Երեմիա 38։1-28
38 Մատթանի որդի Սափատիան, Փասուրի որդի Գոդողիան, Սելեմիայի որդի Հուքալը+ և Մելքիայի+ որդի Փասուրը լսեցին այն խոսքերը, որ Երեմիան ասում էր ողջ ժողովրդին+.
2 «Այսպես է ասում Եհովան. «Ով որ մնա այս քաղաքում, սրից+, սովից+ ու համաճարակից+ կմեռնի, իսկ ով որ դուրս գա ու գնա քաղդեացիների մոտ, ողջ կմնա։ Նրա համար իր հոգին իբրև ավար կլինի, և նա կապրի»+։
3 Այսպես է ասում Եհովան. «Այս քաղաքը անպատճառ Բաբելոնի թագավորի զորքի ձեռքը պիտի մատնվի, և նա կգրավի այն»»+։
4 Այդ ժամանակ իշխաններն ասացին թագավորին. «Խնդրում ենք, թող այս մարդը սպանվի+, որովհետև այսպիսի խոսքեր ասելով՝ նա թուլացնում է ռազմիկների ձեռքերը, որոնք այս քաղաքում են մնացել, և ողջ ժողովրդի ձեռքերը+։ Այս մարդը ոչ թե խաղաղություն է փնտրում ժողովրդի համար, այլ չարիք»։
5 Այս խոսքերը լսելով՝ Սեդեկիա թագավորն ասաց. «Ահա նա ձեր ձեռքերում է, որովհետև թագավորը չի կարող ձեզ հակառակ որևէ բան անել»+։
6 Նրանք վերցրին Երեմիային ու գցեցին թագավորի որդի Մելքիայի ջրամբարը+, որը Պահակների գավիթում էր+։ Երեմիային պարաններով ցած իջեցրին։ Ջրամբարում ջուր չկար, այլ ցեխ էր, և Երեմիան սկսեց ցեխի մեջ ընկղմվել+։
7 Եթովպացի+ Աբդիմելեքը, որը ներքինի էր և թագավորի տանն էր գտնվում, լսեց, որ Երեմիային ջրամբարի մեջ են իջեցրել։ (Թագավորը նստած էր Բենիամինի դարպասի մոտ)+։
8 Աբդիմելեքը դուրս եկավ արքունական տնից ու ասաց թագավորին.
9 «Տե՛ր իմ թագավոր, այս մարդիկ Երեմիա մարգարեի հանդեպ ամեն ինչում վատ վարվեցին։ Նրան ջրամբարի մեջ գցեցին, որտեղ նա սովից+ կմեռնի+, որովհետև քաղաքում այլևս հաց չի մնացել»։
10 Թագավորն էլ հրաման տվեց եթովպացի Աբդիմելեքին. «Այստեղից քեզ հետ երեսուն մարդ վերցրու, և Երեմիա մարգարեին ջրամբարից դուրս հանեք, քանի դեռ նա չի մեռել»+։
11 Աբդիմելեքը իր հետ մարդիկ վերցրեց ու մտավ թագավորի տուն, իջավ գանձարանի+ տակ, այնտեղից պատռված լաթեր ու մաշված կտորներ վերցրեց և դրանք պարաններով իջեցրեց Երեմիայի մոտ՝ ջրամբարի մեջ+։
12 Եթովպացի Աբդիմելեքն ասաց Երեմիային. «Խնդրում եմ, այս մաշված լաթերն ու կտորները պարանների տակից դիր թևերիդ տակ»։ Երեմիան այդպես էլ արեց+։
13 Ի վերջո, Երեմիային պարաններով դուրս քաշեցին ու հանեցին ջրամբարից, որից հետո նա շարունակեց ապրել Պահակների գավիթում+։
14 Սեդեկիա թագավորը մարդ ուղարկեց և Երեմիա մարգարեին բերեց իր մոտ+՝ Եհովայի տան+ երրորդ մուտքի մոտ+։ Թագավորն ասաց Երեմիային. «Ուզում եմ քեզանից մի բան հարցնել։ Ինձանից ոչինչ չթաքցնես»+։
15 Երեմիան էլ ասաց Սեդեկիային. «Եթե քեզ ասեմ, արդյոք ինձ չե՞ս սպանի։ Եվ եթե քեզ խորհուրդ տամ, դու ինձ չես լսի»+։
16 Սեդեկիա թագավորը ծածուկ տեղում երդվեց Երեմիային՝ ասելով. «Կենդանի է Եհովան, որ մեզ համար ստեղծել է այս հոգին+. ես քեզ չեմ սպանի և չեմ հանձնի այն մարդկանց ձեռքը, որոնք քո հոգին են փնտրում»+։
17 Եվ Երեմիան ասաց Սեդեկիային. «Այսպես է ասում Եհովան՝ Զորքերի Աստվածը+՝ Իսրայելի Աստվածը+. «Եթե դու դուրս գաս Բաբելոնի+ թագավորի իշխանների մոտ, քո հոգին ողջ կմնա, և այս քաղաքը կրակով չի այրվի. դո՛ւ էլ, քո տո՛ւնն էլ ողջ կմնաք+։
18 Բայց եթե դուրս չգաս Բաբելոնի թագավորի իշխանների մոտ, այս քաղաքը քաղդեացիների ձեռքը կմատնվի։ Նրանք այն կրակով կայրեն+, և դու չես ազատվի նրանց ձեռքից»»+։
19 Լսելով այս խոսքերը՝ Սեդեկիա թագավորն ասաց Երեմիային. «Ես քաղդեացիների կողմն անցած հրեաներից եմ վախենում+, որ միգուցե ինձ նրանց ձեռքը տան, և նրանք ինձ հետ դաժանորեն վարվեն»+։
20 Բայց Երեմիան ասաց. «Չե՛ն տա։ Խնդրում եմ, հնազանդվիր Եհովայի ձայնին, ինչ որ ասում եմ քեզ, և քեզ համար լավ կլինի+, ու քո հոգին ողջ կմնա։
21 Իսկ եթե հրաժարվես դուրս գնալուց+, ահա թե ինչ ցույց տվեց ինձ Եհովան.
22 բոլոր կանայք, ովքեր մնացել են Հուդայի թագավորի տանը+, տարվում են Բաբելոնի թագավորի իշխանների մոտ+, և նրանք ասում են.
«Քեզ հետ խաղաղության մեջ եղողները հրապուրել+ ու հաղթել են քեզ+։
Նրանց պատճառով ոտքերդ տիղմի մեջ են խրվել։ Իսկ նրանք հետ են քաշվել»+։
23 Քո բոլոր կանանց ու որդիներին քաղդեացիների մոտ կտանեն։ Դու էլ նրանց ձեռքից չես ազատվի+ և Բաբելոնի թագավորի ձեռքով կբռնվես։ Քո պատճառով այս քաղաքը կրակով կայրվի»+։
24 Սեդեկիան ասաց Երեմիային. «Թող ոչ ոք չիմանա այս մասին, որ դու չմեռնես։
25 Եվ եթե իշխանները+ լսեն, որ խոսել եմ քեզ հետ, և գան քեզ մոտ ու ասեն՝ «ասա՛ մեզ, ինչի՞ մասին էիր խոսում թագավորի հետ։ Մեզանից ոչինչ մի՛ թաքցրու, և մենք քեզ չենք սպանի։ Թագավորը քեզ ի՞նչ ասաց»,
26 այդ ժամանակ նրանց ասա. «Ես թագավորի բարեհաճությունն էի խնդրում, որ հետ չուղարկի ինձ Հովնաթանի տուն+, որպեսզի այնտեղ չմեռնեմ»»։
27 Որոշ ժամանակ անց իշխանները եկան Երեմիայի մոտ ու սկսեցին հարցուփորձ անել։ Նա էլ ասաց նրանց բոլոր այն խոսքերը, ինչ որ թագավորը պատվիրել էր իրեն+։ Եվ նրանք լռեցին նրա առաջ, քանի որ չիմացան, թե ինչի մասին էին խոսել։
28 Երեմիան մնաց Պահակների գավիթում+ մինչև այն օրը, երբ Երուսաղեմը գրավեցին+։ Այս ամենը կատարվեց այն ժամանակ, երբ Երուսաղեմը գրավեցին+։