Հեսու 10։1-43
10 Երբ Երուսաղեմի թագավոր Ադոնիսեդեկը լսեց, որ Հեսուն գրավել է Գային+ ու այն կործանման է մատնել+, որ Գայիի ու նրա թագավորի+ հետ վարվել է այնպես, ինչպես Երիքովի+ ու նրա թագավորի+ հետ էր վարվել, և որ Գաբաոնի բնակիչները խաղաղություն են կնքել Իսրայելի հետ+ ու նրանց մեջ են մնում,
2 նա շատ վախեցավ+, որովհետև Գաբաոնը մեծ քաղաք էր՝ թագավորանիստ քաղաքների նման, և Գայիից+ մեծ էր, ու նրա բոլոր մարդիկ զորավոր էին։
3 Այդ պատճառով էլ Երուսաղեմի+ թագավոր Ադոնիսեդեկը մարդ ուղարկեց Քեբրոնի+ թագավոր Հոհամի, Հերիմութի թագավոր+ Փիրամի, Լաքիսի+ թագավոր Հաբիեի և Եգլոնի+ թագավոր Դաբիրի մոտ ու ասաց.
4 «Բարձրացե՛ք ինձ մոտ և օգնե՛ք ինձ։ Եկեք հարվածենք Գաբաոնին, որովհետև խաղաղություն է կնքել Հեսուի և Իսրայելի որդիների հետ»+։
5 Ուստի ամորհացիների+ հինգ թագավորները՝ Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը, Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորը և Եգլոնի թագավորը, իրենք և իրենց բոլոր բանակները միասին հավաքվեցին ու վեր բարձրացան. նրանք բանակ դրեցին Գաբաոնի դիմաց և սկսեցին պատերազմել նրա դեմ։
6 Այդ ժամանակ Գաբաոնի բնակիչները մարդ ուղարկեցին Հեսուի մոտ, որը Գաղգաղայի+ մեջ գտնվող բանակում էր, ու ասացին. «Ձեռքդ մի՛ քաշիր քո ծառաներից+։ Շտապ մեզ մոտ եկ, ազատի՛ր մեզ ու օգնի՛ր, որովհետև ամորհացիների բոլոր թագավորները, որ բնակվում են լեռնային շրջանում, միասին մեր դեմ են հավաքվել»։
7 Հեսուն դուրս եկավ Գաղգաղայից, նրա հետ նաև բոլոր պատերազմող տղամարդիկ+ ու բոլոր զորավոր քաջերը+։
8 Եհովան ասաց Հեսուին. «Չվախենա՛ս նրանցից+, որովհետև քո ձեռքն եմ տվել նրանց+։ Նրանցից և ոչ մեկը չի կանգնի քո դեմ»+։
9 Եվ Հեսուն ամբողջ գիշեր Գաղգաղայից վեր բարձրանալով՝ անսպասելիորեն դուրս եկավ նրանց դեմ։
10 Եհովան խառնաշփոթ գցեց նրանց մեջ Իսրայելի առաջ+, և նրանք սկսեցին Գաբաոնում+ մեծ կոտորածով կոտորել նրանց։ Այնուհետև դեպի Բեթ-Օրոն բարձրացող ճանապարհին նրանց հետապնդելով՝ ջարդեցին մինչև Ազեկա+ ու Մակեդա+։
11 Եվ երբ նրանք Բեթ-Օրոնի զառիվայրով փախչում էին Իսրայելի առաջից, Եհովան նրանց վրա երկնքից մեծ քարեր+ թափեց մինչև Ազեկա, ու նրանք մահացան։ Կարկուտի քարերից մեռածներն ավելի շատ էին, քան Իսրայելի որդիների սրից սպանվածները։
12 Այդ ժամանակ Հեսուն խոսեց Եհովայի հետ այն օրը, երբ Եհովան ամորհացիներին Իսրայելի որդիների ձեռքը մատնեց, և Իսրայելի աչքի առաջ ասաց.
«Արեգա՛կ+, կա՛նգ առ Գաբաոնի+ վրա,
Եվ դու, լուսի՛ն, Այելոնի+ հովտի վրա»։
13 Արեգակը կանգ առավ, և լուսինը իր տեղում մնաց, մինչև որ ժողովուրդը կարողացավ վրեժ առնել իր թշնամիներից+։ Մի՞թե այս մասին գրված չէ Յաշարի*+ գրքում։ Արեգակը կանգնած մնաց երկնքի մեջտեղում ու չշտապեց մայր մտնել գրեթե ամբողջ օրը+։
14 Այսպիսի օր չէր եղել առաջ և ոչ էլ հետո եղավ, որ Եհովան լսեր մարդու ձայնը+, որովհետև Եհովան ինքն էր պատերազմում Իսրայելի համար+։
15 Դրանից հետո Հեսուն ամբողջ Իսրայելի հետ վերադարձավ բանակատեղի՝ Գաղգաղա+։
16 Իսկ հինգ թագավորները փախան+ ու թաքնվեցին քարայրի մեջ՝ Մակեդայում+։
17 Հեսուին տեղեկացրին՝ ասելով. «Այն հինգ թագավորներին գտան Մակեդայում քարայրի մեջ թաքնված»+։
18 Հեսուն էլ ասաց. «Քարայրի բերանին մեծ քարե՛ր գլորեք և մարդի՛կ նշանակեք, որ հսկեն նրանց։
19 Իսկ դուք մի՛ կանգնեք. հետապնդե՛ք ձեր թշնամիներին և թիկունքից հարվածե՛ք նրանց+։ Թույլ մի՛ տվեք, որ իրենց քաղաքները մտնեն, որովհետև ձեր Աստված Եհովան ձեր ձեռքն է մատնել նրանց»+։
20 Երբ Հեսուն և Իսրայելի որդիները մեծ կոտորածով նրանց կոտորեցին, մինչև որ նրանք սպանվեցին+, իսկ կենդանի մնացածները փախան ու բերդաքաղաքները+ մտան,
21 ամբողջ ժողովուրդը խաղաղությամբ վերադարձավ բանակատեղի՝ Հեսուի մոտ՝ Մակեդա։ Ոչ մեկը չհամարձակվեց որևէ բան ասել Իսրայելի որդիների դեմ+։
22 Այդ ժամանակ Հեսուն ասաց. «Բացե՛ք քարայրի բերանը և այդ հինգ թագավորներին հանե՛ք քարայրից և ինձ մո՛տ բերեք»։
23 Այդպես էլ արեցին. քարայրից նրա մոտ բերեցին այդ հինգ թագավորներին՝ Երուսաղեմի+ թագավորին, Քեբրոնի+ թագավորին, Հերիմութի թագավորին, Լաքիսի+ թագավորին և Եգլոնի+ թագավորին։
24 Երբ այս թագավորներին բերեցին Հեսուի մոտ, Հեսուն կանչեց Իսրայելի բոլոր մարդկանց և իր հետ գնացած զորապետներին ասաց. «Մոտեցե՛ք և ձեր ոտքերը այս թագավորների ծոծրակների վրա դրեք»+։ Նրանք էլ մոտեցան և իրենց ոտքերը նրանց ծոծրակների վրա դրեցին+։
25 Հեսուն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք+։ Ուժովացե՛ք և քա՛ջ եղեք, որովհետև այսպես է անելու Եհովան ձեր բոլոր թշնամիներին, որոնց դեմ դուք պիտի պատերազմեք»+։
26 Դրանից հետո Հեսուն հարվածեց նրանց ու սպանեց, ապա հինգ ցցերից կախեց։ Մինչև երեկո նրանք այդ ցցերից կախված մնացին+։
27 Արևամուտին Հեսուն հրամայեց, և նրանց ցցերի վրայից ցած իջեցրին+ ու գցեցին այն քարայրը, որտեղ նրանք թաքնվել էին։ Հետո քարայրի բերանին մեծ քարեր դրեցին, որոնք այնտեղ են մինչև այսօր։
28 Այդ օրը Հեսուն գրավեց Մակեդան+ և սրի քաշեց այն։ Նրա թագավորին ու նրա մեջ եղող բոլոր հոգիներին կործանման մատնեց և ոչ մեկին կենդանի չթողեց+։ Մակեդայի+ թագավորի հետ վարվեց այնպես, ինչպես վարվել էր Երիքովի թագավորի հետ։
29 Այնուհետև Հեսուն և իր հետ ամբողջ Իսրայելը Մակեդայից անցան Լեբնա ու պատերազմեցին Լեբնայի+ դեմ։
30 Եհովան այս քաղաքը ու նրա թագավորին էլ տվեց Իսրայելի ձեռքը. նրանք հարվածեցին այն ու նրանում եղող բոլոր հոգիներին սրի բերանով զարկեցին։ Ոչ մեկին կենդանի չթողեցին։ Նրա թագավորի հետ էլ վարվեցին այնպես, ինչպես Երիքովի թագավորի հետ էին վարվել+։
31 Ապա Հեսուն և իր հետ ամբողջ Իսրայելը Լեբնայից անցան Լաքիս+, նրա դեմ բանակ դրեցին ու նրա դեմ պատերազմեցին։
32 Եհովան Լաքիսը Իսրայելի ձեռքը տվեց, այնպես որ երկրորդ օրը քաղաքը գրավեցին։ Նրանք հարվածեցին այն ու նրանում գտնվող բոլոր հոգիներին սրի քաշեցին+, ինչպես որ Լեբնայի հետ էին վարվել։
33 Այդ ժամանակ Գազերի+ թագավոր Հորամը օգնության եկավ Լաքիսին։ Սակայն Հեսուն նրան ու նրա ժողովրդին էլ հարվածեց, մինչև որ նրանցից ոչ մեկին կենդանի չթողեց+։
34 Այնուհետև Հեսուն և իր հետ ամբողջ Իսրայելը Լաքիսից անցան Եգլոն+, նրա դեմ բանակ դրեցին ու նրա դեմ պատերազմեցին։
35 Այդ օրը գրավեցին այն և սկսեցին սրի բերանով զարկել, և նրանում գտնվող բոլոր հոգիներին այդ օրը կործանման մատնեցին, ինչպես որ Լաքիսի հետ էին վարվել+։
36 Հետո Հեսուն և իր հետ ամբողջ Իսրայելը Եգլոնից վեր ելան Քեբրոն+ ու սկսեցին պատերազմել նրա դեմ։
37 Նրանք գրավեցին ու հարվածեցին այն, նրա թագավորին ու նրա բոլոր քաղաքները և նրանում գտնվող բոլոր հոգիներին սրով կոտորեցին։ Նա ոչ մեկին կենդանի չթողեց, ինչպես որ Եգլոնի հետ էր վարվել։ Քաղաքը և նրանում եղող բոլոր հոգիներին նա կործանման մատնեց+։
38 Վերջապես Հեսուն և իր հետ ամբողջ Իսրայելը շրջվեցին դեպի Դաբիր+ ու պատերազմեցին նրա դեմ։
39 Նա զավթեց այն, նրա թագավորին ու բոլոր քաղաքները, և նրանք սրով կոտորեցին նրանց և նրանում գտնվող բոլոր հոգիներին կործանման մատնեցին+։ Ոչ մեկին նա կենդանի չթողեց+։ Դաբիրի ու նրա թագավորի հետ էլ վարվեց այնպես, ինչպես որ վարվել էր Քեբրոնի, նաև Լեբնայի ու նրա թագավորի հետ+։
40 Հեսուն հարվածեց ամբողջ երկիրը՝ լեռնային շրջանը+, Նեգևը+, Շեֆելան+ և լեռների ստորոտները+, ու նրանց բոլոր թագավորներին սպանեց։ Ոչ մեկին նա կենդանի չթողեց և ամեն մարդու*+ կործանման մատնեց+, ինչպես որ Իսրայելի Աստված Եհովան էր պատվիրել+։
41 Հեսուն հարվածեց նրանց Կադես-Բառնեայից+ մինչև Գազա+ և Գեսեմի+ ամբողջ երկիրը մինչև Գաբաոն+։
42 Նրանց թագավորներին ու նրանց երկիրը Հեսուն նվաճեց միաժամանակ+, որովհետև Իսրայելի Աստված Եհովան էր մարտնչում Իսրայելի համար+։
43 Դրանից հետո Հեսուն և իր հետ ամբողջ Իսրայելը վերադարձան բանակատեղի՝ Գաղգաղա+։