Ծննդոց 38։1-30
38 Այդ ժամանակ Հուդան հեռացավ իր եղբայրներից և վրան կանգնեցրեց ոդողոմացի+ մի մարդու մոտ, որի անունը Իրաս էր։
2 Այնտեղ Հուդան տեսավ մի քանանացու+ աղջկա. այդ քանանացու անունը Շավա էր։ Նա աղջկան կնության առավ և պառկեց նրա հետ։
3 Նա հղիացավ և որդի ծնեց, և Հուդան նրա անունը Էր+ դրեց։
4 Նա նորից հղիացավ և որդի ծնեց ու նրա անունը Օնան դրեց։
5 Հետո նա ևս մի որդի ծնեց ու նրա անունը Շելա դրեց։ Երբ կինը նրան ծնեց, Հուդան Աքզիբում էր գտնվում+։
6 Հետագայում Հուդան իր առաջնեկի՝ Էրի համար կին առավ։ Նրա անունը Թամար+ էր։
7 Սակայն Հուդայի առաջնեկը՝ Էրը, չար էր Եհովայի աչքին+, ուստի Եհովան նրան մահվան մատնեց+։
8 Այդ ժամանակ Հուդան ասաց Օնանին. «Պառկիր եղբորդ կնոջ հետ ու նրա հետ ամուսնանալով՝ կատարիր տեգրի պարտավորությունդ և եղբորդ համար սերունդ առաջ բեր»+։
9 Բայց Օնանը գիտեր, որ այդ սերունդը իրենը չի լինելու+, ուստի երբ հարաբերություն էր ունենում իր եղբոր կնոջ հետ, սերմը գետին էր թափում, որպեսզի սերունդ չտա իր եղբորը+։
10 Նրա արածը չարիք էր Եհովայի աչքին+, ուստի նրան էլ մահվան մատնեց+։
11 Այդ ժամանակ Հուդան ասաց իր հարս Թամարին. «Քո հոր տանը բնակվիր որպես այրի, մինչև իմ որդի Շելան մեծանա»+։ Նա այդպես ասաց, քանի որ մտածում էր. «Գուցե իր եղբայրների պես նա էլ մահանա»+։ Ուստի Թամարը գնաց և բնակվեց իր հոր տանը+։
12 Շատ օրեր անցան, և Շավայի աղջիկը՝ Հուդայի կինը+, մահացավ։ Երբ սգի օրերը լրացան+, Հուդան գնաց Թամնա+՝ իր ոչխարները խուզողների մոտ. նրա հետ գնաց իր ընկեր ոդողոմացի+ Իրասը։
13 Այդ ժամանակ Թամարին ասացին. «Քո սկեսրայրը գնում է Թամնա՝ իր ոչխարները խուզելու»+։
14 Դա լսելով՝ նա հանեց այրիության հանդերձները, շալով ծածկեց իրեն, քողով ծածկեց երեսը ու նստեց Ենայիմի մուտքի մոտ, որը գտնվում է Թամնայի ճանապարհին, քանի որ տեսնում էր, որ Շելան մեծացել էր, բայց ինքը նրան կնության չէր տրվել+։
15 Երբ Հուդան տեսավ նրան, կարծեց, թե մարմնավաճառ է+, քանի որ նա ծածկել էր իր երեսը+։
16 Ուստի նրան ճանապարհից մի կողմ տարավ և ասաց. «Թույլ տուր պառկեմ քեզ հետ»+։ Նա չգիտեր, որ նա իր հարսն է+։ Թամարը հարցրեց. «Ինձ հետ պառկելու դիմաց ի՞նչ կտաս»+։
17 Նա էլ պատասխանեց. «Ես հոտի այծերից մի ուլ կուղարկեմ քեզ»։ Բայց հարսը հարցրեց. «Մինչ ուղարկելդ գրավ կտա՞ս ինձ»+։
18 Հուդան ասաց. «Ի՞նչ գրավ տամ քեզ»։ Նա պատասխանեց. «Կնքամատանիդ+, թելը և այն գավազանը, որ քո ձեռքին է»։ Նա էլ տվեց դրանք ու պառկեց նրա հետ, և Թամարը հղիացավ նրանից։
19 Հետո նա վեր կացավ, իր վրայից հանեց շալը և հագավ այրիության հանդերձները+։
20 Հուդան իր ընկերոջ՝ ոդողոմացու+ միջոցով ուլն ուղարկեց, որպեսզի այդ կնոջ ձեռքից հետ վերցնի գրավը, բայց նա չգտավ նրան։
21 Այդտեղի մարդկանց նա հարցրեց. «Որտե՞ղ է այն տաճարային պոռնիկը+, որ նստած էր Ենայիմում՝ ճանապարհի մոտ»։ Բայց նրանք ասացին. «Այս վայրում երբեք այդպիսի պոռնիկ չի եղել»։
22 Այդ ժամանակ նա վերադարձավ Հուդայի մոտ ու ասաց. «Ես չգտա նրան։ Բացի դրանից, այդտեղի մարդիկ ասացին, թե՝ «այս վայրում երբեք տաճարային պոռնիկ չի եղել»»։
23 Ուստի Հուդան ասաց. «Թող դրանք իրեն վերցնի, որպեսզի մեզ վրա անարգանք չգա+։ Ինչևիցե, ես ուղարկեցի այս ուլը, բայց դու նրան չգտար»։
24 Երեք ամիս հետո Հուդային հայտնեցին. «Քո հարս Թամարը պոռնկություն+ է արել և հիմա հղի է»+։ Այդ ժամանակ Հուդան ասաց. «Դո՛ւրս հանեք և այրե՛ք* նրան»+։
25 Երբ նրան դուրս էին հանում, նա լուր ուղարկեց իր սկեսրայրին՝ ասելով. «Ես հղի եմ այն մարդուց, ում պատկանում են այս բաները»+։ Ապա ավելացրեց. «Ճանաչիր+, խնդրեմ, թե ում են պատկանում այս կնքամատանին, թելը և գավազանը»+։
26 Հուդան ճանաչեց դրանք ու ասաց+. «Նա ինձնից արդար է+, քանի որ իմ որդի Շելային չտվեցի նրան»+։ Դրանից հետո նա այլևս չպառկեց նրա հետ+։
27 Երբ նրա ծնելու ժամանակը եկավ, պարզվեց, որ նրա որովայնում երկվորյակներ էին։
28 Ծննդաբերության ժամանակ նրանցից մեկը դուրս հանեց ձեռքը, և մանկաբարձուհին անմիջապես նրա ձեռքի վրա կարմիր թել կապեց՝ ասելով. «Առաջինը սա դուրս եկավ»։
29 Հանկարծ նա հետ քաշեց իր ձեռքը, և հենց այդ պահին նրա եղբայրը դուրս եկավ, և մանկաբարձուհին բացականչեց. «Այս ի՞նչ է։ Ինչպե՞ս կարողացար պատռել-անցնել*»։ Ուստի նրա անունը Փարես*+ դրվեց։
30 Դրանից հետո դուրս եկավ նրա եղբայրը, որի ձեռքի վրա կարմիր թել կար, և նրա անունը Զարա*+ դրեցին։
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ շեքը պատռել։
^ Նշ. է «շեքային պատռվածք»։
^ Նշ. է «փայլատակում, ծագում»։