Տեր Եհովան+։ Երկիրն ու նրանում եղած բոլոր բաները նրա փառքն են արտացոլում»։
4 Նրանց ձայնից շեմքի դռների ծխնիները+ սկսեցին դողալ, և տունը հետզհետե ծխով լցվեց+։
5 Եվ ես ասացի. «Վա՜յ ինձ։ Ես կմեռնեմ, որովհետև անմաքուր շուրթերով մարդ եմ+ և անմաքուր շուրթեր ունեցող ժողովրդի մեջ եմ բնակվում+, և իմ աչքերը տեսան հենց իրեն՝ Թագավորին՝ Զորքերի Տեր Եհովային»+։
6 Այդ ժամանակ սերովբեներից մեկը թռավ դեպի ինձ, և նրա ձեռքին շիկացած ածուխ+ կար, որը նա ունելիով վերցրել էր զոհասեղանից+։
7 Նա դիպավ բերանիս+ ու ասաց. «Ահա սա դիպավ շուրթերիդ, և քո հանցանքը հեռացվեց, ու քո մեղքը քավվեց»+։
8 Հետո լսեցի Եհովայի ձայնը. «Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար»+։ Ի պատասխան՝ ես ասացի. «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր»+։
9 Եվ նա ասաց ինձ. «Գնա և ասա այս ժողովրդին. «Դուք շարունակ կլսեք, բայց չեք հասկանա, շարունակ կնայեք, բայց ոչ մի գիտելիք չեք ստանա»+։
10 Այս ժողովրդի սիրտը կարծրացրու+ և նրանց ականջները լսելու անընդունակ դարձրու+։ Ծեփիր նրանց աչքերը, որ իրենց աչքերով չտեսնեն և իրենց ականջներով չլսեն, որ իրենց սիրտը չհասկանա, և որ նրանք հետ չդառնան ու չբուժվեն»+։
11 Այդ ժամանակ ես հարցրի. «Մինչև ե՞րբ, ո՛վ Եհովա»+։ Նա էլ պատասխանեց. «Մինչև որ քաղաքները ավերակ դառնան և առանց բնակիչների մնան, տներում մարդ չմնա, ու երկիրը ամայի դառնա+,
12 մինչև որ Եհովան հեռացնի մարդկանց, և այդ երկրում ամայություն տիրի+։
13 Այնուամենայնիվ, նրանում կմնա տասներորդ մասը+, բայց այն նույնպես վառվելու ենթակա կլինի, ինչպես մեծ ծառն ու վիթխարի ծառը, որոնք կտրելուց+ հետո կոճղն+ է մնում։ Մի սուրբ սերունդ նրա կոճղը կլինի»+։