Երեմիա 19։1-15
19 Այսպես է ասում Եհովան. «Գնա, կավե մի կուժ վերցրու+ և կանչիր ժողովրդի երեցներից ու ավագ քահանաներից մի քանիսին։
2 Գնա Հիննոմի որդիների հովիտը+, որ Խեցիների դարպասի մուտքի մոտ է, և այնտեղ ազդարարիր այն խոսքերը, որոնք քեզ կասեմ+։
3 Նրանց կասես. «Լսեցե՛ք Եհովայի խոսքը, ո՛վ Հուդայի թագավորներ և Երուսաղեմի բնակիչներ+։ Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան+՝ Իսրայելի Աստվածը.
«Այս վայրի վրա ես մի այնպիսի աղետ եմ բերելու, որ ով որ լսի, նրա ականջները կզնգան+,
4 քանի որ նրանք թողեցին ինձ+, այս վայրը անճանաչելի դարձրին+ և այստեղ զոհերի ծուխը վեր հանեցին ուրիշ աստվածների համար, որոնց չէին ճանաչում+ ո՛չ իրենք, ո՛չ իրենց հայրերը և ո՛չ էլ Հուդայի թագավորները։ Այս վայրը նրանք անմեղների արյունով լցրին+։
5 Բահաղի բարձունքները շինեցին, որ իրենց որդիներին կրակի մեջ ողջակեզ անեին Բահաղի համար+, ինչը ես չէի պատվիրել+, ինչի մասին չէի խոսել, և ինչը մտքովս էլ չէր անցել»»+։
6 ««Դրա համար օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ այս վայրը այլևս Տոֆեթ+ և Հիննոմի որդու հովիտ+ չի կոչվի, այլ սպանության հովիտ կկոչվի։
7 Այս վայրում ես կխափանեմ Հուդայի ու Երուսաղեմի խորհուրդը+ և սրով ու իրենց հոգիները փնտրողների ձեռքով կկործանեմ նրանց իրենց թշնամիների առջև+։ Եվ նրանց դիակները երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կերակուր կտամ+։
8 Այս քաղաքը զարհուրելի տեսարան կդարձնեմ, որին նայելով՝ մարդիկ զարմանքից կսուլեն+։ Այնտեղով ամեն անցնող ապշահար կնայի ու կսուլի՝ տեսնելով նրա վրա հասած բոլոր հարվածները+։
9 Նրանց պիտի ուտեցնեմ իրենց որդիների ու դուստրերի մարմինները, ամեն մեկը իր մերձավորի մարմինը պիտի ուտի, քանի որ թշնամիները և նրանց հոգիները փնտրողները կպաշարեն նրանց, և նրանք նեղության ու տառապանքի մեջ կլինեն»»+։
10 Քեզ հետ գնացող մարդկանց աչքի առաջ կուժը կոտրիր
11 ու ասա. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ինչպես որ մի մարդ կոտրում է կավե անոթը, այնպես որ այն այլևս հնարավոր չէ վերականգնել, այդպես էլ ես պիտի կոտրեմ այս ժողովրդին ու այս քաղաքը+։ Եվ Տոֆեթում+ պիտի թաղեն, մինչև որ էլ թաղելու տեղ չմնա»»+։
12 «Այսպես պիտի վարվեմ այս վայրի հետ,– ասում է Եհովան,– ու նրա բնակիչների հետ, և այս քաղաքը Տոֆեթի+ պես պիտի դարձնեմ։
13 Երուսաղեմի տները և Հուդայի թագավորների տները Տոֆեթի պես անմաքուր վայր կդառնան+, այսինքն՝ այն տները, որոնց տանիքների վրա զոհերի ծուխն էին վեր հանում երկնքի բոլոր զորքերի համար+, և որտեղ ըմպելիքի ընծաներ էին մատուցում ուրիշ աստվածներին»»+։
14 Եվ Երեմիան եկավ Տոֆեթից+, ուր Եհովան նրան ուղարկել էր մարգարեանալու, կանգնեց Եհովայի տան գավիթում ու ողջ ժողովրդին ասաց+.
15 «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Այս քաղաքի և նրա մյուս բոլոր քաղաքների վրա պիտի բերեմ այն բոլոր աղետները, որոնց մասին խոսել եմ, որովհետև նրանք համառություն արեցին* և չհնազանդվեցին իմ խոսքին»»+։
Ծանոթագրություններ
^ Բառացի՝ «խստացրին իրենց պարանոցը»։