Ծննդոց 40։1-23
40 Այս բաներից հետո Եգիպտոսի թագավորի գինեմատույցն+ ու հացագործը մեղք գործեցին իրենց տիրոջ՝ Եգիպտոսի+ թագավորի դեմ։
2 Փարավոնը բարկացավ իր երկու պալատականների+՝ գլխավոր գինեմատույցի և գլխավոր հացագործի+ վրա։
3 Ուստի նրանց թիկնապահների+ պետի տան բանտը գցեց՝ այն բանտը+, որտեղ Հովսեփն էր բանտարկված։
4 Թիկնապահների պետը Հովսեփին նշանակեց, որ նրանց հետ լինի ու ծառայի նրանց+, և նրանք միառժամանակ բանտում մնացին։
5 Մի գիշեր+ նրանք երկուսը՝ Եգիպտոսի թագավորի գինեմատույցն ու հացագործը, որոնք բանտում+ կալանավորված էին, երազ+ տեսան. ամեն մեկն իր երազը տեսավ՝ յուրաքանչյուր երազն իր մեկնությամբ+։
6 Երբ առավոտյան Հովսեփը նրանց մոտ մտավ, տեսավ, որ ընկճված տեսք ունեն+։
7 Նա փարավոնի պալատականներին, որոնք իր հետ իր տիրոջ տան բանտում էին, հարցրեց. «Ինչո՞ւ է ձեր դեմքը այսօր մռայլ»+։
8 Նրանք էլ պատասխանեցին. «Մենք երազ ենք տեսել, բայց մեկնող չկա»։ Հովսեփն ասաց նրանց. «Չէ՞ որ մեկնությունը Աստծուց է+։ Պատմեք ինձ, խնդրեմ»։
9 Այդ ժամանակ գլխավոր գինեմատույցը Հովսեփին պատմեց իր երազը՝ ասելով. «Երազումս խաղողի մի որթատունկ տեսա։
10 Այդ որթատունկի վրա երեք ոստեր կային, և այն բողբոջում էր+։ Նրա վրա ծաղիկներ հայտնվեցին, և խաղողի հասած հատիկներով ողկույզներ աճեցին։
11 Փարավոնի գավաթը իմ ձեռքում էր։ Ես վերցրի խաղողը և քամեցի փարավոնի գավաթի մեջ+։ Հետո գավաթը տվեցի փարավոնի ձեռքը»+։
12 Այդ ժամանակ Հովսեփն ասաց. «Սա է դրա մեկնությունը+. երեք ոստերը երեք օրեր են։
13 Երեք օր հետո փարավոնը քեզ ազատ կարձակի* ու դարձյալ քո պաշտոնին կնշանակի+, և դու փարավոնի գավաթը նրա ձեռքը կտաս, ինչպես անում էիր նախկինում, երբ նրա գինեմատույցն էիր+։
14 Սակայն երբ քեզ մոտ ամեն ինչ լավ լինի, հիշիր ինձ+, խնդրում եմ, սիրառատ բարություն ցույց տուր իմ հանդեպ ու իմ մասին ասա փարավոնին+ և հանիր ինձ այս տնից,
15 քանի որ ինձ իրոք առևանգել են եբրայեցիների երկրից+, և այստեղ էլ ոչինչ չեմ արել, ինչի համար պետք է բանտի փոսը գցվեի»+։
16 Երբ գլխավոր հացագործը տեսավ, որ Հովսեփի մեկնությունը լավն էր, ասաց. «Ես նույնպես երազ տեսա. գլխիս երեք զամբյուղ կար՝ սպիտակ հացով լի,
17 և ամենավերևի զամբյուղի մեջ փարավոնի համար ամեն տեսակ ուտեստներ կային+՝ հացագործի թխած բաներից, և թռչունները+ ուտում էին իմ գլխի վրայի զամբյուղից»։
18 Այդ ժամանակ Հովսեփն ասաց. «Սա է դրա մեկնությունը+. երեք զամբյուղը երեք օրեր են։
19 Երեք օր հետո փարավոնը քեզ ազատ կարձակի* և գլուխդ կկտրի ու ցցից կկախի քեզ+, և թռչունները+ կուտեն քո մարմինը»։
20 Երրորդ օրը փարավոնի ծննդյան+ տարեդարձն էր, և նա իր բոլոր ծառաների համար խնջույք արեց ու նրանց աչքի առաջ ազատ արձակեց* գլխավոր գինեմատույցին և գլխավոր հացագործին+։
21 Այսպիսով՝ գլխավոր գինեմատույցին նա դարձյալ նշանակեց գինեմատույցի իր պաշտոնին+, և նա շարունակեց գավաթը փարավոնի ձեռքը տալ։
22 Բայց գլխավոր հացագործին նա կախաղան հանեց+, ինչպես որ Հովսեփը մեկնել+ էր նրանց։
23 Սակայն գլխավոր գինեմատույցը չհիշեց Հովսեփին. նա մոռացավ նրան+։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «կբարձրացնի քո գլուխը»։
^ Բռց.՝ «կբարձրացնի քո գլուխը»։
^ Բռց.՝ «գլուխը բարձրացրեց»։