Երեմիա 22։1-30
22 Այսպես է ասում Եհովան. «Գնա Հուդայի թագավորի տուն, այս խոսքը հայտնիր այնտեղ
2 և ասա. «Լսիր Եհովայի խոսքը, ո՛վ Հուդայի թագավոր, որ նստում ես Դավթի գահին+, դու, քո ծառաներն ու քո ժողովուրդը, որ ներս եք մտնում այս դարպասներով+։
3 Այսպես է ասում Եհովան. «Արդարություն ու արդարադատություն ի գործ դրեք, կողոպտվածին ազատեք խաբեբայի ձեռքից և վատ մի՛ վերաբերվեք պանդուխտին, որբին* ու այրուն+։ Բռնություն մի՛ գործադրեք+ և այս վայրում անմեղ արյուն մի՛ թափեք+։
4 Եթե իրավամբ այս խոսքը կատարեք, այդ ժամանակ այս տան դարպասներով ներս կմտնեն Դավթի գահին նստող թագավորներ+՝ կառքեր նստած ու ձիեր հեծած, ամեն մեկն իր ծառաների ու իր ժողովրդի հետ»»+։
5 «Բայց եթե չհնազանդվեք այս խոսքերին, ապա ինքս ինձանով երդվում եմ+,– ասում է Եհովան,– որ այս տունը ամայի վայր կդառնա»+։
6 Այսպես է ասում Եհովան Հուդայի թագավորի տան մասին. «Թեև դու ինձ համար Գաղաադի պես ես, Լիբանանի+ գագաթի պես, սակայն ես քեզ անապատ պիտի դարձնեմ+, և քաղաքներից ոչ մեկը բնակիչ չպիտի ունենա+։
7 Քո դեմ ես կործանողներ պիտի հանեմ*+, ամեն մեկին իր զենքով+։ Նրանք կկտրեն քո ընտիր մայրիներն+ ու կրակի մեջ կգցեն+։
8 Եվ շատ ազգեր կանցնեն այս քաղաքի մոտով ու իրար կասեն. «Ինչո՞ւ Եհովան այսպես արեց այս մեծ քաղաքին»+։
9 Եվ պիտի ասեն. «Որովհետև նրանք թողեցին իրենց Աստված Եհովայի ուխտը+ և ուրիշ աստվածների առաջ խոնարհվեցին ու նրանց ծառայեցին»»+։
10 Լաց մի՛ եղեք մեռնողի համար+ և նրա համար մի՛ ողբացեք։ Լաց եղեք գնացողի համար, որովհետև նա այլևս հետ չի դառնա ու չի տեսնի իր հայրենի երկիրը։
11 Այսպես է ասում Եհովան Հուդայի թագավորի՝ Հովսիայի որդի Սեղումի*+ մասին, որը թագավոր դարձավ իր հայր Հովսիայի փոխարեն+ և հեռացավ այս վայրից. «Նա այլևս չի վերադառնա։
12 Նա կմեռնի այնտեղ, ուր նրան գերի տարան, և այս երկիրն այլևս չի տեսնի»+։
13 Վա՜յ նրան, ով իր տունը անարդարությամբ է կառուցում+ և իր վերնահարկերը՝ անիրավությամբ, ով ձրի աշխատեցնում է իր մերձավորին և նրա վարձը չի տալիս+։
14 Վա՜յ նրան, ով ասում է. «Ինձ համար ընդարձակ տուն կառուցեմ՝ մեծ վերնասենյակներով+, և լայն բացվող պատուհաններ շինեմ, մայրու փայտով պատեմ+ ու վառ կարմիր գույնով ներկեմ»+։
15 Մի՞թե դու կշարունակես թագավորել այն պատճառով, որ շատ մայրիներ ունենալու շնորհիվ մյուսներից գերադաս ես։ Չէ՞ որ քո հայրը ոչ միայն կերավ ու խմեց, այլև արդարություն և արդարադատություն գործադրեց+։ Դրա համար էլ լավ եղավ նրա համար+։
16 Ճնշվածի ու աղքատի դատը քննեց+։ Դրա համար էլ նրան լավ եղավ։ «Արդյոք այդպես չվարվե՞ց այն պատճառով, որ ինձ լավ էր ճանաչում,– ասում է Եհովան։–
17 Քո աչքերն ու սիրտը միմիայն քո անազնիվ շահի+ և անմեղի արյուն թափելու+ վրա են, խաբեություն անելու և կորզելու վրա»։
18 Դրա համար էլ այսպես է ասում Եհովան Հովսիայի որդի՝ Հուդայի թագավոր Հովակիմի+ մասին. «Նրա համար չեն ողբա ու չեն ասի. «Ավա՜ղ, եղբա՛յր իմ, ավա՜ղ, քո՛ւյր իմ»։ Նրա համար չեն ողբա ու չեն ասի. «Ավա՜ղ, տե՛ր, ավա՜ղ, կորա՛վ նրա փառքը»+։
19 Նրան կթաղեն, ինչպես էշին են թաղում+, քաշելով կտանեն ու Երուսաղեմի դարպասներից դուրս կնետեն»+։
20 Վե՛ր ելիր Լիբանան+ ու աղաղակի՛ր, Բասանի+ վրայից ձայնդ բարձրացրո՛ւ և Աբարիմից+ աղաղակի՛ր, քանի որ քո բոլոր սիրեկանները փշրվել են+։
21 Ես քեզ դիմեցի, երբ դու բարօրության մեջ էիր+։ Դու ասացիր՝ չեմ հնազանդվի+։ Քո երիտասարդությունից ի վեր սա է քո ճանապարհը. դու չհնազանդվեցիր իմ ձայնին+։
22 Բոլոր հովիվներիդ քամին կհովվի+, իսկ սիրեկաններդ գերության կգնան+։ Այդ ժամանակ դու կամաչես ու քեզ նվաստացած կզգաս քեզ վրա հասած աղետի պատճառով+։
23 Ո՛վ դու Լիբանանում բնակվող+ և մայրիների մեջ բույն դնող+, ինչպե՜ս պիտի հառաչես, երբ երկունքի ցավերը քեզ վրա հասնեն+, ինչպես ծննդկան կնոջ վրա են հասնում»+։
24 ««Կենդանի եմ ես,– ասում է Եհովան,– նույնիսկ եթե դու, Հուդայի՛ թագավոր, Հովակիմի+ որդի Քո՛նիա*+, իմ աջ ձեռքին կնիքով մատանի+ էլ լինեիր, այնտեղից էլ քեզ կպոկեի+։
25 Քեզ կմատնեմ հոգիդ փնտրողների ձեռքը+ և նրանց ձեռքը, որոնցից դու վախենում ես՝ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի և քաղդեացիների ձեռքը+։
26 Քեզ ու քեզ ծնող մորը ուրիշ երկիր կնետեմ+, որտեղ դուք չեք ծնվել, և այնտեղ կմեռնեք+։
27 Նրանք չեն վերադառնա այն երկիրը, ուր որ իրենց հոգին փափագում է հետ դառնալ+։
28 Մի՞թե այս Քոնիա+ մարդը անարգված ու կոտրված աման է+ կամ մի այնպիսի անոթ, որը ոչ մի բանի պիտանի չէ+։ Ինչի՞ համար ինքն ու իր սերունդը պիտի դուրս նետվեն ու իրենց համար անծանոթ երկիր գցվեն»+։
29 Ո՛վ երկիր, երկի՛ր, երկի՛ր, լսի՛ր Եհովայի խոսքը+։
30 Այսպես է ասում Եհովան. «Այս մարդուն իբրև անզավակ գրեք+, մի մարդ, որն իր օրերի մեջ հաջողություն չի ունենա, քանի որ նրա սերնդից ոչ մեկը երբեք հաջողության չի հասնի+՝ Դավթի գահի վրա չի նստի+ և Հուդայում այլևս չի իշխի»»։