Երեմիա 23։1-40
23 «Վա՜յ այն հովիվներին, որ կործանում ու ցրում են իմ արոտի ոչխարներին»+,– ասում է Եհովան։
2 Դրա համար էլ այսպես է ասում Իսրայելի Աստված Եհովան այն հովիվների մասին, որ հովվում են իր ժողովրդին. «Դուք իմ ոչխարներին ցիրուցան եք արել, քշել եք նրանց և հոգ չեք տանում նրանց մասին»+։
«Ահա ես ձեր չար գործերի պատճառով ձեզ պիտի պատժեմ»+,– ասում է Եհովան։
3 «Ես կհավաքեմ իմ ոչխարների մնացորդին այն բոլոր երկրներից, ուր որ նրանց քշել եմ+, նրանց հետ կդարձնեմ իրենց արոտավայրերը+, և նրանք կբազմանան ու կշատանան+։
4 Նրանց վրա հովիվներ կդնեմ, որոնք կհովվեն նրանց+։ Նրանք այլևս չեն վախենա ու չեն զարհուրի+, և նրանցից ոչ մեկը չի կորչի»,– ասում է Եհովան։
5 «Ահա օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ ես Դավթի համար մի արդար ընձյուղ եմ վեր հանելու+. նա իշխելու է իբրև թագավոր+, խոհեմությամբ է վարվելու և երկրի վրա արդարադատություն ու արդարություն է գործադրելու+։
6 Նրա օրերում Հուդան կփրկվի+, և Իսրայելը ապահովության մեջ կբնակվի+։ Սա է նրա անունը, որով նա կկոչվի՝ «Եհովան մեր Արդարությունն է»»+։
7 «Դրա համար էլ ահա օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ այլևս չեն ասի՝ «կենդանի է Եհովան, որը Իսրայելի որդիներին հանեց Եգիպտոսի երկրից»+,
8 այլ կասեն. «Կենդանի է Եհովան, որը Իսրայելի տան սերնդին հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր նրանց ցիրուցան եմ արել»։ Նրանք պիտի բնակվեն իրենց հողի վրա»+։
9 Մարգարեների համար սիրտս կոտրվում է ներսումս, բոլոր ոսկորներս ցնցվում են։ Եհովայի և նրա սուրբ խոսքերի պատճառով ես մի հարբած մարդու պես եմ դարձել+, մի մարդու, որ գինուց գլուխը կորցրել է։
10 Երկիրը շնացողներով+ է լցվել+, անեծքի պատճառով երկիրը սգի մեջ է+, անապատի արոտավայրերը չորացել են+։ Նրանց ընթացքը չար է, և նրանց զորությունը արդար չէ։
11 «Թե՛ մարգարեն և թե՛ քահանան պղծվել են+։ Նրանց անօրենությունը ես նույնիսկ իմ տան մեջ եմ գտել+,– ասում է Եհովան։–
12 Ահա թե ինչու նրանց ճանապարհը խավարի մեջ սայթաքուն տեղերի պես պիտի դառնա իրենց համար+, որտեղ նրանց կհրեն, ու նրանք կընկնեն»+։
«Այն տարին, երբ նրանց պատժելու լինեմ, աղետ պիտի բերեմ նրանց վրա+,– ասում է Եհովան։–
13 Սամարիայի+ մարգարեների մեջ անվայել բան եմ տեսնում։ Նրանք Բահաղի մարգարեների պես են գործում+ և իմ Իսրայել ժողովրդին ստիպում են թափառել+։
14 Երուսաղեմի մարգարեների մեջ զարհուրելի բաներ եմ տեսնում+. նրանք շնություն են գործում+ և ստության մեջ են քայլում+, զորացնում են չարագործների ձեռքերը, որպեսզի նրանցից ոչ մեկը հետ չդառնա իր անօրենությունից+։ Ինձ համար նրանք բոլորը Սոդոմի պես են դարձել+, և նրա բնակիչները՝ Գոմորի պես»+։
15 Դրա համար էլ Զորքերի Տեր Եհովան այսպես է ասում մարգարեների մասին. «Ես նրանց օշինդր պիտի ուտեցնեմ ու թունավոր ջուր խմեցնեմ+, որովհետև Երուսաղեմի մարգարեներից հավատուրացություն+ դուրս եկավ և տարածվեց ամբողջ երկրով մեկ»։
16 Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Մի՛ լսեք ձեզ համար մարգարեացող մարգարեների խոսքերը+։ Նրանք ձեզ ունայնության են տանում+, իրենց սրտի տեսիլքն են հայտնում+ և ոչ թե Եհովայի բերանից դուրս եկածը+։
17 Նրանք նորից ու նորից ասում են ինձ անարգողներին՝ «Եհովան ասել է. «Ձեզ խաղաղություն պիտի լինի»»+։ Եվ ամեն մեկին, ով իր սրտի կամակորությամբ է քայլում+, ասում են. «Ձեզ վրա աղետ չի գա»+։
18 Նրանցից ո՞վ է մտերիմ հարաբերություններ+ ունեցել Եհովայի հետ, որ տեսնի ու լսի նրա խոսքը+։ Ո՞վ է ուշադրություն դարձրել նրա խոսքին, որ ականջ դնի+։
19 Ահա Եհովայից փոթորիկ է դուրս գալու՝ նրա ցասումը, որ ասես հողմապտույտ մրրիկ լինի+, և ամբարիշտների գլխի վրա է պտտվելու+։
20 Եհովայի բարկությունը հետ չի դառնա, մինչև որ չկատարի+ ու չիրագործի իր սրտի մտադրությունները+։ Օրերի վերջում պարզ կհասկանաք դա+։
21 Այս մարգարեներին ես չէի ուղարկել, բայց իրենք վազեցին։ Նրանց հետ չէի խոսել, բայց իրենք մարգարեացան+։
22 Եթե մտերիմ հարաբերությունների+ մեջ լինեին ինձ հետ, ապա իմ խոսքերը լսել կտային իմ ժողովրդին և նրանց ետ կդարձնեին իրենց չար ճանապարհից ու իրենց չար գործերից»+։
23 «Մի՞թե ես միայն մոտիկից եմ Աստված,– ասում է Եհովան,– և հեռվից Աստված չե՞մ»+։
24 «Կարո՞ղ է մեկը ծածուկ տեղերում թաքնվել, և ես նրան չտեսնեմ»+,– ասում է Եհովան։
«Չէ՞ որ երկինքն ու երկիրը լցնողը ես եմ+,– ասում է Եհովան։–
25 Ես լսել եմ, թե ինչ են խոսում իմ անունով սուտ մարգարեություն անող+ մարգարեները՝ ասելով. «Երա՜զ եմ տեսել, երա՜զ եմ տեսել»+։
26 Մինչև ե՞րբ պիտի դա տեղ գտնի սուտ մարգարեություն անողների սրտում, որոնք իրենց սրտի նենգությունն են մարգարեանում+։
27 Նրանք մտածում են, թե ինչպես իմ ժողովրդին իմ անունը մոռանալ տան իրենց երազներով, որ պատմում են իրար+, ինչպես որ նրանց հայրերը իմ անունը մոռացան Բահաղի պատճառով+։
28 Երազ տեսնող մարգարեն թող երազ պատմի, իսկ իմ խոսքն ունեցողը թող ճշգրտորեն իմ խոսքը հայտնի»+։
«Հարդը ի՞նչ ընդհանուր բան ունի ցորենի հետ»+,– ասում է Եհովան։
29 «Մի՞թե իմ խոսքը կրակի պես չէ+,– ասում է Եհովան,– և դարբնի մուրճի պես, որ ապառաժ է կոտրում»+։
30 «Դրա համար ահա ես այն մարգարեների դեմ եմ+,– ասում է Եհովան,– որոնք գողանում են իմ խոսքերը՝ ամեն մեկն իր ընկերոջից»+։
31 «Ես այն մարգարեների դեմ եմ,– ասում է Եհովան,– ովքեր իրենց լեզվով ասում են. «Ահա թե ինչ է նա ասում»»+։
32 «Ահա ես դեմ եմ սուտ երազ տեսնող մարգարեներին,– ասում է Եհովան,– որ պատմում են դրանք, և իմ ժողովուրդը թափառում է նրանց ստի+ ու պարծենկոտության պատճառով»+։
«Սակայն ես նրանց չեմ ուղարկել և նրանց ոչինչ չեմ պատվիրել։ Ուստի նրանք ոչ մի օգուտ չեն բերի այս ժողովրդին»+,– ասում է Եհովան։
33 «Երբ այս ժողովուրդը, մարգարեն կամ քահանան քեզ հարցնեն ու ասեն, թե՝ «ի՞նչ է Եհովայի բեռը*»+, այդ ժամանակ նրանց ասա. ««Դուք եք։ Օ՜հ, ինչպիսի՜ բեռ եք+։ Եվ ես կմերժեմ ձեզ»+,– ասում է Եհովան»։
34 «Եհովայի բեռը» ասող մարգարեին, քահանային կամ ժողովրդին, այդպիսի մարդուն ու նրա տունը ես պիտի պատժեմ+։
35 Ամեն մեկդ ձեր ընկերոջը և ամեն մեկդ ձեր եղբորը այսպես եք ասում. «Եհովան ի՞նչ պատասխանեց, Եհովան ի՞նչ խոսեց»+։
36 Բայց Եհովայի բեռի+ մասին այլևս մի՛ հիշատակեք+, որովհետև ամեն մեկի բեռը իր իսկ խոսքն է դառնում+, և դուք փոխում եք կենդանի Աստծու՝ Զորքերի Տեր Եհովայի՝ մեր Աստծու խոսքերը+։
37 Այսպես ասա մարգարեին. «Եհովան քեզ ի՞նչ է պատասխանել, Եհովան ի՞նչ է ասել+։
38 Եվ եթե ասում եք՝ «Եհովայի բեռը», ապա այսպես է ասում Եհովան. «Քանի որ ասում եք, թե՝ «այս խոսքն է Եհովայի բեռը», թեև ես լուր էի ուղարկում ձեզ մոտ՝ ասելով՝ «մի՛ ասացեք՝ «Եհովայի բեռը»»,
39 դրա համար էլ ես բոլորովին մոռացության պիտի մատնեմ ձեզ+ և պիտի լքեմ ձեզ ու այն քաղաքը, որ ձեզ ու ձեր հայրերին եմ տվել+։
40 Ձեզ վրա հավիտենական նախատինք և հավիտենական նվաստացում պիտի դնեմ, որը չի մոռացվի»»»+։
Ծանոթագրություններ
^ «Բեռ» թարգմ. եբր. բառը երկու նշ. ունի։ Այստեղ խոսքը Աստծու ծանրակշիռ պատգամի մասին է, իսկ շրնկ-յան մեջ՝ բեռի, որպիսին դարձել էր ժողովուրդը Աստծու համար։ Երեմիայի պատասխանը բառախաղ էր։