Երեմիա 51։1-64
51 Այսպես է ասում Եհովան. «Ահա ես կործանարար քամի+ եմ բարձրացնում Բաբելոնի դեմ+ և Լեբ-Քամայի* բնակիչների դեմ։
2 Բաբելոնի վրա քամհարներ կուղարկեմ, նրանք կքամհարեն նրան ու կդատարկեն նրա երկիրը+, որովհետև աղետի օրը բոլոր կողմերից նրա դեմ պիտի դուրս գան+։
3 Աղեղ լարողը թող աղեղը չլարի+, և զրահ հագածներից ոչ մեկը թող չկանգնի։
Նրա երիտասարդներին մի՛ կարեկցեք+, նրա ամբողջ զորքին կորստյան մատնեք+։
4 Նրանք սպանված կընկնեն քաղդեացիների երկրում+ և խոցոտված՝ նրա փողոցներում+։
5 Իսրայելն ու Հուդան+ չեն այրիացել, իրենց Աստվածը՝ Զորքերի Տեր Եհովան, չի թողել նրանց+։ Սակայն քաղդեացիների երկիրը Իսրայելի Սրբի աչքերում անօրենություններով լի է+։
6 Փախե՛ք Բաբելոնից+, և թող ամեն մարդ փրկի իր հոգին+։ Զգուշացե՛ք, որ նրա անօրենությունների պատճառով չկործանվեք+, որովհետև դա Եհովայի վրեժխնդրության ժամանակն է+։ Նա պիտի տա նրա հատուցումը+։
7 Բաբելոնը ոսկե բաժակ է Եհովայի ձեռքին+. այն հարբեցնում է ողջ երկիրը+։ Ազգերը խմել են նրա գինուց+. ահա թե ինչու խելացնորի պես են պահում իրենց+։
8 Հանկարծակի վայր ընկավ Բաբելոնը ու կոտրվեց+։ Ողբացե՛ք նրա վրա+, նրա ցավի համար բալասան վերցրեք+, թերևս բուժվի»։
9 «Բաբելոնին կբուժեինք, բայց նա չի բուժվում։ Թողեք նրան+, և թող ամեն մեկս իր երկիրը գնա+, որովհետև նրա դատաստանը մինչև երկինք է հասել և մինչև երկնքի ամպերն է բարձրացել+։
10 Եհովան մեզ համար արդար գործեր է արել+։ Գնանք և Սիոնում պատմենք մեր Աստված Եհովայի գործերը»+։
11 «Փայլեցրե՛ք նետերը+։ Ծածկե՛ք ձեզ կլոր վահաններով։ Եհովան արթնացրեց մարերի թագավորների ոգին+, որովհետև նրա մտածմունքը Բաբելոնի վրա է+, որ ավերակների վերածի նրան, քանի որ Եհովայի վրեժխնդրությունն է սա, նրա տաճարի համար վրեժխնդրությունը+։
12 Նշանասյո՛ւն կանգնեցրեք+ Բաբելոնի պարիսպների դիմաց։ Ուժեղացրե՛ք հսկողությունը+։ Դետե՛ր նշանակեք։ Դարաննե՛ր պատրաստեք+, որովհետև Եհովան որոշել է և անպայման կիրագործի այն, ինչ խոսել է Բաբելոնի բնակիչների դեմ»+։
13 «Ո՛վ կին, որ բնակվում ես շատ ջրերի վրա+ ու շատ գանձեր ունես+, քո վերջը եկել է, հասել է քո շահույթի+ վախճանը+։
14 Զորքերի Տեր Եհովան երդվել է իր հոգով+. «Քեզ մարդկանցով եմ լցնելու, ինչպես մորեխով+, և նրանք բարձրաձայն կերգեն քո հանդեպ տարած հաղթանակի համար»+։
15 Իր զորությամբ նա ստեղծեց երկիրը+, իր իմաստությամբ+ հաստատեց պտղաբեր երկիրը+ և իր հասկացողությամբ+ տարածեց երկինքը+։
16 Նրա ձայնից ջրերը շառաչում են երկնքում, նա գոլորշի է բարձրացնում երկրի ծայրերից+։ Անձրևի համար ջրարգելակներ է պատրաստել+ և քամի է հանում իր շտեմարաններից։
17 Ամեն մարդ անխոհեմ է վարվում, ասես գիտելիք չունի+։ Ամեն մետաղագործ պիտի ամաչի իր կուռքի պատճառով+, որովհետև նրա ձուլածո պատկերը ստություն է+ և ոգի չկա դրանցում+։
18 Դրանք ունայնություն են+, ծաղրանքի արժանացած գործեր+։ Դրանց ուշադրություն դարձնելու ժամանակ դրանք կվերանան+։
19 Սակայն Հակոբի Բաժինը սրանց նման չէ+, որովհետև նա ամեն բանի Ստեղծողն է+, իր ժառանգության ցուպն է+։ Զորքերի Տեր Եհովա է նրա անունը»+։
20 «Դու մահակ ես ինձ համար, պատերազմի զենք+, քեզնով ես կջախջախեմ ազգերին և քեզնով թագավորություններ կավերեմ։
21 Քեզնով ես կջախջախեմ ձիուն ու նրա հեծյալին և քեզնով կջախջախեմ մարտակառքն ու նրա կառապանին+։
22 Քեզնով կջախջախեմ տղամարդուն ու կնոջը, ծերին ու պատանուն, երիտասարդին ու կույսին։
23 Քեզնով ես կջախջախեմ հովվին ու նրա հոտին, հողագործին ու նրա զույգ լծկաններին։ Քեզնով կջախջախեմ կառավարիչներին ու փոխանորդներին։
24 Ես կհատուցեմ Բաբելոնին և Քաղդեայի բոլոր բնակիչներին իրենց բոլոր չարությունների դիմաց, որ Սիոնում ձեր աչքի առաջ գործեցին»+,– ասում է Եհովան։
25 «Ահա ես քո դեմ եմ+, ո՛վ ավերող լեռ+,– ասում է Եհովան,– քո դեմ եմ, ո՛վ ամբողջ երկիրը ավերող+։ Ձեռքս քեզ վրա կերկարեմ, ժայռերից քեզ վայր կգլորեմ և կվերածեմ այրված լեռան»+։
26 «Քեզանից չեն վերցնի ո՛չ անկյունաքար, ո՛չ էլ հիմքի քար+, որովհետև դու դարեդար ամայի վայր պիտի դառնաս»+,– ասում է Եհովան։
27 «Այս երկրում նշանասյուն կանգնեցրեք+։ Փող փչեք ազգերի մեջ։ Ազգերին պատերազմի պատրաստեք*+ նրա դեմ։ Արարատի+, Միննիի ու Ասքանազի+ թագավորությունները նրա դեմ կանչեք։ Զինվորագրող զորապետ նշանակեք նրա դեմ։ Մորեխի թրթուռների նման ձիեր+ հանեք։
28 Ազգերին պատերազմի պատրաստեք* նրա դեմ, Մարաստանի թագավորներին+, նրա կառավարիչներին և նրա բոլոր փոխանորդներին, նաև նրա տիրապետության տակ եղող ողջ երկրին։
29 Թող երկիրը դողա ու սաստիկ ցավերից տանջվի+, որովհետև Եհովայի մտքերը Բաբելոնի դեմ են ուղղված, որպեսզի Բաբելոնի երկիրը զարհուրելի տեսարան դարձնի և թողնի առանց բնակչի+։
30 Բաբելոնի զորեղ ռազմիկները դադարել են կռվելուց, փակվել են ամրոցներում։ Նրանց զորությունը ցամաքել է+, նրանք կանանց պես են դարձել+։ Հրդեհվել են նրա տները, կոտրվել են նրա նիգերը+։
31 Սուրհանդակը սուրհանդակի հետևից և լրաբերը լրաբերի հետևից վազելով գալիս են+ Բաբելոնի թագավորին հայտնելու, որ նրա քաղաքը բոլոր կողմերից գրավված է+,
32 ծանծաղուտները վերցվել են+, պապիրուսե նավակներն այրվել են, և ռազմիկները տագնապի մեջ են ընկել»+։
33 Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Բաբելոնի դուստրը կալի նման է+։ Նրան կալսելու ժամանակն է։ Մի փոքր ևս, և կգա նրա հնձի ժամանակը»+։
34 «Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը կերավ ինձ+, նա ինձ շփոթմունքի մեջ գցեց. ինձ, ասես, մի դատարկ անոթ դարձրեց։ Մեծ օձի նման ինձ կուլ տվեց+, իր փորը իմ ունեցած հաճելի բաներով լցրեց։ Նա ինձ լվանալով սրբեց տարավ։
35 «Իմ ու իմ մարմնի նկատմամբ կատարված բռնությունը թող Բաբելոնի վրա լինի»,– պիտի ասի Սիոնի բնակչուհին+։ «Իմ արյունը թող Քաղդեայի բնակիչների վրա լինի»,– պիտի ասի Երուսաղեմը»+։
36 Դրա համար էլ այսպես է ասում Եհովան. «Ահա ես վարում եմ քո դատը+։ Ես կառնեմ քո վրեժը+, նրա ծովը կցամաքեցնեմ և նրա ջրհորները կչորացնեմ+։
37 Բաբելոնը քարերի կույտ կդառնա+, շնագայլերի որջ+, զարհուրելի տեսարան, որին նայելով՝ մարդիկ զարմանքից կսուլեն։ Այնտեղ մարդ չի բնակվի+։
38 Բոլորը մեկտեղ կմռնչան առյուծների պես և առյուծի կորյունների նման կմռլտան»։
39 «Երբ նրանք տաքանան, ես խնջույքներ կկազմակերպեմ նրանց համար և կհարբեցնեմ, որ զվարճանան+։ Նրանք կքնեն դարեդար և չեն արթնանա+,– ասում է Եհովան։–
40 Նրանց, ինչպես ոչխարների, սպանդանոց կիջեցնեմ կամ ինչպես խոյերի՝ նոխազների հետ»+։
41 «Ինչպե՜ս գրավվեց Սիսակը*+, և ինչպե՜ս զավթվեց ամբողջ երկրի Փառքը+։ Ինչպե՜ս Բաբելոնը զարհուրելի տեսարան դարձավ ազգերի մեջ+։
42 Ծովը վեր է ելել Բաբելոնի վրա։ Նրա ալիքների շատությունից այն ծածկվել է+։
43 Նրա քաղաքները զարհուրելի տեսարան են դարձել, անջուր երկիր և անապատ+. այնպիսի երկիր, որտեղ մարդ չի բնակվելու, և մարդու որդի այնտեղով չի անցնելու+։
44 Բաբելոնում պիտի պատժեմ Բելին*+ և նրա բերանից իր կուլ տվածը պիտի հանեմ+։ Ազգերն այլևս նրա մոտ չեն հոսի+։ Բաբելոնի պարիսպն էլ պիտի ընկնի+։
45 Դո՛ւրս եկ նրա միջից, ո՛վ իմ ժողովուրդ+, և ամեն մարդ թող ազատի իր հոգին+ Եհովայի բորբոքված բարկությունից+։
46 Այլապես ձեր սրտերը կահաբեկվեն+, և դուք կսարսափեք այն լուրից, որ կլսեք այդ երկրում։ Այդ լուրը կգա մեկ տարվա մեջ, և դրանից հետո մեկ ուրիշ տարում մեկ այլ լուր կգա, և բռնություն կլինի երկրում, իշխանը իշխանի դեմ դուրս կգա։
47 Դրա համար էլ ահա օրեր են գալիս, երբ ես ուշադրությունս կդարձնեմ Բաբելոնի կուռքերին+, նրա ողջ երկիրը ամոթով կմնա, և նրա բոլոր սպանվածները կընկնեն նրա մեջ+։
48 Երկինքն ու երկիրը և այն ամենը, ինչ կա նրանցում, պիտի ցնծան Բաբելոնի վրա+, որովհետև հյուսիսից պիտի գան նրան կողոպտողները+,– ասում է Եհովան։–
49 Բաբելոնի պատճառով ոչ միայն Իսրայելի սպանվածներն ընկան+, այլև ամբողջ երկրի սպանվածներն ընկան Բաբելոնի մեջ+։
50 Ո՛վ սրից ազատվածներ, գնացե՛ք, մի՛ կանգնեք+։ Հեռվում հիշե՛ք Եհովային+, և թող Երուսաղեմը ձեր սրտում լինի»+։
51 «Մենք ամոթով ենք մնացել+, որովհետև նախատինք ենք լսել+։ Նվաստացումը ծածկել է մեր երեսը+, որովհետև օտարները դուրս են եկել Եհովայի տան սուրբ վայրերի դեմ»+։
52 «Դրա համար ահա օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ ես ուշադրությունս կդարձնեմ նրա կուռքերին+, և նրա ողջ երկրով մեկ խոցվածները կհառաչեն»+։
53 «Եթե նույնիսկ Բաբելոնը վեր ելնի երկինք+ և իր զորության բարձրությունը անառիկ դարձնի+, իմ կողմից նրա վրա կողոպտիչներ կգան»+,– ասում է Եհովան։
54 «Լսեցե՛ք, Բաբելոնից աղաղակ է լսվում+, քաղդեացիների երկրից՝ մեծ կոտորածի ձայն+,
55 որովհետև Եհովան ավերում է Բաբելոնը, և նա կվերացնի բարձր ձայնը նրա միջից+, նրանց ալիքները կփոթորկվեն շատ ջրերի պես+, և կլսվի նրանց ձայների աղմուկը։
56 Նրա, այսինքն՝ Բաբելոնի վրա, կողոպտիչ պիտի գա+, և նրա զորեղ տղամարդիկ կնվաճվեն+։ Նրանց աղեղները կկոտրվեն+, որովհետև Եհովան հատուցող Աստված է+։ Նա անպայման կհատուցի+։
57 Ես կհարբեցնեմ+ նրա իշխաններին ու իմաստուններին, կառավարիչներին, փոխանորդներին ու զորեղ ռազմիկներին, և նրանք կքնեն դարեդար և չեն արթնանա»+,– ասում է Թագավորը+, որի անունը Զորքերի Տեր Եհովա է+։
58 Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Թեպետ Բաբելոնի պարիսպները լայն են, սակայն պիտի փուլ գան+, թեպետ նրա դարպասները բարձր են, սակայն հրով պիտի այրվեն+։ Ժողովուրդները զուր տեղը պիտի չարչարվեն+, և ազգերը կրակի համար պիտի աշխատեն+։ Նրանք ուժասպառ պիտի լինեն»։
59 Այս խոսքը Երեմիա մարգարեն պատվիրեց Մաասիայի+ որդի Ներիայի+ որդի Սարայիային, երբ նա Հուդայի Սեդեկիա թագավորի հետ նրա թագավորության չորրորդ տարում գնաց Բաբելոն։ Սարայիան սենեկապետ էր։
60 Երեմիան մեկ գրքի մեջ գրեց+ այն բոլոր աղետների մասին, որ պետք է գային Բաբելոնի վրա, այս բոլոր խոսքերը, որ գրված են Բաբելոնի դեմ։
61 Հետո Երեմիան ասաց Սարայիային. «Երբ որ գնաս Բաբելոն ու նրան տեսնես, բարձրաձայն կկարդաս այս բոլոր խոսքերը+։
62 Ապա կասես. «Ո՛վ Եհովա, դու ինքդ խոսեցիր այս վայրի մասին, որ բնաջինջ անես, որպեսզի նրանում բնակվող չլինի+՝ ո՛չ մարդ, ո՛չ անասուն, և որ այն ամայի վայր դառնա դարեդար»։
63 Երբ կարդաս վերջացնես այս գիրքը, դրան մի քար կկապես ու Եփրատի մեջ կնետես+։
64 Եվ կասես. «Ահա այսպես կընկղմվի Բաբելոնը ու երբեք չի բարձրանա այն աղետի պատճառով, որ բերելու եմ նրա վրա+։ Եվ նրանք ուժասպառ պիտի լինեն»»+։
Այստեղ ավարտվում են Երեմիայի խոսքերը։
Ծանոթագրություններ
^ Ակներև. սա Քաղդեայի անվանումն է։
^ Բառացի՝ «ազգերին սրբացրեք նրա դեմ»։
^ Բռց.՝ «ազգերին սրբացրեք նրա դեմ»։
^ Տե՛ս 25։26-ի ծնթ.։
^ Բաբելոնյան աստվածություն։